HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում 10 700 հեկտար հող չի մշակվում ոռոգման ջրի կամ ներքին ցանցի բացակայության պատճառով

Արմավիրի մարզում ոռոգման ջրի սակավության, բացակայության, ինչպես նաև ոռոգման ցանց չլինելու պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 700 հա հողամաս: Լուրջ դժվարություններ են ստեղծվում հատկապես մարզի 25 համայնքում:

Հանրապետությունում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող 71 համայնքից 25-ը գտնվում են Արմավիրի մարզում: Եթե այս շոգ օրերին այլ համայնքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման համար ջուր անհրաժեշտ է 3-4 օրը մեկ, ապա գերնորմատիվային հողերում՝ 2 օրը մեկ:

Չորս համայնքի՝ Նոր Կեսարիա, Հուշակերտ, Հացիկ, Նորավան, հողերը ևս գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող են, սակայն դրանք ընդգրկված չեն 2003թ.-ին հետազոտված համայնքների ցանկում: Արմավիրի մարզպետարանը լրացուցիչ առաջարկություն է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի լրացուցիչ ճշգրտվեն ինչպես գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ցանկն, այնպես էլ համայնքների ներսում հողատարածքների չափերը:

Հացիկ համայնքում, ըստ մարզպետարանի տրամադրած տվյալների, 656 հա ոռոգվող հողերից միայն 8 հա-ի վրա են բանջաբոստանային մշակաբույսեր ցանել: Համայնքում գերակշռում են խաղողի ու պտղատու այգիները, համապատասխանաբար՝ 106 հա և 491 հա: Այգիները համեմատաբար ավելի քիչ ջրի կարիք ունեն:

Նույն վիճակն է նաև գերնորմատիվային համարվող Ակնալիճ համայնքում: Այս տարի Ակնալճում ոռոգվում է 353 հա հողատարածք, որից բանջարբոստանային մշակաբույսերի զբաղեցրած տարածքը կազմում է մոտ 32 հա, խաղողի և պտղատու այգիներինը՝ 253 հա:

«Էջմիածին» ՋՕԸ–ն սպասարկում է 50 համայնք՝ 8200 հա հողատարածքով: Ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր համայնքներում խորքային հորերի ջուրն այս տարի պակասել է: Վայրկյանում 3-5 լիտր պակաս ջուր են ստանում, ինչը բերում է պոմպերի ավելի երկար աշխատելուն: Ծանրաբեռնված պոմպերն էլ շարքից դուրս են գալիս, ինչի համար երբեմն օրեր են պետք լինում կարգի բերելու համար:  Բացի այդ, ջրի պակասի հետևանքով գյուղացիներն ավելի երկար են ոռոգում, առաջանում են ջրի պակաս և հերթերի կուտակում:

Արամ Սարգսյանի փոխանցմամբ՝ օրինակ Ակնալիճ համայնքում խորքային հորերի ջուրը բավականին իջել է, գրեթե անհնար է դառնում ջուր արտամղելը: Իսկ համայնքի տարածքում գտնվող համանուն լճի մակարդակն ամեն օր է իջնում:

«Հոռետես չեմ, բայց առավելագույնը 3 տարի հետո այդտեղից չենք կարողանա ջուր վերցնել»,- ասում է ՋՕԸ-ի տնօրենը:

Նույն վիճակն է նաև Արաքս համայնքում, որտեղ պոմպակայանը չի սպասարկում հողօգտագործողներին: Տեխնիկապես ամեն ինչ կարգին է, անսարքություն չկա, սակայն, ըստ Ա. Սարգսյանի՝ խորքային հորում ջուր չլինելու պատճառով պոմպակայանը չի աշխատում:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ ոռոգման ջրի կամ ներքին ցանցերի բացակայության պատճառով չմշակվող հողատարածքները գյուղատնտեսական արտադրության մեջ ներառելու համար անհրաժեշտ է 27 համայնքում հորատել 54 խորքային հոր, 21 համայնքում վերանորոգել 70 խորքային հոր, կառուցել 273 կմ և վերանորոգել 107 կմ ներտնտեսային ցանց, ինչպես նաև 9 համայնքում կառուցել 12 պոմպակայան:

Ոռոգման ներտնտեսային ցանցերի բարելավման խիստ անհրաժեշտություն կա հատկապես Արգավանդ, Արտաշար, Երասխահուն, Մրգաշատ, Ակնալիճ, Բաղրամյան (Էջմիածնի տարածք), Նորակերտ, Բաղրամյան (Բաղրամյանի տարածք), Արտամետ, Մյասնիկյան, Տալվորիկ, Շենիկ, Քարակերտ, Բագարան, Եղեգնուտ համայնքներում: Նշված համայնքներում հողօգտագործողներն ունենում են ջրի մեծ կորուստ և ոռոգման ջրամատակարարման լուրջ դժվարություններ:

Մարզում ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է մոտ 254 կմ երկարության միջտնտեսային և 4705 կմ ներտնտեսային ցանցի, 358 խորքային հորերի և 50 պոմպակայանի միջոցով:

Ըստ Արթուր Այվազյանի՝ մարզի գլխավոր և միջտնտեսային ջրանցքների վիճակը բավարար է, սակայն անմխիթար վիճակում են գտնվում ներտնտեսային ցանցերը, որտեղ ջրի կորուստը հասնում է 20-40%-ի՝ հատկապես գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում:

Վերջին տարիներին զգալի բարելավվել է ոռոգման ցանցի վիճակը: 2019թ.-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ավարտվել է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի 600 հա ներքին ցանցի կառուցումը: Այն կաթիլային ցանց է, որի արժեքը կազմել է մոտ 459 մլն դրամ:

ՋՕԸ-երի միջոցներով ամբողջովին վերականգվել է 3 խորքային հոր, իսկ 2020թ.-ին 6 համայնքում հորատվել է 6 և վերականգնվել է նույնքան խորքային հոր:

Շարունակվում է Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը: Վերականգնվելու է 39 համայնքի 93,610 մետր ցանց: Այս ծրագրին 10% մասնակցություն են ունենում համայնքները: Շինարարության արժեքը կազմում է 2 մլրդ 89 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերով 118 մլն դրամ արժեքով վերականգնվել է 4 համայնքի ներտնտեսային ցանց և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter