
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է խստացնել ԵՄ-ում փողերի լվացման դեմ պայքարը
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի խստացման նոր պլանը։ Deutsche Welle-ն գրում է, որ ԵՄ գործադիր մարմինը առաջարկել է սահմանել կանխիկ վճարումների հստակ թույլատրելի սահման, սահմանափակել կրիպտոարժույթների կիրառումը, ինչպես նաև ստեղծել փողերի լվացման դեմ պայքարի նոր մարմին։
Եվրոպական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ապագայում Եվրամիության տարածքում հնարավոր կլինի կանխիկ վճարել առավելագույնը 10 հազար եվրո հաշիվ։ Ընդ որում, նախատեսվում է բացառություն անել միայն ֆիզիկական անձանց կամ այն անձանց միջև գործարքներին, որոնք չունեն բանկային հաշիվ։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրների մեկ երրորդը, ի տարբերություն Գերմանիայի և Ավստրիայի, արդեն իսկ սահմանել է կանխիկ վճարումների վերին թույլատրելի սահմանագիծ։
Financial crime is a serious threat.
— European Commission ?? (@EU_Commission) July 20, 2021
We present new proposals to strengthen the EU’s anti-money laundering and countering terrorism financing rules.
Our package ramps up our efforts to stop dirty money being washed through the financial system.
Բացի այդ, գործակալությունն առաջարկել է խստացնել բիթքոինների և մյուս կրիպտոարժույթների օգտագործման կանոնները։ Մասնավորապես, դրանց կիրառմամբ գործարքները պետք է ամբողջությամբ թափանցիկ լինեն, իսկ անանուն էլեկտրոնային դրամապանակները պետք է ամբողջությամբ արգելվեն ԵՄ տարածքում։ Նախատեսվում է նաև կանխարգելել կրիպտոարժույթների հնարավոր կիրառումը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործընթացում։
Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական այս նախաձեռնության կենտրոնական մասը Փողերի լվացման դեմ պայքարի նոր մարմնի (Anti-Money Laundering Authority, AMLA) ձևավորումն է։ Դրա խնդիրը կլինի տվյալ ոլորտում ԵՄ օրենսդրության կոնկրետ և հետևողական պահպանման ապահովման գործընթացի իրականացումը, ինչպես նաեւ ֆինանսական հետախուզության մարմիններին տրամադրել օգնություն՝ միջազգային ֆինանսական անօրինական հոսքերի հայտնաբերման դեպքում։
Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական այս նախաձեռնության փաթեթը կքննարկվի Եվրախորհրդարանում և ԵՄ անդամ երկրներում։ Եվրախորհրդարանը ողջունել է առաջարկը՝ այն անվանելով «ճիշտ ուղղությամբ վաղուց հասունացած քայլ»։
Լուսանկարը՝ Adobe Stock-ի
Մեկնաբանել