HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գլյուկոզայի որոշման թեստ-երիզների մրցույթները սահուն չեն անցնում

2021թ. հուլիսի 21-ի դրությամբ Հայաստանում հաշվառված են 0-22 տարիքային խմբի շուրջ 1000 ինսուլինակախյալ երեխա և երիտասարդ: Արյան մեջ գլյուկոզայի որոշման գլյուկոմետր սարքի թեստ-երիզներն անվճար տրամադրվում են շաքարային դիաբետ ունեցող 0-ից մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահասներին՝ յուրաքանչյուր ամիս 100 հատ:

Առողջապահության նախարարության 2021թ. կարիքների համար անհրաժեշտ գլյուկոմետրի թեստ-երիզների ձեռքբերման նպատակով այս տարվա փետրվարի 18-ին հայտարարել էր մրցույթ: Հիմք ընդունելով 6 մասնակից ընկերությունների ներկայացրած հայտերը, գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած, քանի որ հայտերից ոչ մեկը չի համապատասխանել հրավերի պայմաններին:

Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո թեստ-երիզների ձեռքբերման նպատակով Առողջապահության նախարարությունը մայիսի 24-ին հայտարարել է գնման նոր ընթացակարգի մասին:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել «Մ.Լ.Ն Ֆարմ», «ԱՄ Մեդիքլ Գրուպ», «Մեդպրո» ՍՊԸ-ները և «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն: Վերջին երեք ընկերությունների փաստաթղթերում արձանագրվել են անհամապատասխանություններ՝ ֆիրմային անվանման և տուփում առկա քանակի մասով և Առողջապահության նախարարությունը պահանջել է շտկել:

Մինչև մեկօրյա ժամկետի ավարտը «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն գրավոր դիմել է նախարարությանը՝ պահանջելով շտկում նաև «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ից, քանի որ հստակեցված չի եղել ընկերության առաջարկած ապրանքի մակնիշը:

«Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն գրությամբ պարզաբանել է մակնիշի նշման կարևորությունը՝ պատճառաբանելով, որ դրանից կախված կարող է տարբերվել ապրանքի տեխնիկական բնութագրերից ամենակարևորը՝ բացելու պահից պիտանելիության ժամկետը:

ՓԲԸ-ն դժգոհ էր մնացել նախարարության գրավոր պատասխանից: «Կոնցեռն Էներգոմաշ»-ի ներկայացուցիչները նշել են, որ նախարարության աշխատակիցը բանավոր լրիվ այլ պատասխան է տվել: ՓԲԸ-ն ունեցել է ողջամիտ կասկած և այդ մասին տեղեկացրել է նախարարությանը, որ «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն չի հստակեցնում ապրանքի մակնիշը, իսկ նախարարությունը միտումնավոր նման պահանջ չի առաջադրել, քանի որ պատրաստ են ընդունել «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող ցանկացած թեստ-երիզ:

«Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն հստակ նշել է, որ նման նախադեպ ունեցել են: Մասնավորապես, 2020թ. իրականացված գնանշման հարցմանը մասնակցելիս «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն առաջարկել է «Ջի Մեյթ Օրիջին» PG-310 մոդելի շաքարաչափ սարքերը, սակայն փաստացի հանձնվել է «Ջի Մեյթ» PG-004 թեստ-երիզներ՝ տրամադրելով նաև Gmate, Voice, PG-301 մոդելի շաքարաչափ սարքեր, ինչի որակից դժգոհ են մնացել օգտագործողները:

Հունիսի 15-ին որոշվել է մրցույթում հաղթող ճանաչել «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ին և վերջինիս հետ կնքվել է պայմանագիր:

«Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն բողոք է ներկայացրել գնումների հետ կապված բողոք քննող անձին: ՓԲԸ-ն բողոքում նշել է, որ մրցույթին 1-ին տեղը զբաղեցրած «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի դեպքում չի պահպանվել օրենքի պահանջը: Մասնավորապես, ապրանքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվության տրամադրումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն մրցույթի մասնակցության, այլև սպառողների անորոշ շրջանակի առողջական կարիքների բավարարման համար: Մրցույթի ժամանակ տրամադրելով ոչ լիարժեք, ոչ հստակ, ոչ ճշգրիտ բնութագիր, մասնակիցը կարող է անուղղակի կերպով վտանգել սպառողների առողջությունը և կյանքը:

Գնման ընթացակարգի հրավերի առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրում առաջադրվել է պայման, որ թեստ-երիզների ժամկետը չպետք է փոխվի՝ անկախ տուփի բացման պայմանից: «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից առաջարկված ապրանքի տեխնիկական բնութագրում նշված է, որ ժամկետը չի փոխվում: Սակայն, «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն իր բողոքին կցել է բաց աղբյուրներից ստացված ապացույցներ, որ թեստ-երիզների պիտանի են օգտագործման և ապահովում են ճշգրտությունը բացելուց հետո 3 ամիս ժամկետում:

«Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն գտել է, որ գնումների հանձնաժողովը պատշաճ կերպով չի գնահատել «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրի հիմնավորվածությունը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման: ՓԲԸ-ն պահանջել է մերժել «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի հայտը և  հաղթող ճանաչել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին՝ «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ին:

Բողոքի քննության շրջանակում Առողջապահության նախարարությունը չի ընդունել «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի ներկայացրած փաստարկները: Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ապրանքի տեխնիկական բնութագիրը համապատասխանում է հրավերով սահմանված չափանիշներին և գնահատվել է բավարար:

«Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն էլ, ներկայացնելով իր դիրքորոշումն ամբողջությամբ հերքել է մրցակից ընկերության ներկայացրած փաստարկները: Մասնավորապես, նշել է, որ «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն ներկայացրել է 12 մլն դրամով ավելի բարձր գնային առաջարկ, քան «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն:

Հաղթող ճանաչված ընկերությունը բողոքի քննության ժամանակ հայտնել է, որ «Ջի Մեյթ» թեստ-երիզները չունեն մակնիշ, և դա ակնհայտ երևում է, թե արտադրող ընկերության պաշտոնական կայքից, թե օգտագործման հրահանգների թերթիկից: Մասնավորապես, բոլոր տեղեկատվական բազաներում «Ջի Մեյթ» թեստ-երիզները նշվում են, որպես «Ջի Մեյթ» թեստ երիզ՝ առանց որևէ մակնիշի նշման: Ավելին, օգտագործման հրահանգում նշված է, որ «Ջի Մեյթ» թեստ-երիզն ունիվերսալ է և կարող է օգտագործվել «Ջի Մեյթ» բոլոր գլյուկոմետրերի համար, օրինակ՝ «Ջի Մեյթ Օրիջին» և այլն:

Ինչ վերաբերում է պիտանելիության ժամկետին, ապա «Մ.Լ.Ն Ֆարմ» ՍՊԸ-ն փաստարկներ է բերել բողոքը քննող անձին, որ իր առաջարկած ապրանքի ժամկետը չի փոխվում՝ անկախ տուփը բացելու հանգամանքից: Որպես ապացույց ներկայացրել է նաև արտադրող ընկերությունից ստացված գրությունն այն մասին, որ ժամկետը չի փոխվում: Դա էլ հիմք է տվել ընկերությանը պնդելու, որ մրցակից ընկերության պնդումները՝ 3 ամիս պիտանելիության ժամկետ ունենալու մասին, անհիմն են:

Բողոք քննող անձը որոշել է 2021թ. հուլիսի 1-ին որոշել է «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի բողոքը մերժել:

«Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ն՝ Կառավարության ուշադրության կենտրոնում

Արյան մեջ գլյուկոզայի որոշման գլյուկոմետր սարքի թեստ-երիզների գնման գործընթացն արդեն երկու տարի է՝ «խաղաղ» չի ընթանում: Դեռևս 2019թ. կազմակերպվել էր 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզների ձեռքբերման գնման ընթացակարգ (ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ԳՀԱՊՁԲ-2020/6»):

Նշված հրավերին հայտ էին ներկայացրել «ՄԼՆ Ֆարմ» ՍՊԸ-ն, «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն և «ԱՄ Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ն։

Ամփոփելուց հետո 2-րդ տեղ զբաղեցրած «ԱՄ Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ն բողոքարկել էր գնման ընթացակարգը: Գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից 06.03.2020թ. կայացած որոշմամբ, բողոքը բավարարվել էր մասնակի: Մասնավորապես, անվավեր էր ճանաչվել գնահատող հանձնաժողովի «Հաղթող ճանաչելու» և «Ընթացակարգը ամփոփելու» մասին որոշումները: Ի կատարումն ընդունված որոշման, գնահատող հանձնաժողովը նախատեսել էր կազմակերպել նոր բանակցություններ` հաղթող ճանաչելու և ընթացակարգը ամփոփելու նպատակով:

Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը՝ «ՄԼՆ Ֆարմ» ՍՊԸ-ն, դատական կարգով բողոքարկել էր բողոքները քննող անձի կայացրած որոշումը: Այնուհետև՝ մինչ բանակցության օրը, Առողջապահության նախարարությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացել էր որոշում, որով արգելվում էր կատարել բողոքները քննող անձի կողմից կայացված որոշման կատարմանն ուղղված որևէ գործողություն:

Գնման ընթացակարգը կասեցվել է: Այդ ընթացքում 2020թ. թեստ-երիզների 6 ամսվա հերթական տրամադրումը տեղի է ունեցել նախարարության մնացորդային պաշարների հաշվին, որոնք 2020թ. հունիսի 1-ի դրությամբ սպառվել են:

Ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով, Առողջապահության նախարարությունը նախագիծ էր ներկայացրել կառավարություն՝ առաջարկելով 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները ձեռք բերել հայտարարված գնման ընթացակարգի արդյունքում ամենացածր գին առաջարկած մասնակցի` «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի հետ:

Կառավարությունը 2020թ. հուլիսի 2-ի թիվ 1136-Ն որոշմամբ թույլատրվեց Առողջապահության նախարարությանը չեղարկել նախարարության կողմից հայտարարված «ՀՀ ԱՆ ԳՀԱՊՁԲ-2020/6» ծածկագրով գնման ընթացակարգը:  Ինչպես նաև որոշվեց  2020թ. նախարարության կողմից գլյուկոզայի որոշման գլյուկոմետր սարքի թեստ-երիզների գնումներն իրականացնել «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ից` 1 թեստ-երիզը 50 դրամով: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 42 մլն 475 հազ. դրամ:

Այս հանգամանքը ևս հիմք է տալիս մասնակիցներին կասկածելու, որ բոլոր դեպքերում կառավարությունը նախապատվությունը տալիս է «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ին:

Նշենք, որ «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ-ին՝ երևանաբնակ Հարություն Վասիլյանի կողմից: «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸն գնումների ոլորտում ակտիվ մասնակից է և պայմանագրեր է կնքում պետական մարմինների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter