
Դատարանը քննում է Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, մեկնարկեց Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու, ինչպես նաև Սուքիասյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանի բողոքի քննությունը:
Սուքիասյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն` խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:
Գոռ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, թեև ընդունում է, որ Ամիրյան փողոցում ինքը կրակոց է արձակել: Պաշտպանը նշեց, որ գործում առկա է այնպիսի իրավական խնդիր, որի պարագայում իր պաշտպանյալը չի կարող կալանավորվել։ Թե ինչ խնդրի մասին է խոսքը, Միքայելյանը այս պահին չցանկացավ մեկնաբանել:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել: Միջադեպի ընթացքում ԱՄՆ-ի քաղաքացի մի տղամարդ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Ռոբերտ Սուքիասյանը, որը ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել: Նա ցուցմունք է տվել, հայտնել, որ կրակոցն ինքն է արձակել ինչպես նաև նշել, թե պաշտպանվելու նպատակով է կրակել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։
Մեկնաբանել