HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շմոլ գազից թունավորման դեպքի գործով ամբաստանյալի աթոռին է տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության փականագործը

2019 թվականի ապրիլի 5-ին Շտապօգնությունը կանչ է ստացել Ավան վարչական շրջանի հասցեներից մեկում շմոլ գազից թունավորման վերաբերյալ: Շտապօգնության բժիշկները, հասնելով նշված հասցե, շենքի բնակիչներից մեկից ճշտել են բնակարանի հասցեն, վերջինիս հետ մտել տուն, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին, ևս երկու անձ, որոնք, ինչպես հետագայում պարզվել է, մահացածի բարեկամներն են, եղել են հատակին ընկած՝ անգիտակից վիճակում: Վերջիններիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ թեև նրանց առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Բնակարանում գազօջախը եղել է միացված, ջուրը՝ բաց:

Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, շուրջ երկու տարի անց գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի աթոռին «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊ ընկերության Երևանի գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության Նոր Նորք- Ավան տեղամասի փականագործ Արսեն Հակոբյանն է: Վերջինս մեղադրվում է անվտանգության կանոններին չհամապատասխանող ծառայություն մատուցելու մեջ, մեղադրանքը չի ընդունում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, այսօր կայացավ գործով 1-ին դատական նիստը, որի ընթացքում դատախազ Նարեկ Թոփուզյանն ընթերցեց Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, Արսեն Հակոբյանը, հանդիսանալով, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊ ընկերության Երևանի գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության Նոր Նորք-Ավան տեղամասի փականագործ, պարտավոր լինելով զննել գազօգտագործող սարքավորումների ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքները, զննել ծխաօդատար ուղիներում քարշի առկայությունը, ստուգել գազասպառման համակարգի գագօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը գազասպաոման համակարգի նախագծին և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, իրականացնել գազասպաոման համակարգի, այդ թվում օդածխատար ուղիների համալիր սպասարկում, ինչպես նաև նշված գործառույթների իրականացման արդյունքում պարտավոր լինելով խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել հայտնաբերված խախտման էությունից բխող համարժեք կանխարգելիչ միջոցառումներ, Երևան քաղաքի Ավան համայնքի Արտաշես Շահինյան փողոցի 25ա հասցեում մատուցել է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ: Մասնավորապես ՝վերոգրյալ իրավական ակտերի պահանջների խախտմամբ չի բացահայտել և չի արձանագրել տվյալ տան խոհանոցի օդատար ուղում քարշի բացակայությունը, ծխաօդատար ուղու կառուցվածքային ամբողջականության փոփոխությունը (նախագծային խախտումը), օդատար համակարգի՝ տանիքի գագաթի համեմատ բարձրության անհամապատասխանությունը, օդի ներածման համար խոհանոցի դռան և հատակի միջև անհրաժեշտ բացվածքի բացակայությունը, խոհանոցի դռան բացման անճշտությունը, որից հետո գազօջախը չի անջատել իր գազի սնուցման պողպատյա խողովակից, չի խցափակել գազի սնուցման իջուցիկ պողպատյա խողովակի վրա առկա փականը, չի կնքել հոլոգրաֆիկ կնիքով, ինչպես նաև «Գազասպառման համակարգում հայտնաբերված խախտումների ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման» արձանագրությամբ չի արձանագրել նշված թերությունները:

Վերոգրյալի արդյունքում խոհանոցում չի իրականացվել ներհոս և արտահոս օդափոխություն, ինչի հետևանքով գազօջախի շահագործման ժամանակ առաջացած այրման արգասիքները ամբողջությամբ դուրս չեն մղվել դեպի մթնոլորտ, լցվել են խոհանոց, առաջացրել մարդու առողջության համար վտանգավոր քանակի շմոլ գազի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում խոհանոցում, հանգեցրել նշված հասցեի խոհանոցում ներհոս և արտահոս օդափոխության չիրականացման, շմոլ գազի կուտակման, ինչի արդյունքում վերոնշյալ հասցեի բնակչուհի Հայասինե Մարգարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վերջինիս հյուրերին՝ Ա.Մ.-ի և Ա.Հ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ամբաստանյալ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա պաշտպան Յուրի Խաչատրյանը նշեց, որ մեղադրանքը ներկայացվել է փորձագետի եզրակացության հիման վրա, որը սուբյեկտիվ է,  կատարվել է թերի, հաշվի չի առնվել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ  մատակարար-բաժանորդ պայմանագրով բաժանորդը ևս ունեցել է պարտավորություններ, որոնք չի կատարել:

Մասնավորապես՝ ըստ պաշտպանի՝ մինչ դեպքը բնակարանում գազասարքը եղել է հոլոգրաֆիկ կնիքով կնքված, որն արգելված է եղել միացնել և շահագործել, քանի որ բնակարանում գազի շահագործման հետ կապված խնդիրներ են արձանագրվել, կազմվել է արձանագրություն: Ըստ Խաչատրյանի՝ դեպքի օրը հոլոգրաֆիկ կնիքը եղել է պոկված վիճակում, սակայն վերը նշված ելակետային տվյալը փորձագետին չեն տրամադրվել, վերջինս լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն չի իրականացրել, որի հետևանքով իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել:

Դատարանն այսօր սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի՝ նախ  կհետազոտվեն գործում առկա ապացույցները, ապա կհարցաքննվեն  տուժողները, դրան կհաջորդի ամբաստանյալի հարցաքննությունը: Այսօր դատարանը սկսեց գործում առկա ապացույցների հետազոտումը, որը, սակայն ավարտին չհասցրեց՝ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին: Նշենք, որ տուժող կողմն ու ամբաստանյալն առարկել են տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ, վերջիններս չցանկացան նաև դեպքի վերաբերյալ մեզ մանրամասներ հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter