
ՄԻՊ. «Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչներից այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև:
«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:
Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար բնակիչներից ստանում է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին»,-նշվում է Արման Թաթոյանի գրառմամբ:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթանում են տեղային մարտեր:
Մեկնաբանել