HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրոք համբերություններս սպառվում է...աչքիս շրջափակենք ՊԵԿ-ը

Բացում եմ ՊԵԿ-ի հարկային հաշիվների դուրսգրման e-invoicing ծրագիրը, լրացնում եմ մուտքանունս, գաղտնաբառս, սեղմում եմ մուտք գործելու կոճակը։ Սպասում եմ։

Հինգ րոպե, տասը րոպե, արձագանք չկա։ Այս տարի քիչ եմ օգտվել ծրագրից, բայց անցած տարի մուտք գործելուց խնդիրներ չեմ ունեցել։ Մտածում եմ, որ համակարգիչս «կախել է»։ Փակում եմ ծրագիրը և նույն գործողություններն եմ կրկնում։

Էլի նույնը՝ ոչինչ չի փոխվում։ Մտածում եմ՝ երևի ծրագրի նոր տարբերակ կա, պետք է թարմացնել։ Ծրագիրը ջնջում եմ համակարգչից, նորից ներբեռնում ու կրկնում եմ վերը թվարկված գործողությունները:

Ոչինչ չի փոխվում։ «Մուտք գործել» կոճակը սեղմելուց հետո ծրագիրը, կարծես, կանգնում է։ Որոշում եմ սպասել ու մյուս գործերով զբաղվել։ Վերջապես՝ մոտ մեկ ժամ անց, կարողանում եմ մուտք գործել։

Հարկային հաշիվ դուրս գրելու համար սեղմում եմ անհրաժեշտ կոճակը ու ծրագիրը նորից սառչում է, կես ժամից բացվում է նոր պատուհան՝ «Տվյալ պահին հնարավոր չէ կապ հաստատել սերվերի հետ, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ»։ Մտածում եմ՝ երևի ծրագրային խնդիր է, վաղը կփորձեմ։

Հաջորդ օրը նորից նույն պատմությունը։ Վերջապես զանգում եմ մի հաշվապահի, որն ասում է՝ e-invoicing և հարկային հաշվետվությունների ծրագրերը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գրեթե չեն գործում, հնարավոր չէ աշխատել, միայն գիշերը ուշ, երբ ՊԵԿ-ի սերվերները «թեթև» են։

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար մտնում եմ մասնագիտացված հաշվապահական և հարկ վճարողների ֆեյսբուքյան խմբեր ու տեսնում, որ հաշվապահները բողոքում են՝ ծրագիրը չի աշխատում, ՊԵԿ-ը լուռ է, թեժ գիծ զանգելն անիմաստ է, բոլորը վրդովված են և զայրացած։

Խմբերից մեկի մեկնաբանություններում մի օգտատեր նույնիսկ առաջարկում է. «Իրոք համբերություններս սպառվում է...աչքիս շրջափակենք ՊԵԿ-ը»։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի քննարկման հարթակում՝ «Taxpayers and taxes» ֆեյսբուքյան խմբում, քննարկումները առավել ակտիվ են։

Խնդիրն այնքան է խորացել, որ կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին նշում է իր գրառման մեջ և խնդրում բացատրել, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Ինչին նախարարը պատասխանում է՝

Փայլակ Թադևոսյանը կարծում է, որ համակարգն ամբողջովին վերանայել է պետք, քանի որ ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրվել։

Ինձ հետ զրույցում Թադևոսյանը ասում է, որ սերվերների թարմացման և ընդլայնման խնդիրը պարբերաբար առաջանալու է, քանի որ համակարգում փաստաթղթերը գեներացվում են pdf ֆորմատով, դրանց ծավալը մեծ է, և սերվերները «լցվում» են։ Բացի այդ, ծրագրով որևէ գործողություն անելը բարդանում է, քանի որ ցանկացած գործողություն արվում է ՊԵԿ-ի սերվերների մեջ, առցանց, իրական ժամանակում։

Ծրագրային խափանումների պատճառով տուժում են ծրագրից ամեն օր օգտվող բոլոր տնտեսվարողները։

Կան ընկերություններ, որոնք հարկային հաշիվները դուրս են գրում նախորդ գիշերը ու ապրանքների առաքումները անում են հաջորդ օրը։ Բայց կան ընկերություններ, որ հաշիվները դուրս են գրում հենց առաքման ժամանակ։

Այսպես աշխատող ընկերություններից մեկի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի հաշվապահ Լիլիթ Ադոնցն ինձ ասաց, որ իրենց աշխատանքը տուժել է ծրագրի դանդաղ լինելու կամ ընդհանրապես չաշխատելու պատճառով։

«Երբ համակարգը խափանվել էր, մեր առաքիչները 40 րոպե և ավել մի խանութում սպասում էին, ինչի պատճառով էլ չէին կարողանում բոլոր առաքումները և պատվերները կատարել։ Եթե սովորական դեպքում օրական մտնում էին մոտ 100 խանութ, խափանումների ժամանակ հազիվ 40 խանութ էին մտնում»,- պատմում է Լիլիթը։

Օր է եղել, որ ծրագրում դուրս գրված հին հաշիվների որոշ մասը չկար, որոշ մասն էլ վնասված էր, իսկ վնասված հաշիվները հաստատել հնարավոր չէր։

Երբ ծրագիրն ընդհանրապես չի աշխատել, Լիլիթը զանգել է ՊԵԿ-ի թեժ գիծ, որտեղ նրան օպերատորներից մեկը կոպտել է, ասել, որ իրենց ծրագիրը ընտիր աշխատում է. «մուննաթով խոսեց ինձ հետ այդ աշխատակիցը ու ասաց, որ խնդիրը մեր մեջ է, համակարգիչը ստուգենք»։

Հաշվապահ Ռոբերտ Գալստյանը պատմեց, որ շաբաթը երկու անգամ զանգել է ՊԵԿ-ի թեժ գիծ և հարկային հաշիվների դուրսգրման համակարգի չաշխատելու վերաբերյալ բողոք է գրանցել տվել, իսկ ՊԵԿ-ի տեխնիկական սպասարկման թեժ գիծը չի պատասխանել։

Ռոբերտի կարծիքով, ճիշտ հաշվապահության համար անընդհատության սկզբունքն է կիրառելի, որը խախտվում է։

«ՊԵԿ-ի սահմանված ընթացակարգով՝ յուրաքանչյուր բողոքի մասին պատասխան կարող ենք ունենալ բողոքի ներկայացման հաջորդ ամսվա 10-ից հետո։ Եթե ես, օրինակ, հունիսի 5-ին զանգել և բողոք եմ գրանցել, ապա խոսքը հենց այդ օրվա բողոքի մասին է։ Ու ստացվում է, որ եթե ես այդ բողոքի պատասխանի համար պիտի սպասեմ մոտ 40 օր, ապա իմ բողոքի արդիականությունը կորչում է»,- ասում է Ռոբերտը։

Ըստ կարգավորումների՝ եթե ծրագրային խափանումները չեն շտկվում, ՊԵԿ-ը կարող է տեղեկացնել հարկ վճարողներին, որ հաշիվները դուրս գրեն թղթային կրիչների վրա, մինչև ծրագրային խնդիրները կլուծվեն։

Փայլակ Թադևոսյանի խոսքով՝ ՊԵԿ-ը տարիներ շարունակ ծրագրային խնդիրների մասին տեղեկությունը ուշացնում է և հարկատուներին կամ չի տեղեկացնում, կամ շատ ուշ է տեղեկացնում, որ կարող են հաշիվները դուրս գրել թղթային կրիչների վրա։

Լիլիթն ու Ռոբերտը նույնպես հաստատեցին, որ ՊԵԿ-ն ունի հարկ վճարողներին խնդիրների մասին տեղեկությունը ժամանակին հայտնելու խնդիր։

Էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանի պատասխանից մեկ օր անց ՊԵԿ-ը վերջապես տարածեց հայտարարություն՝ տնտեսավարողներին առաջարկելով աշխատել թղթային կրիչներով:

Լիլիթի խոսքով՝ դա ընդհանրապես հարմար չէ, անցած խափանման ժամանակ թղթով աշխատել են, բայց այս անգամ նախընտրել են սպասել մինչև խափանումները կշտկվեն։

«Թղթային հաշիվը պետք է հենց այդ նույն պահին գրես, այն պիտի ստորագրված և կնքված լինի առաքիչի մոտ, բայց մեր առաքիչները դրսում են, շրջում են խանութներով, թղթի վրա հաշիվները նրանց միանգամից տալու հնարավորություն նույնիսկ ֆիզիկապես չկա»,- ասում է Լիլիթը։

Գյումրիում սուպերմարկետներից մեկի մենեջեր Արման Մովսիսյանը պատմեց, որ ծրագրային խնդիրների պատճառով դանդաղում կամ կանգնում է ոչ միայն ապրանքներ մատակարարող տնտեսվարողների, այլև խանութների գործունեությունը։

«Կան ապրանքներ, որոնց հաշիվներն առաքիչները իրենց հետ չեն բերում, մենք պիտի մտնենք համակարգ, թղթերը տպենք, հանենք և դնենք փոխանցման, լինում են դեպքեր, երբ պիտի ստուգես հաշիվների ճշտությունը, այսինքն՝ մենք e-invoicing ծրագրի մշտական օգտվողներից ենք։ Վերջին ամսին, ամիսուկեսը, բառի բուն իմաստով, համակարգում մի կոճակ սեղմելը կարող էր տևել լավագույն դեպքում 40 րոպե։ Պահեր են եղել, որ բազան դատարկ է եղել։ ՊԵԿ-ը կարող է ասել, որ օրվա ընթացքում խափանումները մեկ կամ երկու ժամ են եղել, բայց փաստն այն է, որ օրվա մեջ տարբեր ժամերի մենք չենք կարողացել այդ ծրագրից օգտվել»,- պատմեց Արմանը։

Ուշագրավ է, որ ծրագրի խափանված լինելու օրերին ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել և ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի աշխատանքներում օգտագործելու համար:

Վերջիվերջո, բազմաթիվ բողոքների արդյունքում ՊԵԿ-ն ընդունում է խնդիրը և հայտարարություն տարածում

Եղել են օրեր, երբ համակարգն ընդհանրապես չի աշխատել, ՊԵԿ-ը հայտնել է, որ այն դանդաղ է աշխատել, և որ խնդիրը պայմանավորված է նրանով, որ սերվերների հզորությունը «տարիներ շարունակ չի թարմացվել», այսպիսով՝ ներկա խնդիրները մասամբ կապելով նախկին ղեկավարության հետ։

Թադևոսյանի կարծիքով՝ խնդրի հնարավոր լուծումներից մեկն այն է, որ հաշվարկային հաշիվների դուրսգրման գործընթացը տեղի ունենա ծրագրի ինտերֆեյսում, այնուհետև որոշ ժամանակ անց տվյալները ուղարկվեն ՊԵԿ-ի սերվերներ։

Մոտավորապես այնպես, ինչպես գործում է ՀԴՄ-ների համակարգը՝ տնտեսվարողը տպում է ՀԴՄ-ն, որն ունի հստակ հերթական համար, այնուհետև սարքն այդ տվյալներն օրվա ընթացքում ուղարկում է ՊԵԿ-ի սերվերներ։

Հոդվածը հրապարակելու պահին համակարգն արդեն նորմալ էր աշխատում։ Բայց հաշվի առնելով տարիների փորձը և մասնագետների կարծիքը՝ նոր խափանումներ ապագայում էլ կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter