HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հոգեբանական ի՞նչ խնդիրներ են ստիպված հաղթահարել պատերազմում զոհվածների ընտանիքները

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն-Հայաստան» բարեգործական հիմնադրամի (SOAR) աշխատակիցները արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունները սկսել էին 2020 թվականի դեկտեմբերից: Նպատակը՝ օգնել մարդկային կորուստ ունեցող ընտանիքների անդամներին, հատկապես` անչափահաս երեխաներին հաղթահարելու վիշտը, մեկուսացվածությունը, վաղվա օրվա նկատմամբ առաջացած վախն ու անորոշությունը: Հիմնադրամը ներկայում ցուցաբերում է աջակցություն (դրամական եւ հոգեբանական) 54 ընտանիքի չորս մարզի համայնքներից՝ Շիրակ(8), Լոռի(21), Արագածոտն(14) եւ Կոտայք(1):  

«Ֆինանսական աջակցությունը՝ 50 հազար դրամի չափով, տալիս ենք բոլոր ընտանիքներին ամեն ամիս՝ անկախ տան անդամների քանակից: Հոգեբանական աջակցություն մեր աշխատակիցների կողմից ստանում են նախ մեծահասակները, նրանց միջոցով աշխատում ենք շտկել երեխայի խաթարված ներաշխարհը: Բացի հոգեբանական աջակցությունից, անվճար հիմունքներով լուծում ենք նաեւ տվյալ ընտանիքների անդամների մոտ առաջացած առողջապահական խնդիրները: Բացի այդ, կանանց համար ուսուցում ենք կազմակերպում այն ուղղվածությամբ, որ իրենք են ցանկանում՝ կար ու ձեւ, հաշվապահական գործ, խոհարարական հմտություններ, վարսավիրություն եւ այլն: Զինվորականների ընտանիքներում շատ հաճախ միակ աշխատողն եղել է ամուսինը, կինը չի աշխատել եւ հիմա, երբ ընտանիքը զրկվել է կերակրողից, սա հոգեբանական մեծ հարված է ոչ միայն մարդկային կորստի առումով, այլեւ ապագայի ծրագրերին ու երազանքներին, որ ունեցել են համատեղ կյանքում»- ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը։

Հռիփսիմեն բերում է մեկ ընտանիքի օրինակ: Կինը կորցրել է ամուսնուն պատերազմի ժամանակ, ապրում է Շիրակի մարզի գյուղերից մեկում: Վիշտն ու անորոշությունը ստիպել էին երիտասարդ կնոջը մեկուսանալ հասարակությունից: Երկու անչափահաս փոքրիկներին հասու չէր հոր կորստյան փաստը, սակայն մոր ընկճված վիճակն ազդում էր նաեւ նրանց վրա: Ընտանիքին հայտնաբերել է հիմնադրամը, աշխատել են կնոջ հետ, փորձել հասկանալ կարիքները: Կինը ցանկություն է հայտնել տորթերի պատրաստման ու ձեւավորման դասընթացների մասնակցել: 

«Ինքն այս պահին դեռ շարունակում է ուսումը, սակայն արդեն պատվերներ ունի, մեզ լուսանկարներ է ուղարկում իր պատրաստած տորթերից, մենք վճարում ենք իր ուսուման ծախսը, նյութերի ձեռքբերման հարցում ենք աջակցել: Եվ հիմա կարելի է ասել, որ կինն իրեն ավելի ինքնավստահ է զգում, կյանքը ինքնուրույն շարունակելու վստահություն է առաջացել»,-զրույցին է միանում սոցիալական աշխատող Տաթեւ Թումասյանը։

Շիրակի մարզից զոհված զինծառայողների 8 ընտանիքներից երեքը բնակվում են գյուղական համայնքներում, իսկ հինգը՝ Գյումրիում: Տաթեւի փոխանցմամբ՝ կարիքներ ունեցող ընտանիքներին սովորաբար իրենք են հայտնաբերում, մեկ-երկու նախնական այցելությամբ փորձում են հասկանալ մեծահասակների հետ տարվող աշխատանքն է առավել կարեւոր, թե՞ անչափահասների, շատ հաճախ դրանք զուգակցվում են: 

«Լինում են ընտանիքներ, որ պետք է սկսենք հենց ծնողից, քանի որ նրանց անկայուն հոգեկան վիճակն է, որ ազդում է երեխաների վրա: Կան դեպքեր, որ ընդհակառակը, մեծերը կարծես թե աշխատում են ամեն ինչ անել, որ երեխայի հոգեվիճակը կարգավորվի, սակայն՝ անհաջող: Նման դեպքերում սովորաբար առանց հոգեբանի աջակցության, առանց համակցված աշխատանքի՝ խնդիրը չի կարգավորվում»,- նկատում է Տաթեւը:

Հիմնադրամի սոցիալական աշխատակիցներից Արուսյակ Գրիգորյանն հիմնականում այցելում է Արագածոտնի մարզից ընտրված ընտանիքներին: Արուսյակը պատմում է մի ընտանիքի խնդիրների մասին՝ առանց անուններ նշելու: Ընտանիքի հայրը բարձրաստիճան զինվորական էր, ծառայությունն իրականացրել է Հադրութում, ընտանիքը եւս բնակվել է այնտեղ: Ամուսնու զոհվելուց հետո կինը 6-ամյա աղջկա եւ 8-ամյա տղայի հետ տեղափոխվել է Հայաստան՝ սկեսրայրի ու սկեսրոջ հետ ապրելու

«Այս ընտանիքում ոչ միայն վիշտն էր ազդում երեխաների վրա, այլեւ օտարվածությունը՝ չկար հուզական կապվածություն տատիկ-պապիկի հետ: Դե հասկանալի է՝ զինվորականի ընտանիք, հիմնականում ապրել են այնտեղ, որտեղ նշանակել են հայրիկին, երեխաները տեսել են միայն ծնողներին, կապվածությունը միայն նրանց հետ է եղել։ Խնդիրն ավելի շատ տղայի հետ էր՝ անծանոթների հետ չէր ուզում շփվել, անգամ չէր պատկերացնում, որ պետք է ուրիշ դպրոց գնա, որ հին ընկերներն այլեւս չի տեսնելու: Հոր բացակայության հետ կապված մեծ սխալ էր թույլ տվել նաեւ մայրը՝ թաքցնելով մահվան փաստը, եւ ստելով, որ գնացել է հեռու տեղ: Ու երեխաներն անընդհատ սպասողական վիճակում էին»,- պատմում է Արուսյակը։

Իրականությունը թաքցնելով՝ շատ ավելի մեծ հարված է հասցվում երեխայի հոգեբանությանը: Հնարավոր չէ անընդհատ ստել հոր բացակայության հետ կապված: Ճշմարտությունը մի օր բացահայտվելու է եւ ավելի ցավոտ է, եթե դա չի արվում հարազատի կողմից:

«Երեխային անգամ գերեզմանատուն չէին տարել եւ տղան հստակ համոզված էր, որ հայրը հետ է գալու: Մայրը մի սխալ բան էլ էր արել․ երեխային ասել էր՝ եթե ցածր գնահատական ստանաս՝ պապան չի գա, ու երեխան կաշվից դուրս էր գալիս, որ ամեն տեղ դրական արդյունք ցույց տա, իսկ ցածրի դեպքում ընկնում էր դեպրեսիայի մեջ: Մենք սկսեցինք աշխատել մոր հետ, բացատրեցինք, որ ուշ թե շուտ պետք է ասել ճշմարտությունը, եւ որքան շուտ, այնքան լավ»,- նկատում է Արուսյակը՝ նշելով, որ սկզբնական շրջանում, երբ տղային հարցնում էին, թե ինչ կուզի, որ ձմեռ պապը բերի, ասում էր՝ ավտոմատ տվեք, գնամ թուրքերին խփեմ, ոչնչացնեմ, ջարդեմ՝ միաժամանակ չհասկանալով, որ հայրը չկա:

«Հիմա, իհարկե, ամեն ինչ հարթված է այն առումով, որ երեխաներն ապրիլ ամսից արդեն գիտեն ճշմարտությունը, ընդունել են այն, տղան անգամ սկսել է հպարտանալ, որ հայրը հերոս է, որ մեդալ է ստացել, եւ եթե հայրը չպաշտպաներ հայրենի սահմանն, ինքն հիմա եւս չէր լինի»,- նշում է հիմնադրամի սոցիալական աշխատակիցը։

Ընտանիքներում, որտեղ մարդկային կորուստ կա, շատերի համար նյութական աջակցությունից առավել սփոփիչ է լսելի լինելու հանգամանքը: «Սա եւս մեր այցելությունների արդյունքում եղած բացահայտումներից էր, որովհետեւ շատերն էին շեշտում, որ նյութական աջակցությունն էական չէ, իրենք ուրախ են, որ դուռ բացող կա, իրենցով հետաքրքրվող կա ու իրենց լսող կա, իրենց խնդիրները կիսող կա։ Համարում եմ, որ պետք է ուշադիր լինենք նման ընտանիքների նկատմամբ, որտեղ կորուստ կա։ Պարզ, մարդկային, ջերմ վերաբերմունքը կարող է շատ պրոբլեմներ հարթել»,- ասում է հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը։

Գլխավոր լուսանկարը՝ SOAR-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter