
Երիտասարդական պալատի տեղում կառուցապատում իրականացնելու շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվել
«Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ն նախկին Երիտասարդական պալատի տեղում կառուցապատում իրականացնելու շուրջ ակտիվ բանակցություններ է սկսել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Նախկին Երիտասարդական պալատի տարածքում կուտակված ավազը և բետոնախառնիչ սարքավորումները տպավորություն են ստեղծում, որ տարածքում շինարարություն է ընթանում կամ ընթանալու է, կամ էլ ավազի հանք է աշխատում։
Տարածքը փակ է, պահակակետի և անվտանգության աշխատակցի հսկողությամբ է մուտքն ու ելքն ապահովվում։ «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի (որին այժմ պատկանում է նախկին Երիտասարդական պալատի տարածքը) անվտանգության աշխատակիցը մեզ թույլ չտվեց մուտք գործել տարածք և տեսնել, թե ինչ վիճակում է այն, և ինչ ավազ է կուտակված այնտեղ։
ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանն ավելի ուշ պարզաբանեց, որ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք այնտեղ, գնված է, որի համար կան հաշիվ-ապրանքագրեր, և հանքի վերաբերյալ խոսակցություններն աբսուրդ են։ «Շինարարությունը, Աստված տա, սկսենք, դրանից հարյուրապատիկ շատ պետք է գնել»,- ասաց տնօրենը։
Մեր հարցին, թե տարածքը վաղուց ձեռք են բերել, սակայն ոչ մի կառուցապատում մինչ օրս չեն իրականացնում, ի վերջո, ինչ-որ բան լինելո՞ւ է Երիտասարդական պալատի փոխարեն, թե ոչ՝ Գևորգ Գևորգյանը պատասխանեց․ «Անպայման լինելու է։ Հիմա բանակցություններ են վարվում։ Ես չեմ ուզում մի քայլ առաջ ընկնել, հուսով եմ շատ շուտով կլսեք դրա մասին»։
Ինչի՞ վերաբերյալ են բանակցությունները, ի՞նչ է կառուցվելու այդ տարածքում, նախկին նախագիծն է իրականացվելու, թե նոր բան է նախատեսված՝ տնօրենը նույնպես չմանրամասնեց։ Ասաց՝ աշխատանքները շատ բուռն ընթանում են։
Հիշեցնենք, որ Երիտասարդական պալատը քանդվեց Երևանի քաղաքապետի 2005թ․ հոկտեմբերի 20-ի քանդման թույլտվության հիման վրա։ Սարալանջի և Տերյան փողոցների այդ հատվածը՝ Սարալանջ 1 հասցեն, համաձայն Կադաստրի կոմիտեից արտահանած տվյալների, 2014թ․ փետրվարից սեփականության իրավունքով պատկանում է 618 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ավանգարդ Սիթի» ՓԲԸ-ին։ Սա «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի քույր ընկերություններից է և ղեկավարվում է նույն տնօրենի՝ Գևորգ Գևորգյանի կողմից։ «Ավանգարդ մոթորս»-ը, հիշեցնենք, ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների ներմուծմամբ է զբաղվում և «Mercedes-Benz»-ի ներկայացուցիչն է։
Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ում միակ մասնակից գրանցված է օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում հիմնադրված «Բաքհոլդինգս Ս․Ա․» (Bakhjoldings S.A.) ընկերությունը։ Այս ընկերության վերաբերյալ տեղեկություններ բաց աղբյուրներում չկան, իսկ ԲՎԿ-ն, հիշեցնենք, ամենափակ օֆշորային գոտիներից է, որը բաժնետերերի մասին տեղեկություններ չի տրամադրում։
Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ տեղեկանքի՝ Երևանի Կենտրոն համայնքին պատկանող Սարալանջի 1 հասցեն իրեն կցված շենք-շինություններով ու հողամասով շուրջ 5 հա է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 7,5 մլրդ դրամ է։
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե ինչ է նախատեսվում Երիտասարդական պալատի նախկին տարածքում, կա, արդյո՞ք, ներկայացված որևէ նախագիծ։ Քաղաքապետարանը պատասխանել է, որ «Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոց հ.1, Աբովյան և Սարալանջ փողոցներին հարող հասցեներում հյուրանոցային համալիր, բիզնես կենտրոնի կառուցման համար «Ավանգարդ մոթորս» ՍՊ ընկերությանը Երևանի քաղաքապետարանի կողմից 2010թ․ հուլիսի 26-ին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Նախագիծը, սակայն, չի հաստատվել: Այլ քաղաքաշինական փաստաթղթեր չկան»:
Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009 թ. հոկտեմբերի 8-ին հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Հաղթող էր ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային (Arai Architects ընկերություն)։ Ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում էր «Ինտերկոնտինենտալ–Հայաստան» հյուրանոցային համալիրը, միջազգային գործարար կենտրոնը, բնակարանային համալիրը։
Նշենք, որ համաձայն առաջադրանքի՝ դրա գործողության ժամկետը 2 տարի էր սահմանվել, որը վաղուց անցել է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել