HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արխիվային սխալների պատճառով քաղաքացիները կենսաթոշակ ստանալու համար դիմում են դատարաններ

Անտոնին Արագած գյուղում բոլորը Անդրանիկ գիտեն: Անտոնը անձնագրային անունն է, որն օգտագործվում է միայն պաշտոնական փաստաթղթերում: 1980-ականներին նա աշխատել է գյուղի կոլտնտեսությունում:  Կոլտնտեսականի աշխատաստաժի և աշխատավարձի հաշվառման ամփոփ մատյաններում նրա անուն-ազգանունը մի դեպքում գրառվել է Անդրանիկ, մեկ այլ դեպքում՝ Անտոն:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի անցնելու նպատակով 2020թ. դեկտեմբերին դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն բաժնից դիմումը մերժվել է: Հայտնել են, որ 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։ Քանի որ դիմողի՝ Անտոն անունով փաստաթղթերում աշխատանքային ստաժը կազմել է մոտ 5 տարի, ուստի կենսաթոշակ նշանակելու դիմումը մերժվել է: Ծառայությունից հայտնել են նաև, որ տվյալ պարագայում դիմողը կենսաթոշակ ստանալու համար կարող է դիմել 65 տարին լրանալուց հետո:

Սոցիալական ապահովության ծառայությունը երբեմն արհեստական վեճ է առաջացնում, ինչը դատական գործը ձգձգելու պատճառ է հանդիսանում: Մասնավորապես, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմումն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հատուկ վարույթի շրջանակում:

Հատուկ վարույթի գործերը հիմնականում ավելի արագ են լուծվում դատարանի կողմից և տարիներ չեն տևում: Պատճառն այն է, որ այս դեպքում ներկայացվում է դիմում և չկա նյութաիրավական վեճ: Պարզապես դիմողը դատարանից պահանջում է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, ինչպես Անտոնի դեպքում էր:

Օրենքով նախատեսված է, որ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին:

Ծառայությունը երբեմն չնշելով որևէ կոնկրետ վեճ խնդրում է դիմումը թողնել առանց քննության, ինչը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացին նոր հայցով դիմի ծառայության դեմ, ինչը լրացուցիչ ռեսուրսի վատնում է: Օրինակ, որպես «վեճ» ծառայությունը նշում է այն հանգամանքը, որ վճիռը հանդիսանալու է ծառայության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ակտ, քանի որ նման փաստի հաստատումն ինքնին ենթադրում է հետագայում որոշակի գործողությունների կատարում, մասնավորապես՝ կենսաթոշակի նշանակում:

Սովորաբար նման դեպքերում նոտարները չեն հաստատում իրավաբանական նշանակություն ունեցող նշված փաստը և տարբեր անուններով հայտնի անձանց չեն նույնացնում: Քաղաքացիները ստիպված են լինում իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել դատարաններ, ինչը ոչ միայն ժամանակի, այլև ֆինանսական միջոցների կորուստ է: 

Ոչ իրենց մեղքով քաղաքացիները կամ երկու տարի զրկվելու են կենսաթոշակ ստանալու իրավունքից կամ՝ ստիպված են փաստաբան ունենալ, դատական հայց ներկայացնել և վերականգնել խախտված իրավունքները:

Պարզվում է նման դեպքերը եզակի չեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկ կատարելու, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու և կենսաթոշակին վերաբերող այլ պահանջներով 2019-2021թթ. սոցիալական ապահովության ծառայության դեմ ներկայացվել է 162 հայցադիմում, որից 59-ը ներկայացվել է 2019թ-ին, 65-ը՝ 2020թ, իսկ 38-ը՝ 2021թ. մայիսի 20-ի դրությամբ:

Ուշագրավն այն է, որ 2019թ. 59 դատական գործերից 26-ը լուծվել է քաղաքացիների օգտին, 10-ը մերժվել է, իսկ 23 գործ մայիսի 20-ի դրությամբ գտնվել է վերաքննության փուլում: Ստացվում է, որ 2 տարվա ընթացքում քաղաքացիները կամ թոշակ չեն ստացել, քանի որ վճիռը բողոքարկվել է կամ քիչ ստացել, եթե սոցիալական ապահովության ծառայության սխալ հաշվարկի հետևանքով քիչ է վճարվել:

2020թ-ին մուտքագրված 65 հայցադիմումից 17-ն է բավարարվել, 5-ը մերժվել է, իսկ 45-ը այս տարվա մայիսի 20-ի դրությամբ գտնվել է դատաքննության փուլում:

«Հարուցված և ավարտված դատական գործերի ամփոփման և ծառայության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում ներկայացվում են խնդրո առարկա հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ»,-նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվության պատասխանատու Զ. Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter