HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գումարվել է Երևանի ավագանու արտահերթ նիստը․ օրակարգում աշխատավարձերի բարձրացման հարցն է

Այսօր՝ հուլիսի 29-ին, գումարվել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետարանի հաստիքացուցակին և աշխատավարձերին։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէր, նրան փոխարինում էր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը ներկայացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Նախագծով առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը՝ մասնավոորապես դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը։ Հաստիքացուցակն ու դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել 2011թ․-ին, որը ըստ նախագծի՝ չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցող գնաճը, մասնագետին տրվող գնահատականը և աշխատանքային շուկայում տիրող իրավական պատկերը։ «Ցածր աշխատավարձի պատճառով քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում և ներկայիս պայմաններում նկատվում է մասնագետների որոշակի արտահոսք, որը բացասական ազդեցությունն է ունենում, մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հարցի լուծման համար քաղաքապետարանը տրամադրել է հավելավճարներ։ Նախագծի հեղինակներ են ավագանու անդամներ Լևոն Հովհաննիսյանն ու Արմեն Գալջյանը։

«Իմ քայլը» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Տիգրան Գալստյանը հարց հնչեցրեց, ինչքանո՞վ է պահպանվում սոցիալական հավասարությունը, երբ վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը բարձրանում է 125 %-ով, իսկ նույն շրջանի աշխատողի աշխատավարձը՝ 25%-ով։ 

«Ցանկացած հեղափոխությունների բուն պատճառը սոցիալական անարդարությունն է, և մեր հեղափոխությունները հենց այդ արդարությունը վերականգնելն է, արդյոք դուք հաշվի եք առել այդ արդարությունը նախագծի մեջ»,- նշեց Գալստյանը։

Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ տարվա սկզբին հաստատվում է աշխատավարձային երկու ֆոնդ՝ աշխատավարձային, այս տարի կազմել է 5,5 մլրդ և հավելավճարների ու պարգևավճարների ֆոնդ, այս տարի՝  1,9 մլրդ, նրա խոսքով՝ պլանավորվում է պարգևավճարների ֆոնդը կրճատել 20 անգամ և պարգևավճարները դարձնել թիրախային, իսկ 1,8 մլրդ դրամը տեղափոխել հիմնական ֆոնդ։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը ավելի շատ է բարձրանում, Հովհաննիսյանը նշեց, որ նորմալ է, երբ ղեկավարի աշխատավարձը ավելի բարձր է։ 

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի կարծիքով, սա պատահական արտահերթ նիստ չէր, զուգադիպություն չէր, քանի որ իշխող քաղաքական թիմի որոշում է, և քաղաքական իշխող կուսակցությունն ուզում է՝ իր իշխանության աշխատակիցներին, պատգամավորներին բարձր աշխատավարձով վարձատրել․ «Այս նախագիծն այս պատերազմական շրջանում, ու չասեք երեկ է սկսվել, Երասխում տևական շրջան է, Սյունիքում․․․․ այսքան հրատապ, արտահերթ նիստում բերելու նախագիծ չէր, որովհետև աշխատակիցները երկու տարուց ավել սպասում են այս բարձրացմանը և մեկ ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստին։ Դուք բերել եք նախագիծը, որը բարոյական չէ Հայաստանում տիրող իրավիճակի առաջ, որ թաղապետի 400 հազարանոց աշխատավարձը բարձրանում է 800 հազարի, որ՞ արժանիքի համար է, վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձը բարձրանում է 100 տոկոսով»,- նշեց Անի Խաչատրյանը։ Ապա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ այսքան հրատապ և ի՞նչ է տալու Երևանի քաղաքացուն։

Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հերթական նիստերին օրակարգում մի շարք հարցեր են ընդգրկված լինում, ուստի այս հարցը չէր կարող քննարկվել բազմակողմանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter