HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապահովագրությունը՝ կատարած ծախսերի հատուցման այլընտրանք

2019թ. սեպտեմբերից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։ Սկզբում ծրագիրը գործում էր մի քանի մարզերում, այժմ ընդգրկում է Հանրապետության ողջ տարածքը: Ապահովագրվում են ծիրանի, խաղողի, սալորի, խնձորի, դեղձի այգիները, ինչպես նաև հացահատիկի (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլի, ձմերուկի և սեխի ցանքատարածությունները: Ապահովագրության ռիսկը գարնանային ցրտահարությունը, կարկտահարությունն ու հրդեհն են: 

Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի բնակիչ Ասլան Ասլանյանը 2020թ. փորձնական ապահովագրել էր 4000 քմ խաղողի այգին և 1 հա ցորենի դաշտը: Խաղողի այգու ապահովագրավճարը կազմել է 13,600 դրամ, որի կեսը փոխհատուցել է պետությունը:

Նախորդ տարի Գրիբոյեդով համայնքի հողօգտագործողները բնական աղետներից չեն տուժել: Ասլանն էլ որևէ հատուցում չի ստացել, հետևաբար դժվարացավ նշել, թե արդյոք իրեն արդարացնում է նոր ներդրված գյուղապահովագրությունը: Սակայն, կարծում է, որ բոլոր դեպքերում վատ չի լինի:

Ա. Ասլանյանն այս տարի պայմանագիր չի կնքել, սակայն, ինչպես ինքն է ասոււմ, «թարսի պես» վնաս է կրել ու մնացել առանց փոխհատուցման: Ապահովագրություն իրականացնող ընկերությունների աշխատակիցները չեն այցելել գյուղ, այդ է պատճառը, որ գրիբոյեդովցիները նախորդ տարվա մոտ 10 պայմանագրի դիմաց այս տարի պայմանագրեր չեն կնքել:

«Այս տարի 2.5 մլն դրամ փող եմ դրել հողի վրա: Մայիսի 23-ին տեղացած կարկուտը 70 տոկոսով ջարդել է 2.5 հա ձմերուկը, 8000 քմ խաղողի այգին, 7 հա էլ ցորենի դաշտը: Դիմել ենք մարզպետարան, ասում են, եթե ապահովագրություն չկա, ձեզ չենք կարող ոչ մի հարցով օգնել: Այսօր մեր մարզպետարանի, Կառավարության վրա հույս չենք կարող դնել, հույսներս մնում է միայն ապահովագրությունը: Ոնց ավտոմեքենաների դեպքում է, այնպես էլ սա կլինի երևի»,- ասում է Ա. Ասլանյանը:

Ասլանի խոսքերով՝ թեև ամբողջությամբ չի փոխհատուցվում գյուղացու վնասը, սակայն գոնե կատարած ծախսերի մի մասը հատուցվում է, ինչը «չեղած տեղից» լավ է:

«Այսօր ոսկիս բանկում է, ոչ կարում եմ ոսկիս բանկից հանեմ, ոչ էլ պարտքերս փակեմ: Շիվարել մնացել ենք»,- հավելում է Ա. Ասլանյանը:

Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում գյուղապահովագրության պայմանագրեր դեռ չեն կնքվել: Սկզբում գյուղացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, սակայն ուսումնասիրելով պայմանները՝ հիասթափվել են:

Համայնքապետի խոսքերով՝ փոխհատուցվում է միայն կատարած ծախսերի մի մասը, այլ ոչ բերքի կորուստի գումարը, ինչը հրապուրիչ չի դարձնում պայմանագրերի կնքումը: Բացի այդ, մինչև փոխհատուցումը, անցնում է ամիսներ տևող մի քանի փուլ, ինչը դարձյալ գյուղացուն հետ է պահում գյուղապահովագրությունից:

Համայնքապետի խոսքերով՝ ապահովագրում են 0,5 հա և ավելի այգիներն ու ցանքատարածությունները, ինչը ևս դժվարություն է առաջացնում: Արուճ գյուղի այգիները հիմնականում 1000-2500 քմ են: Շատ քիչ մարդիկ կան, որ ունեն մեծ հողատարածքներ:

2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. մայիսի 15-ը Հանրապետությունում ընդհանուր կնքվել էր 1560 պայմանագիր: 2021թ. փետրվարի 28-ի դրությամբ այդ թիվը կազմել է 1824: Կախված մարզից և տարածքին բնորոշ մշակաբույսերից, պայմանագրերի բնույթը տարբեր է: Ամենաշատ պայմանագրերը կնքվել են Արմավիրի մարզում, այն էլ՝ այգիների մասով: Համեմատության համար նշենք, եթե այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ ծիրանի այգիների մասով կնքվել է 409 պայմանագիր, ապա նույն ժամանակահատվածում Արարատի և Արագածոտնի մարզերում համապատասխանաբար կնքվել է 97 և 146 պայմանագիր:

Made with Flourish

Արմավիրի մարզի Հացիկ համայնքի բնակիչ Արթուր Սիսակյանն ասաց, որ ապահովագրության մեծ փաթեթների համար գյուղացին կանխիկ գումար չունի: Բացի այդ, գյուղապահովագրությունը նոր է, դեռ հավատ չունեն համակարգի նկատմամբ: Նա մտավախություն ունի նաև ակնկալվող բերքի հաշվարկի մասով ևս: Ասում է, որ փորձագետները միշտ պակաս են հաշվարկում ակնկալվող բերքը: 

«Գալիս, տեսում են ծառի վրա ծիրան կա, ասում են՝ հեն ա կա, էլ ինչ ես ուզում: Էլ չեն նայում, որ 500 կգ-ի փոխարեն 100 կգ ա, կարկուտից վնասվել է, որակն ընկել է, ու այդ որակի ծիրանը չեմ կարող արտահանել: Դրանից տուժում եմ, որովհետև պիտի 3-4 անգամ պակաս գնով տանեմ, հանձնեմ գործարանին»,-նշում է Արթուր Սիսակյանը:

Արթուրն ունի ծիրանի, դեղձի, կեռասի, սալորի, խաղողի այգիներ, բայց դեռ կսպասի մինչև համակարգից գոհ մարդիկ հայտնվեն իր շրջապատում, նոր միայն կգնա ապահովագրության պայմանագիր կնքելու:

«Այսօր գյուղացին բոլորի կողմից խաբվում է, թե՛ թունաքիմիկատների, թե՛ պարարտանյութի, թե՛ ոռոգման ջրի հարցով: Վերահսկողություն չկա ոչ մեկի կողմից, դրա համար վստահություն չկա, հուսանք լավ կլինի»,- ասում է Արթուրը:

Գյուղատնտեսական ապահովագրությունը հնարավոր է ձեռք բերել Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության անդամակցող «Ռոսգոսստրախ Արմենիա», «Ինգո Արմենիա», «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններից:

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության տվյալներով՝ կախված ապահովագրվող բերքի և ռիսկի տեսակից՝ հատուցման ենթակա վնասի չափը կազմում է կարկուտի և հրդեհի դեպքում՝ բոլոր տեսակի մշակաբույսերին հասցված վնասի 100%-ի չափով, գարնանային ցրտահարման դեպքում՝ ծիրան և դեղձին հասցված վնասի 50%-ի կամ 100%-ի չափով, խաղող, խնձոր և հացահատիկին (ցորեն, գարի) հասցված վնասի 100%-ի չափով:

Հիմնականում հատուցումը իրականացվում է բերքահավաքից հետո: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տեղի է ունեցել բերքի ամբողջական վնաս։ Այս դեպքում հատուցումն իրականացվում է վնասից հետո։ Բոլոր դեպքերում հատուցումը կախված է երկու պայմանից՝ վնասի գնահատման վերջնականացումից և ապահովագրական ընկերության կողմից իրականացվող ներքին գործընթացներից:

Անկախ այն բանից, թե որքան է կազմում գյուղատնտեսին պատճառված վնասը` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ապահովագրական պայմանագրում նշված ապահովագրական գումարը՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարը:

Չհատուցվող գումարը գյուղացու մասնակցության չափն է վնասի հատուցմանը: Այն կիրառվում է, որպեսզի գյուղատնտեսը նույնպես ունենա պատասխանատվություն բերքի նկատմամբ: Պայմանագրով սահմանվում է 10% ոչ պայմանական չհատուցվող գումար՝ ըստ յուրաքանչյուր հողատարածքի, որի չափով ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում իրականացնելուց: 

Վնասի գնահատումն իրականացվում է Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության կողմից որակավորված փորձագետի կողմից՝ ապահովագրական պատահարի պատճառները բացահայտելու և վնասի չափը որոշելու համար:

Ապահովագրավճարը սահմանվում է՝ ելնելով ապահովագրական սակագնից, որն էլ հաշվարկվում է՝ ելնելով ապահովագրված բերքի տեսակից, հողատարածքի գտնվելու վայրից, ռիսկային գոտուց, այլ գործոններից, որոնք կարող են ազդել ապահովագրական պատահարի առաջացման եւ վնասի չափի մեծության վրա:

Ապահովագրավճարի չափը կախված է նաև ֆերմերի ընտրած ապահովագրական գումարից: Յուրաքանչյուր մշակաբույսի համար մշակվել է ապահովագրական գումարի մի քանի տարբերակ՝ հիմնված արտադրական ծախսերի վրա: Ֆերմերն ունի հնարավորություն՝ ընտրելու այդ տարբերակներից իր նախընտրած ապահովագրական գումարը: Վճարի չափը կախված է նաև ռիսկի տեսակից, ինչպիսիք են՝ գարնանային ցրտահարությունը, կարկտահարությունն ու հրդեհ կամ դրանց համակցությունը:

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել էր, որ հնարավոր չէ հաշվել 1 հա հողատարածքով մշակաբույսի համար ապահովագրավճար՝ առանց վերը նշված անհրաժեշտ տեղեկատվության: Որպես օրինակ, ենթադրենք՝ ունենք ֆերմեր, ով ունի ծիրանի 1 հա այգի Արմավիր մարզի Արևիկ համայնքում։ Ուստի այգին գտնվում է 2-րդ ռիսկային գոտում։ Ֆերմերը ցանկանում է ապահովագրել այգին կարկտահարության և հրդեհի ռիսկից և ընտրել է 1 մլն դրամ ապահովագրական գումար։

Այս դեպքում ապահովագրական գումարը կկազմի 45,000 դրամ, որի 50% սուբսիդավորվում է Կառավարության կողմից, ուստի ֆերմերը կվճարի ընդամենը 22,500 դրամի չափով գումար։

Կախված ապահովագրված բերքի տեսակից և վնասի չափերից՝ գնահատող փորձագետը վնասի գնահատման նպատակով կարող է մի քանի այցելություն կատարել հողատարածք, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում:

Ըստ Աննա Վարդիկյանի՝ ապահովագրված բերքի մասնակի վնասված լինելու դեպքում բերքահավաքի ժամանակահատվածի սկզբում, ոչ ուշ, քան բերքահավաքից 15 օր առաջ ֆերմերը պարտավոր է տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս բերքի ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունենա: Իսկ ապահովագրական հատուցումը տրվում է վնասի վերջնական գնահատումից հետո: Այդ իսկ պատճառով 2021թ.-ի համար վնասի գնահատման, ինչպես նաև՝ փոխհատուցման տվյալներ դեռ առկա չեն:

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանի փոխանցմամբ՝ 2020թ.-ին ապահովագրական հատուցման չափը կազմել է 151 մլն 298 հազար դրամ: Ամենաշատ հատուցումը տրվել է ծիրանի այգիների համար՝ մոտ 83 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter