HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյան․ «Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը այլընտրանք չունեն»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 22-ի նիստում մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ խոսեց Ազգային ժողովի ընտրության արդյունքների և սահմանային իրավիճակի մասին։

«Հուլիսի 17-ի հրապարակած որոշմամբ՝ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ»,- հայտնեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նախ շնորհավորեց իր գործընկերներին ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ապա նաև՝ խորհրդարան անցած ուժերին։

«Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյուքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային։

Որպես խորհրդարանական ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող և ժողովրդի կողմից ընտրված վարչապետ՝ ուզում եմ ասել հետևյալը․ ՔՊ կուսակցությունը Ազգային ժողովում և դրանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման։ Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելութան, բռնության խոսքից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ։ «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար։ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ իր ստանձնած գրավոր պարտավորությունը»։

Խոսելով նաև Սոթք-Խոզնավար հատվածի մասին՝ Փաշինյանը վերահաստատեց՝ Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային ետքաշման, ռուս և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման հայկական կողմի առաջարկը։

«Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունմ այլընտրանք չունեն։ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter