HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը Նատալի Լուազոյին ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ խախտումներն ու հանցագործությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները: Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը նաև ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները: Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից:

Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter