HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում հանդիպում է անցկացվել օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդների հետ

Հուլիսի 21-ին պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

«Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter