
Մարզպետ․ «Փոխհրաձգությունը եղել է այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել»
Լրագրողների մուտքը Կութ համայնք երեկ՝ հուլիսի 28-ին, արգելվել էր նրանց իսկ անվտանգության նկատառումներով։ Այս մասին կառավարության հուլիսի 29-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Սանոսյանը հայտնեց, որ Գեղարքունիքի սահմանին ռուս սահմանապահներ չեն տեղակայվել։
«Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել։ Մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում, վիրահատել են, ամեն ինչ կարգին է»,- հայտնեց նա։
Լրագրողի հարցին, թե ինչ պայմանով է հրադադար հաստատվել, մարզպետը պատասխանեց․ «Հրադադարի հասնելու պայմաններից տեղյակ չեմ, կամ ընդհանրապես՝ պայման եղե՞լ է, թե ոչ»։
Անդրադառնալով արոտավայրերին՝ Սանոսյանը նշեց․ «Կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություն կա, ինչը բերել է նրան, որ որոշ համայնքներում սահմանափակվել է արոտավայրերի չափը, այս տարի ամբողջ հանրապետությունում նաև խոտի պակաս կա, որը ենթադրում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ»։
Մարզպետի խոսքով՝ բանակային կորպուսն աջակցում է անասունների արածեցման և խոտի հավաքման պրոցեսին։
Մեկնաբանել