HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նորքի զինված խմբի» գործով դատարանում հետազոտվեց իրեղեն ապացույց զենք-զինամթերքը

«Նորքի զինված խումբ» անունը ստացած գործով այսօրվա դատական նիստին դատարանում հետազոտվեցին գործում առկա իրեղեն ապացույցները, որոնց թվում՝ մեծ քանակի զենք, զինամթերք։

Իրեղեն ապացույցները պայուսակներով ու պարկերով բերվում էին դատարան, բացվում, հետազոտվում, ապա  փաթեթավորվում ու կնքվում։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործով, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Գործը դատարանում է 2016 թվականից։ Այն ի սկզբանե քննել է դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն շուրջ երեք տարի անց դեռևս դատական ակտ չկայացրած, Բեկթաշյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Այսօր դատարանում  հետազոտելու նպատակով բացված տուփերից մեկի մեջ նույն մոդելի մեծ թվով հեռախոսներ էին, որոնք, ըստ գործի նյութերի, պատկանում էին խմբի անդամներին։ Ամբաստանյալների մեծ մասը, սակայն, հայտնեց, որ չի հիշում՝ հեռախոսն իրենն է, թե՞ ոչ։ Խմբի անդամներից միայն Նելլի Մինասյանը հայտարարեց, որ նման հեռախոս երբևէ չի ունեցել։

Հետազոտված իրեղեն ապացույցների մեջ նոթատետրեր կային, որոնցում՝ ըստ դատախազության, գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություներ են առկա։ Յուրաքանչյուր իրեղեն ապացույց հետազոտելիս դատարանը ճշտում էր՝ խմբի անդամներից որևէ մեկին դրանք պատկանում  են, թե՞ ոչ։ Երբ հետազոտվում էր նոթատետրերից մեկը, ամբաստանյալներից Ասյա Կաթանյանն ասաց, որ այն իրենն է։ Վայրկյաններ անց հետևի շարքից լսելի եղավ ամբաստանյալներից Նելլի Մինասյանի ցածր ձայնը։ «Ասյա, սո՛ւս մնա»,- ասաց Մինասյանը։

Դատարանում հետազոտված իրերի մեջ կային պայթուցիկ նյութեր, փամփուշտեր, ինքնաձիգեր, հակատանկային և հակահետևակային նռնականետեր, երկփողանի հրացան, որին ամրակցված էր «Մակարով» տեսակի ատրճանակ, կացին։ Հետազոտված «Կալաշնիկով» ինքնաձիգերից մեկը խլացուցիչով էր։

Հետազոտված ապացույցների մեջ կային նաև Հայաստանի դրոշներ՝ վրան՝ առյուծներ պատկերված։ Առգրավված թղթերից մեկի վրա ՀՀ սահմանադրության տեքստից հատվածներ կային, մեկ այլ թղթի վրա էլ առկա էր գրառում՝ «գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները»։ Առկա էին նաև մի քանի քարտեզներ՝ Հայաստանի Հանրապետության, առանձին քաղաքների՝ Երևանի, Գյումրու, Սիսիանի, որոնց վրա առկա էին կարմիր գույնով արված նշումներ։ Քարտեզներից մեկի վրա ընդգծված էին Էրեբունու թանգարանը, Ազգային ժողովի շենքը։ Գործով առգրավված իրերի մեջ էր նաև Սահմանադրական դատարանի շենքի սխեման։

Իրեղեն ապացույցներից մի քանի պայուսակը հագուստներ էին։ Դրանցից մեկում առկա էր ոստիկանական մի քանի համազգեստ։ Խմբի անդամներից Արա Պողոսյանն, ով նախկինում ոստիկան է եղել, հայտարարեց, որ դրանք իրենն են, առգրավվել են ոչ թե Նորք Մարաշի տնից, այլ իր բնակարանից։ Առկա էին նաև  համազգեստի նմանվող այլ հագուստներ, որոնց վրա փակված էր «հատուկ գումարտակ» գրառումը։ Պայուսակներից մեկի մեջ մեծ թվով ձեռնոցներ էին, զրահաբաճկոններ։ Զրահաբաճկոններից երկուսն Արթուր Վարդանյանին ծանոթ չէին, բայց հավանեց։ «Լավն էին»,- իրեղեն ապացույցները մոտ տարածությունից ուսումնասիրելուց հետո ասաց Վարդանյանը։ Իրեղեն ապացույցների մեջ նաև նոր հագուստ կար։

«Անցանք թազա շորերին»,- կատակեց Մեսրոպ Մակյանը, իսկ նոր շորերը տղամարդու մի քանի վարտիք էր։

Պայուսակներում առկա էին նաև ռադիոկապի միջոցներ։ Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը հայտնեց որ դրանք ոչ թե պրոֆեսիոնալ կապի միջոցներ են, այլ սիրողական։

Դատարանում հետազոտված ապացույցներից մեջ անօդաչու թռչող սարք կար։ Արթուր Վարդանյանը հայտարարեց, թե դա երեխայի խաղալիքն է, վրան գրված է՝ մինչև 14 տարեկան երեխաների համար։ Դատախազը, տուփն ուսումասիրելով, ասաց, թե վրան գրված է 14 տարեկանից բարձր երեխաների համար:

Իրեղեն ապացույցների հետազոտումից հետո ամբաստանյալ Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ իրեղեն ապացույցների մեջ չկային իր անձնական մի քանի իրերը՝ օրինակ՝ ամուսնական մատանի, ժամացույց, որոնց, սակայնմ արձանագրությամբ վերցվել են։

«Բացի այդ, ես ունեի նոթատետր որտեղ գրված էր պատերազմական գործողությունների ընթացքում Արցախում հողեր հանձնելու մասին, բայց այդ նոթատետրն այս իրեղեն ապացույցների մեջ չկար: Կային էլի քարտեզներ, որոնք այստեղ չկային, որտեղ նշված էին, թե ինչպես են մեր նախկին իշխանությունները կազմակերպել մեր զինվորների արյան գնով Արցախի հողերը հանձնելը: Փաստացի կա այն՝ ինչ հետաքրքրում էր մեղադրող կողմին ու նախկին իշխանություններին, որի հիման վրա ստեղծել են մի գործ, որ մեզ ցույց տան, որպես հանցագործներ: Բաց ինչ վերաբերում է թալանելուն, այդ փաստերը չկան»,-եզրափակեց Վարդանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter