HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ս․ Դիոնին

Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ հանդիպեց վերջերս Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց նշանակված Ստեփան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

«Հայկական պատվիրակությունը ողջունեց պարոն Դիոնի նշանակումը՝ իբրև Հայաստանում Կանադայի հետագա ներկայացվածությունն ապահովելու գործում կարևոր քայլ։ Հանձնախմբի կողմից նշվեց առկա խնդիրների այն մեծ շրջանակը, որին ներկայումս բախվում է Երևանը, և այն առանցքային դերը, որը Կանադան կարող է ունենալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում:

Չնայած այն հանգամանքին, որ պարոն Դիոնի առաքելությունը հիմնականում ուղղված է հայկական ժողովրդավարության ամրապնդմանը, հայկական պատվիրակությունը նաև շեշտեց Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական վարչակարգերի կողմից Հայաստանի անվտանգության դեմ ստեղծած մարտահրավերների լուծման առաջնահերթ կարևորությունը, քանի որ դրանք առաջացնում են ներքին անկայունություն և Հայաստանում ժողովրդավարության խոչընդոտներ։ Ընդգծվեց, որ առանց օգնելու Երևանին լուծել իր անվտանգային մարտահրավերները, գործնականում անհնար կլինի դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի կառավարման գործընթացում:

Հայ դատի պատվիրակությունը կարևորեց Կանադայի կողմից Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ուղղակի ներդրումների միջոցով բարձր մակարդակի բարձրացնել երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը: 

Պատվիրակությունը ողջունեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների բարելավմանը միտված Կանադայի հանձնառությունը` հատկապես ներկայիս իշխանությունների գործողությունների ավտորիտար միտումների, քաղաքական ընդդիմության հետ անառողջ հարաբերությունների, վերջին ընտրարշավի բացասական հռետորաբանության, անկախ ու պաշտպանված դատական համակարգ և քաղաքացիական ծառայություն ունենալու անհրաժեշտության լույսի ներքո: 

Հանդիպման ավարտին Հայ դատի ներկայացուցիչները պարոն Դիոնին ներկայացրեցին առաջարկությունների նախնական ցուցակ և պայմանավորվեցին շարունակել կառուցողական ներգրավվածությունը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter