HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քիմիական ինստիտո՞ւտ, թե՞ բազմաֆունկցիոնալ համալիր․ վիճահարույց կառուցապատման ծրագիրը

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։ 

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն կլինի, որտեղ կբացվի 120 աշխատատեղ, իսկ մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ 2019 թ-ի սեպտեմբերի 29-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան։

«Երևանի քաղաքապետարան դիմում է ներկայացվել Ազատության 26/1 հասցեի ԳԱԱ ՆՕՔԻ-ի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար, ընկերության ճարտարապետահատակագծային առաջադրանքը, և էսքիզային նախագիծը չի հաստատվել։ Երևանի քաղաքապետարանը դիմումը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, քանզի  քննարկվող տարածքը գտնվում է Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շուրջ գտնվող հուշարձանների պահպանության գոտու սահմաններում»,- հայտնել են քաղաքապետարանից։ 

ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է, որ նշված տարածքը հանդիսանում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ «Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» տեղական նշանակության հուշարձան:

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը մեր հետ զրուցյում նշում է, որ տվյալ հողատարածքի սեփականության վկայականում ոչ մի սահմանափակում չկա գրանցված. «ԿԳՄՍ-ն առաջնորդվում է մի փաստաթղթով, որն ընդամենը նախագիծ է։ 2012 թ-ին մշակույթի նախարարությունը ստեղծել է պահպանման գոտիների նախագիծ և վերցրել են քաղաքի հուշարձանները և դրանց շուրջ ինչ-որ բաներ են նկարել և ասում են, որ պահպանման գոտիներ են, որը իրավաչափ չէ։ Հիմա մեր սեփականությունը հանդիսացող հողի մեջ ոչ մի հուշարձան չկա»։

Ազատության 26/1 հասցեն գտնվում է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիների նախագծով հաստատված թիվ 2.1 կառուցապատման կարգավորման գոտում, որտեղ գործում է պայմանակարգ։ Այն է՝ պահպանական գոտիներում հնարավոր է իրականացնել նաև կառուցապատման աշխատանքներ, սակայն նորակառույցների ճարտարապետական լուծումները յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է թելադրվեն տվյալ միջավայրի պատմաճարտարապետական պահանջներից:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը նշում է, որ քիմիական հինգ մասնաշենքերի մեջտեղում ցանկանում են բնակելի համալիր կառուցել՝ վտանգելով ինստիտուտի լինելիություն։ 

«Ինստիտուտը քիմիական գործունեությամբ է զբաղվում, քիմիական արտանետումներն անխուսափելի են, այդ իսկ պատճառով բնակելի համալիրն ու ինստիտուտն իրար կողքի չեն կարող լինել։ Մեկ տարի առաջ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը եկավ ինստիտուտ, ասաց՝ 12 հարկ ունեցող բնակելի համալիր են կառուցելու, սակայն հասկանալով, որ հիմնականում երիտասարդներս ենք դեմ ջրավազանի տարածքում շինարարության իրականացմանը, ասաց, որ մեզ մատչելի գնով բնակարաններ կտան, պատասխանեցինք, որ իրենց հետ խոսելու բան չունենք, այնուամենայնիվ շեշտեցին, որ իրականացնելու են շինարարությունը»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը:

Ռոբերտ Հակոբյան

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ իրենց թիմը հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ, առաջարկել իրենց օգնությունը ինստիտուտի հետագա զարգացման համար. «Մենք ինստիտուտի աշխատակիցներին առաջարկել ենք բնակարաններ, եթե  դրա կարիքն ունեն՝ «Երիտասարդ գիտնականների համար մատչելի գնով բնակարաններ» ծրագրի շրջանակում, ինչը դրական արձագանք չստացավ աշխատակիցների կողմից»։

Գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ ինստիտուտ են եկել Պետական գույքի կառավարման կոմիտեից և չափագրել են ջրավազանի տարածքին հարող երեք կանաչապատ կողմերը։ Տարածքը մոտ 2500 քմ է, սակայն ինստիտուտի աշխատակիցները դեմ են հողատարածքի վաճառքին և առցանց ստորագրահավաք են իրականացրել: Միևնույն ժամանակ 2020 թ-ին Ռոբերտ Հակոբյանը և ինստիտուտի գիտական համայնքի 212 ներկայացուցիչ դիմել են պետական վերահսկողական ծառայություն՝ պարզելու գործընթացի օրինականությունը: Նրանց դիմումին ի պատասխան՝ ստացել են տեղեկատվություն, որ իրականացվել է մշտադիտարկում, որտեղ նշված է՝ «մասնավոր ընկերությանը պատկանող լողավազանին  հարակից տարածքը կարող է օտարվել միայն գիտությունների ազգային ակադեմիայի համաձայնությամբ»։ Բացի այդ ՊՎԾ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ մշտադիտարկում իրականացնողի կողմից այդ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցումը գնահատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պետական քաղաքականության նպատակին հակասող։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ Ազատության 26/1 հասցեում ՆՕՔԻ-ի մոտ գտնվող ջրավազանին հարակից երեք կողմերը առանձնացվել են որպես առանձին գույքային միավոր և Ազատության պողոտա 26/10 հասցեով գրանցվել է համապատասխան հողամասը: Նշված հողամասն ի սկզբանե նախատեսված է եղել ներկայացնել օտարման, սակայն որոշ ժամանակ հետո հողամասի օտարման գործընթացը դադարեցվել է: Այս մասով Արտաշես Վարդանյանը նշում է, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն ցանկացել է գնել այդ տարածքը ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար, իսկ վերգետնյա մասը՝ կանաչապատելու. «Ինչ-որ պահից ստիպված եղանք հրաժարվել այդ տարածքից, որովհետև հասկացանք, որ ավելի շատ խնդիրներ ենք ունենում։ Ամեն դեպքում մեր սեփականությունը հանդիսացող հողատարածքը 3000 քմ է, և այդտեղ էլ կարող ենք կառուցել ավտոկայանատեղին»։

Ռոբերտ Հակոբյանն էլ նշում է, որ ինստիտուտի համար ջրավազանն ունի արտակարգ իրավիճակների կանխարգելիչ և անվտանգային նշանակություն, մինչդեռ 2007 թվականից ջրավազանի տարածքն արդեն չի պատկանում ինստիտուտին, չնայած այն փաստին, որ ջրավազանը գտնվում է ինստիտուտի դարպասների ներսում, ամեն դեպքում ինստիտուտի աշխատակիցները դե յուրե  իրավունք չունեն մեկ այլ սեփականատիրոջ հողատարածքը մշակել, ջուր լցնել ջրավազանը։

Դեռևս 2009 թ-ին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Թոփուզյանը հարցում է ուղղել Երևանի հրդեհային տեսչության պետ Հ. Հակոբյանին՝ խնդրելով տեղեկություն տալ ինստիտուտին անհրաժեշտ ջրավազանի ծավալի վերաբերյալ։ Դրան ի պատասխան Հակոբյանը նշել է, որ տվյալ դեպքում կենտրոնի տարածքում անհրաժեշտ է ունենալ 250 խորանարդ մետր ջրավազան։ Արտաքին հրդեհաշիջման 5000-25000 խոր. մետր ծավալ ունեցող շինության համար անհրաժեշտ է 20 լ/վրկ ջուր՝ 2-6 հարկերի դեպքում։ 

Արտաշես Վարդանյանը գտնում է, որ ինստիտուտն ու բազմաֆունկցիոնալ համալիրը միասին համատեղելի են, որովհետև  ինստիտուտը գիտահետազոտական է, և իրավական առումով քաղաքի որևիցե վարչական տարածքում չի կարող այնպիսի արտադրություն լինել, որը կվնասի բնակչությանն ու շրջակա միջավայրին, հակառակ դեպքում ինստիտուտը պարտավոր է գրանցել արտանետումների մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։

ՆՕՔԻ-ի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած մասնավոր տարածքում իրականացվելիք շինարարության հարցը քննարկվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած N 17-րդ նիստում և չի արժանացել հավանության:

Արտաշես Վարդանյանը վստահեցնում է, որ շինարարության գործընթացը ընթացքի մեջ է, սակայն երկրում ստեղծված ռազմական և տնտեսական վիճակից ելնելով ներդրումային ծրագիրը հետաձգվել է, որի պատճառը ամենևին էլ ինստիտուտը չէ։

Հեղինակ՝ Շուշանիկ Միսկարյան, Անի Ղուլինյան, Աննա Արզումանյան

Համակարգող՝ Տիրայր Մուրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter