HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Չարչյան․ «Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն»

«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է»,- իր խափանման միջոցի հարցով դատական նիստի ընթացքում այսօր դատարանում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում նշանակված էր գործը դատական քննության նախապատրաստելիս Չարչյանի խափանման միջոցի հարցի լուծման վերաբերյալ դատական նիստ։

Դրա ընթացքում Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դիրքորոշում հայտնեց, որ առհասարակ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք չկա։ Բայց, այնուամենայնիվ, եթե դատարանը այդպիսի հիմք տեսնի, պաշտպանները միջնորդեցին Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։

«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես մի ամիս է՝ կալանքի տակ եմ։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որը մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն որակով, ինչ՝ ես։ Ամսական ես 200-250 վիրահատություն եմ կառավարում, վերահսկում այն բոլոր կլինիկաներում, որոնք ես եմ ստեղծել և որոնցում իմ աշակերտներն են աշխատում։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Մի ամիս 200-250 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձևով կատարման հնարավորությունից, 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Դա է գերակա շահը, հարգելի՛ դատարան»,- իր ելույթում նշեց Արմեն Չարչյանը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ որպես Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու հիմք նշվում է քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Ալեքսանյանն ասաց, որ այն ժամանակ, երբ գործի նախաքննությունն ավարտվում է, երբ արդեն գործով բոլոր ապացույցները հավաքված և գնահատված են լինում, անձի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը նվազում է․ սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումն է։ Քննությանը խոչընդոտելու ռիսկ կարող է առկա լինել նաև այն դեպքում, երբ գործով վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Ալեքանյանն այս հանգամանքին անդրադառնալով՝ նշեց, որ Չարչյանի վերաբերյալ գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, որոնք, սակայն, նրա դեմ ցուցմունք չեն տվել, հակառակ դեպքում պետք է նրանց և Չարչյանի միջև առերես հարցաքննություն իրականացվեր։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Նույն հոդվածը սահմանում է նաև, որ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:

Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ Չարչյանի կալանավորման հիմքերը պահպանվում են։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 21-ին։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է համացանցում մեկ ամիս առաջ հայտնված մի ձայնագրությունից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։

Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունք է դրսևորելու։

Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով, ապա նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը` մեկ ամիս ժամկետով: Մինչ կալանավորման մեկամսյա ժամկետի լրանալը, Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter