
Նիկոլ Փաշինյան․ «Վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ կա»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 22-ի նիստի մեկնարկին անդրադարձավ գրանցված աշխատատեղերի և եկամտային հարկի ցուցանիշներին։
«Վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ կա»,- հայտնեց Փաշինյանը, ապա խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տվյալներ ներկայացնել։
«Գրանցված վարձատրվող աշխատատեղերի թիվը 643 000 է։ Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող է։ Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 000-ով ավել է 2020 թվականի, 38000-ով՝ 2019 թվականի, 80 000-ով՝ 2018 թվականի ցուցանիշներից։ Հունիսի ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ։ 2020 թվականի նկատմամբ այն ավել է 19 մլրդ դրամով, 2019-ի նկատմամբ՝ 28 մլրդ դրամով, 2018-ի նկատմամբ՝ 40 մլրդով»,- հայտնեց ՊԵԿ նախագահը։
Հովհաննիսյանի խոսքով՝ բարձր ցուցանիշ է գրանցվել նաև եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով։
«Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի։ Հունիս ամսվա դրությամբ միջին աշխատավարձն ամսական 216 000 դրամ է։ 2020 թվականին այն եղել է 198 000, 2019-ին՝ 187 000, 2018-ին՝ 177 000 դրամ։ Ընդհանուր վճարվող և չվճարվող աշխատատեղերի թիվը 695 000 է»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։
Փաշինյանն էլ հայտնեց, որ այս տարվա առաջին վեց ամիսներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ է հավաքագրվել, քան 2018-ին։
«Սա այն պարագայում, երբ եկամտային հարկի դրույքաչափը էականորեն իջեցրել ենք»,- նշեց Կառավարության ղեկավարը։
Մեկնաբանել