HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ինեսսա Գաբայան. «Մեր ջրատնտեսական համակարգերում կորչում է ջրի 60-70 %-ը»

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով, բացի մարդկային կորուստներից, պետք է գնահատել մեր անվտանգության կորուստները՝ կապված նաև բնական ռեսուրսների, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների, արոտավայրերի և անտառների օգտագործման վտանգներին: Ոլորտի մասնագետներն ինչպե՞ս են մեկնաբանում  ջրապահովվածության և եղած պաշարներն արդյունավետ օգտագործելու խնդիրները:

Հարցերին պատասխանում են տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը:  

Ինեսսա Գաբայան -Պատերազմից հետո կորցրել ենք Թարթառ գետը՝ Քարվաճառում և Հագարի գետը՝ Լաչինում, իրենց վտակներով: Այդ գետերը հիմնականում օգտագործվում էին էներգետիկ նպատակներով և, Սարսանգի հէկի հետ միասին, արտադրում էին գրեթե երկու անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան Արցախի պահանջն էր: Նաև Թարթառից ոռոգվում էին որոշ տարածքներ և մեծ ծրագրեր էին սկսվել իրականացնել նոր ոռոգելի հողատարածքներ ունենալու համար:

Քարվաճառը Հայաստանի համար ջրային պաշարների դոնոր երբևէ չի եղել, այլ բան է, որ սնել է Հայաստանի էներգահամակարգը: Որպես ջրային ռեսուրս՝ մենք այն չենք կորցրել, քանի որ Թարթառ գետը լցվում է Սարսանգի ջրամբար: Ուղղակի մենք կորցրել ենք այն հողատարածքները, որոնց համար պետք է օգտագործվեին այդ ջրերը:

Ինգա Զարաֆյան -Այո, կորցրել ենք ջրային  տարածքներ, որոնք չենք կարող օգտագործել: Ենթադրենք՝ չենք կորցրել. հարցն այն է՝ կարողանու՞մ ենք կամ կարողանու՞մ էինք այդ ջուրը մաքուր պահել, օգտագործել այնպես, որպեսզի ջրային անվտանգության խնդիր չունենայինք: Մեր վերգետնյա ջրային ռեսուրսների առնվազն 70-80 % -ը տալիս ենք մեր հարևաններին: Մենք ենք տալիս, չէ՞, և ոչ թե ամբարում մեր տարածքում:

Դիանա Հարությունյան -Կլիմայի փոփոխությունը մանրադիտակի տակ է դնում ջրային ռեսուրսների անվտանգության խնդիրները, որոնք ոչ միայն կապված են ջրային ռեսուրսների առկայության, բայց ավելի շատ կառավարման հետ՝ սկսած սպառումից, բաշխումից և դրանց  պատշաճ պահեստավորումից: Որքանո՞վ են բավարար և ապահով առկա ջրամբարները, կամ որքանո՞վ ենք ճիշտ կառավարում ստորգետնյա ջրերի օգտագործումը: Օրինակ՝ երբ թույլտվություն ենք տալիս օգտագործել այդ ջրերն  Արարատյան դաշտում: Նախկինում ջրօգտագործման ծավալների գերակշռող մասը ուղղվում էր ոռոգմանը: Վերջին տարիներին, ոռոգման ջրերի ծավալին հավասար է ձկնաբուծության համար սպառվող ջուրը: Կլիմայի փոփոխության հիմնական ռիսկերը կապված են երաշտների հաճախության և ինտենսիվության աճի հետ, բացի տեղումների նվազման և հողում խոնավության դեֆիցիտի՝ կա նաև մթնոլորտային երաշտ, երբ  երկարաժամկետ բարձր ջերմաստիճանների և չոր քամիների դեպքում, որքան էլ ոռոգես դաշտերը, միևնույն է,  բուսականության սթրեսը բերում է բերքատվության անկման:  Կրկնվող երաշտը կանգնեցնում է պարենային անվտանգության խնդրի առաջ, երբ 2000թ. Հայաստանը ստիպված է եղել Համաշխարհային բանկից պարենային աջակցություն հայցել: Այսինքն՝ շատ կարևոր է հստակ գնահատել առկա և ակնկալվող ռիսկերը, սահմանել   գերակայություններ բյուջեի և միջազգային աջակցության ռեսուրսների խելամիտ օգտագործման համար:

Մենք հստակ գիտենք, որ սեզոնային և տարածքային ջրապահովման համար էական է ջրամբարների միջոցով մատակարարաման ապահովումը, և տարիներ առաջ մշակվել էր ջրամբարների կառուցման ռազմավարություն:

Սակայն դրա իրականացումը շատ թերի է: Ախուրյանի ավազանի, Շիրակի հարթավայրի խնդիրները՝ երաշտ, ոռոգման ջրի պակաս, հիմա ևս սրվել են՝ կապված Ախուրյան գետի հոսքի, Թուրքիայի տարածքում խոշոր ջրամբարների կառուցման հետ: Ջրամբարներում ջրի կուտակումների մեր հնարավորությունները 4,5 անգամ զիջում են Թուրքիային և Ադրբեջանին, 60%-ով Վրաստանի հնարավորություններին: Մեր հիմնական խնդիրն այսօր ջրմաբարների միջոցով ջրային հոսքի կարգավորումն է:

Ինեսսա Գաբայան -Երաշտի, ջրասակավության ողջ խնդիրը կապել միայն գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխությունների հետ, կարծում եմ, ճիշտ չէ: Մեր ջրատնտեսական համակարգերում կորչում է ջրի 60-70 %-ը: Քո երկրում առաջացած ջրային ռեսուրսը պետք է կարողանաս պահպանել քո տարածքում, ամբարել ու արդյունավետ օգտագործել քո կարիքների համար:

Դիանա Հարությունյան -Որքան էլ ամբարես, եթե ճիշտ չի կառավարվումը և ջրախնայողությունը, միևնույն է, կարևոր է: Մենք պատմականորեն հնացած համակարգ ենք ստացել, որը մեծ ներդրումներ է պահանջում: Սուբսիդավորելով ջրօգտագործումն՝ առանց ճիշտ տնտեսական մեխանիզմներ կիրառելու, ներդրումների հետգնելությունը ապահովելու, համակարգը չես առողջացնի: Մեր ջրամբարները վերջին տարիներին 60 %-ից ավելի չեն լցվում: Ահռելի ներդրումներ են պետք՝ այդ ջրամբարները վերաթարմացնելու համար:
Կորցրել ենք գիտական այն պոտենցիալը, որը ճիշտ ու բալանսավորված լուծումներ էր առաջարկում: Այսօր քաոտիկ գյուղատնտեսություն ունենք, երբ մարդն ինքն է որոշում՝ ինչ կուլտուրա օգտագործի՝ առանց մտածելու, որ ինքն իր տարածքում այդքան ջուր պահանջող կուլտուրա չպետք է օգտագործի: Գյուղատնտեսության ապակենտրոնացումը բերել է ոռոգման ջրի խնդրի սրման: Արարատյան դաշտում քաոտիկ ձկնաբուծությունը, մեր ապագա սերունդների հաշվին է արվում: Ստորգետնյա ջրերի մակարդակն ենք իջեցնում, և դա կարող է անդառնալի լինել:

-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 2-ի նիստում, հանձնարարեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, դրանց հետևանքների վերացման կամ մեղմման նպատակով: Ի՞նչ արդյունավետություն եք ակնկալում հանձնաժողովից:

Ինգա Զարաֆյան -Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որովհետև այսօրվա ինստիտուտների կարողությունը թույլ է, որպեսզի գնահատես, ապահովես ամբողջ շղթան: Հանձնաժողովն ինստիտուտ չէ, ժամանակավոր բան է. պետք է քննարկում լինի,  լուրջ մասնագետներ հրավիրվեն՝ հասկանալու՝ ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ: Օրինակ՝ գյուղատնտեսությունը մտցնել Էկոնոմիկայի նախարարության գործառույթ, արդյունավե՞տ էր: Ունենք պատասխանատվության  խնդիր. հանձնաժողով­ները պատասխանատվությունը բաժանում են, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Երբ ուզում ես որևէ մեկին պատասխանատվության կանչել, տեսնում ես կոլեկտիվ պատասխանատուներ, ինչը նշանակում է՝ ոչ ոք պատասխանատու չէ: Կամ ընտրում են քավության նոխազ մեկին: Այս տարի գյուղատնտեսական մթերքները մի ամսով շուտ են հասունացել, ինչը նշանակում է ՝ գյուղատնտեսության ողջ համակարգը սթրեսի մեջ է: Պատրա՞ստ ենք այս սթրեսին: Ես կարծում եմ՝ մենք պատրաստ չենք:

Ինեսսա Գաբայան -Նախ՝ եկեք հասկանանք ի՞նչ է երաշտը: Այն բնական երևույթ է, որ լրջորեն ուսումնասիրվում է մասնագետների կողմից և հաշվի է առնվում յուրաքանչյուր ջրատնտեսական համակարգը նախագծելիս: Այսօր Հայաստանում առկա խնդիրներն ավելի խորքային են, քան երաշտը, և չի կարելի ամեն բան կապել երաշտի կամ գլոբալ տաքացման հետ:

Բնականաբար, սակավաջրության պայմաններում պետք է իրականացվեն իրավիճակային լուծումներ: Սակայն, եթե քո համակարգը պատրաստ չէ, իրավիճակային լուծումները կլինեն շատ ավելի ցավոտ:

-Հայաստանն ընդունված է համարել ջրային ավելցուկային պաշար ունեցող պետություն: Սակայն սա ևս, ըստ էության, մասնագիտորեն չհաստատված առասպելներից մեկն էր:

Դիանա Հարությունյան -Միջազգային գնահատմամբ՝ Հայաստանն՝ իր ջրային ռեսուրսների պաշարով, գտնվում է սթրեսային 34-րդ տեղում: Այնպես չէ, որ մեր ջրային պաշարները շատ են.  շատ է ջրի պահանջարկը:
Ինեսսա Գաբայան -Խորհրդային տարիներին հայտնի էր, որ Հայաստանը սակավաջուր երկիր է: Մեկ շնչին հասնող ջրի քանակությամբ միջինում 2, 5 անգամ պակաս էր մյուս հանրապետություններից: Վերջին երկու տասնամյակում կյանք առավ թեզը, թե Հայաստանն առատ է ջրային պաշարներով, անհրաժեշտ է միայն ճիշտ կառավարել: Այդպես չէ: Հայաստանը սակավաջուր երկիր է, պարզապես կարևոր առանձնահատկությունն այն է, որ մեր ջրային ռեսուրսները ձևավորվում են հենց մեր տարածքում: Եվ մենք  պարտավոր ենք ճիշտ կառավարել այդ ջրերը: Ճիշտ կառավարել, նշանակում է նաև, որ ձկնաբուծության զարգացման խնդիրը չպետք է լինի ի վնաս մեր ստորերկրյա ջրերի հաշվին, առանց ջրային ռազմավարական պաշարը վերականգնելու և պահպանելու խնդիրը լուծելու, քանի որ այն հիմա սպառման ընթացքում է: Այս խնդրի լուծումը  կտրուկ որոշումների, օրենսդրական փոփոխությունների հարց է, որը կկարգավորի բիզնեսը՝ ձկան արտադրությունը, և չի վնասի մեր ջրային ռեսուրսները, որոնք  օգտագործում ենք և հեռացնում  Արաքս գետ, իսկ Արաքսը գիտենք՝ ուր է հոսում:

-Երաշտի հետևանքները մեղմելու քայլերը ենթադրում են ջրառ Սևանից: Ինչպե՞ս բալանսավորել Սևանի մակարդակի անկումն ու Սևանի ջրերը ոռոգման նպատակներով բաց թողնելը:

Ինգա Զարաֆյան -Սևանից, կառավարության որոշմամբ, արգելված է հավելյալ ջրառը: Սևանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, մեր ստրատեգիական պաշարը՝ մոտ 39 միլիարդ խորանարդ մետր ջուր՝ այդպիսի բարձրության վրա: Սևանի հետ կապված խնդիրներին պատրա՞ստ ենք: Օրինակ՝ պատրա՞ստ ենք ջրի մակարդակի բարձրացմանը: Բացի ափերի անօրինական շինությունները՝ ունենք էլեկտրացանց, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք  կարող են մնալ ջրի տակ: Այս խնդիրը կար դեռ 2001 թ.-ին, երբ ընդունվեց «Սևանի մասին» օրենքը: Խոսում ենք ջրի պաշարների մասին, իսկ ջրի որա՞կն ինչպիսին է. ունենք կատաստրոֆիկ վիճակում գտնվող 5-րդ աստիճանի աղտոտ­ված գետեր: Իսկ Սևանի՞ մաքրությունը…Անհրաժեշտ են հարկադիր միջոցառում­ներ՝ օրենքով, որ ջրօգտագործողը չկարողանա կեղտաջրերը արտանետել ջրի մեջ: Գիտենք՝ ինչքանով է աղտոտված Սևանը, և որ մաքրման միայն  մեխանիկական կայաններ ունենք: Ինչու՞ չենք լուծում այդ հարցը: Սևանը քիչ է որ աղտոտվում է Սոթքի կամ բացված ու չփակված հանքերի թափոններով, Սևան է լցվում նորման տասնյակ անգամ գերազանցող ազոտ և ֆոսֆոր:

Դիանա Հարությունյան -Չի կարող լինել ջրօգտագործման թույլտվություն՝ առանց արտահոսքի օրենսդրական կարգավորման: Ջրօգտագործման թույլտվություն պետք է տրվի միայն այն երաշխիքներից հետո՝ ինչպես է ջրօգտագործողն այդ ջուրը վերադարձնելու բնություն:

Ինեսսա Գաբայան -Մենք չենք կարող հրաժարվել գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելուց: «Կամ-կամ» մոտեցումները բերում են փակուղու: Սևանի խնդրի միակ լուծումը սեփական ջրային ռեսուրսների լիարժեք կառավարումը և արդյունավետ օգտագործումն է:

Ինչ վերաբերում է ջրահեռացմանը, ապա օրենսդրությամբ լիովին կարգավորված չէ ջրահեռացման հարցը: Կան նախարարության կողմից տրված ՋԹ-ներ (ջրօգտագործման թույլտվություններ)՝ «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի օրինակով, որտեղ ամրագրված չեն հեռացվող կոյուղաջրերի որակի նկատմամբ պահանջները, իսկ ջրի սակագնում մեկտեղված են թե՜ ջրամատակարարման, թե՜ ջրահեռացման ծառայությունների ծախսերը: 

-Հուլիսի 13-ին, ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի թափվում Մեղրի գետը: Նշեց նաև՝  Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։ Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը:

Ինեսսա Գաբայան -Ժողովրդական խոսք կա, ասում են՝ գերանը կորցրած՝ ընկել ենք չոփի ետևից: Տասնյակ տարիներ Թուրքիան ջրազրկում է Ախուրյան, Արաքս գետավազանները՝ իր տարածքներում ջրամբարներ կառուցելով: Այսինքն՝ մենք անդրսահմանային գետերի կառավարման հետ կապված միջազգային մակարդակով գլոբալ խնդիր ունենք, որն անգամ այսօր չենք բարձրացնում: Հասկանալով, թե Մեղրի գետի վտակն իրենից ինչ կարող է ներկայացնել՝ եզրակացնում եմ, որ այսօր ուզում ենք բարձրացնել փոքրիկ խնդիր՝ թողնելով լրջագույն հիմնահարցերը: Եթե հարց ենք ուզում բարձրացնել միջազգային մակարդակ, ինչն, ի դեպ, վաղուց պիտի անեինք, առաջարկում եմ մասնագետների մասնակցությամբ լուրջ փաստաթուղթ պատրաստել՝ ընդգրկելով անդրսահմանային գետերի բոլոր խնդիրները:

Դիանա Հարությունյան -Այստեղ այլ խնդիր է առաջանում. լավ գիտենք, որ մենք՝ որպես մեր տարածքից հոսք ապահովող երկիր, ունենք միջազգային պարտավորությունների թերի կատարում՝ կապված օրինակ՝ Արաքս գետի աղտոտման հետ. Ինչն էլ պայմանավորված է Ագարակի կոմբինատի հետ: Այսինքն՝ միջազգային ատյաններում հարցեր բարձրացնելիս պետք է հիշենք՝ իսկ մենք կատարու՞մ ենք մեր պարտավորությունները: Նույնը նաև Դեբեդ գետի պարագա­յում…

Ինեսսա Գաբայան -Համաձայն եմ, եթե դիվանագիտորեն մոտենալ՝ կարելի է ջրօգտագործման և ջրի պահպանման հարցերը  տարանջատել, բայց այսօր բարձրացնել փոքրիկ վտակի խնդիրը միջազգային մակարդակ՝ լուրջ չէ: Տասնամյակներ շարունակ հարևան պետությունը  մեր անվտանգությանը սպառնող խնդիրներ է ստեղծում: Դրա մասին պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում: 

Դիանա Հարությունյան -Պետք է պրագմատիկ լինենք և հասկանանք՝ կլիմայի փոփոխություններից Հայաստանը լուրջ խոցելի երկիր է, այդ խոցելիությունը գնահատված է, հետևաբար միջազգային համայնքից իրավունք ունենք ակնկալել  հարմարվողականություն, գործընթաց իրականացնելու համար՝ գրանտներ, փափուկ վարկեր, տեխնոլոգիական աջակցություն: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված Սևանի ջերմաստիճանն արագացնում է ջրի ծաղկման գործընթացը: Սակայն նվազեցնելով  կեղտաջրերի/թափոնների մուտքը լիճ և ապահովելով լճի մակարդակը՝ կարելի է մեղմել ծաղկման պրոցեսը: Պետք է ֆինանսական նոր հնարավորություններ հայթայթել կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման համար:

գլխավոր լուսանկարում՝ Ինեսսա Գաբայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter