HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի կրակոցների գործով Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանն է։ Դրա հարևանությամբ գտնվող շենքի պատին փակցված է Գարեգին Նժդեհի նկարը, վրան գրված՝ «Կարդա՛ Նժդեհ, փրկի՛ր կյանքեր»։

Հենց այս հատվածին հարակից տարածքում են հուլիսի 14-ի գիշերը կրակոցներ հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Արձանից աջ բնակելի շենք է՝ երկու մուտքով, որի բնակիչները, սակայն, պնդում են, թե միջադեպի մասին տեղյակ չեն։ Մենք եղել ենք դեպքի վայրի հարակից տարածքում, բնակելի շենքում,  փորձել միջադեպին ականատես բնակիչներից մանրամասներ ճշտել, սակայն  բնակիչներն, ինչպես պարզվում է, կրակոցների ժամանակ եղել են Ջերմուկում, Արզնիում, բարեկամների տանը, տեղյակ չեն, թե հարևաններից ում են հարցաքննել, հարևանների հետ չեն շփվում, «գործ չունեն»։

Գորիսում միջադեպի մասին նախընտրում են լռել։ Պատճառն ամենայն հավանականությամբ, վախի մթնոլորտն է․ վիճաբանության մի կողմում, ըստ այս պահին եղած վարկածի, Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ՝ Տիգրան Խաչատրյանն է։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Տիգրան Խաչատրյանը գործով դատավարական կարգավիճակ չունի, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Հայտնի չէ նաև Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի գտնվելու վայրը։ Արթուր Մելիքյանը տեղեկացրեց, որ Կարեն Պողոսյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։ Նկատի ունենալով, որ Պողոսյանը  վարույթն իրականացնող մարմնից թաքնվում  է՝  նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան։

Նշենք, որ դեպքի վայրից հրազեն չի հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր։ Հրազենային վնասվածքներ ստացած անձինք Հարություն Վարդանյանն ու  Մելիքսեթ Բարսեղյանն են։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, իսկ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։ Մեր հարցին՝ հիվանդանոցում գտնվող անձինք հարցաքննվե՞լ են, Արթուր Մելիքյանն այս պահին նպատակահարմար չի համարում պատասխանել՝ նախաքննության շահից ելնելով։ ՔԿ նախագահի տեղակալը հայտնեց նաև, որ գործի քննության ընթացքում 16 բնակարան և 10 ավտոմեքենա է խուզարկվել՝ ինչպես հրազեն,  այլ իրեղեն ապացույց, այնպես էլ քննությունից թաքնվող անձանց հայտնաբերելու նպատակով։

Նշենք, որ քրեական գործն ի սկզբանե քննվել  է Սյունիքում, սակայն այս պահին տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter