HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ որոշեց փոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը:

Չարչյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ խափանման միջով ընտրվեց գրավը՝ 15 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է համացանցում մեկ ամիս առաջ հայտնված մի ձայնագրությունից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։

Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։

Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով, ապա նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը` մեկ ամիս ժամկետով:

Մինչ կալանավորման մեկամսյա ժամկետի լրանալը, Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Վահե Միսակյանին: Երեկ դատարանը քննել էր Չարչյանի խափանման միջոցի հարցն ու հեռացել խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter