HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորում տեղադրվել է Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ այսօր Ծաղկաձոր քաղաքում սիրո, գնահատանքի և մեծարման տոն էր: 

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ մեծանուն երգահան, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ, խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, կիսանդրու համահեղինակներ' հայր և որդի Յուրի և Դավիթ Մինասյանները, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ինչպես և մեծ երգահանի որդին՝ Միքայել Հեքիմյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Ոստիկանության պետն իր ելույթում անդրադարձել է մեծ հայի և հայ երգի անզուգական վարպետի անցած ուղուն, նրա թողած ժառանգությանն ու կատարած գործի կարևորությանը մեր և գալիք սերունդների կյանքում:

«Կոմպոզիտորների մեջ գեներալ և գեներալների մեջ կոմպոզիտոր»,- այսպես էին կոչում Ալեքսեյ Հեքիմյանին: 

Իր հիշողություններով կիսվեց մեծ երգահանի ընկեր և բարեկամ Երվանդ Երզնկյանը:
Քանդակագործ Դավիթ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության և նման պատասխանատու գործն իրեն վստահելու համար:

Հանդիսավոր բացման արարողությունը վստահվեց Ալեքսեյ Հեքիմյանի որդուն' Միքայել Հեքիմյանին և քանդակագործ Դավիթ Մինասյանին:

Հյուրերն ու ներկաները թարմ ծաղիկներ դրեցին մեծ եգահանի նորաբաց կիսանդրուն, ինչպես և հուշի եղևնի տնկեցին կիսանդրու մոտ:

Արարողությունից հետո մասնակիցներն ունկնդրեցին Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակած երգերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter