HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Արգելակներ` խաղատան ճանապարհին». կառավարությունը սահմանափակում է ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը

Կառավարությունը հուլիսի 29-ի նիստում չզեկուցվող հարցով ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Ըստ գործադիրի դիրքորոշման` ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին:

Նախագիծը, երբ ամիսներ առաջ հանրային քննարկման էր ներկայացվել, դժգոհություն էր առաջացրել մեդիա ոլորտում, շատերն այն կարծիքին էին, որ այս կերպ իշխանությունները փորձում են հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները սահմանափակել: Եթե մեդիա ընկերությունների պնդմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում  է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, ապա կառավարության հաշվարկներով այն է 20%-25% է:

Եւ չնայած այս հարցը չզեկուցվող էր, սակայն այլ հարցի քննարկման կոնտեքստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս նախագծին` պնդելով, որ կառավարությունը շատ ավելի վաղուց էր ցանկանում նման փոփոխություն կատարել, հարցը քանի անգամ հետաձգվել է, սակայն այն կառավարության ռազմավարական մոտեցումն է:

«Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում սահմանափակել ենք բուքմեյքերական կետերի աշխատանքը, նաև շահումով խաղերի գործունեությունը գազալցակայաններում, էս որոշումները կայացրել ենք քաղաքացիների հետ ունեցած հաղորդակցության  արդյունքում: Մեր մոտեցումը հետևյալն է, որ որևէ մեկին չենք կարող արգելել ու չենք էլ ուզում արգելել, որ գնա խաղատուն, բայց ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ և չենք ուզում հավելյալ միջոցներ լինեն, որ կգայթակղեն մարդուն դեպի խաղատուն»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պնդեց` կառավարությունն այս ճանապարհով գնալու է և թույլ չի տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել ու «նրանց փողը կոպեկ-կոպեկ տանել»:

Նախագծի վերաբերյալ քննադատական դիտարկմամբ է հանդես եկել  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Ըստ այդ դիտարկման`փոփոխությունը կարող է բացասաբար ազդել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած և գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա՝նեղացնելով նրանց համար գովազդային շուկայի շրջանակը և մեդիա ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար  առաջացնելով ոչ բարենպաստ պայմաններ: ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ նման փոփոխությունները կարող են վտանգել հեռուստաընկերությունների գործունեությունը:

Գործադիրի ներկայացուցիչներից նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում է հայտնել միայն Էկոնոմիկայի նախարարությունը` պնդելով, որ նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կառաջացնի նաև գովազդակիր տնտեսավարողների համար։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը, ինչպես նաև նախագծով սահմանվող սահմանափակումները, որոնք կարող են ֆինանսական մեծ ազդեցություն ունենալ գովազդակիր տնտեսավարողների վրա, գտնում ենք նախագծի ընդունումը ոչ նպատակահարմար»,-նշվում է նախարարության հայտնած կարծիքում:

Կառավարությունից արձագանքել են`ընդունման արդյունքում ակնկալվում է  խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։  Նախագծի ընդունումը պայմանավորված է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի՝ տոտալիզատորների գովազդների ծավալների աճի արդյունքում մասնակիցների քանակի կտրուկ աճով: Ըստ կառավարության մշտադիտարկման արդյունքների` 2020թ.-ին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մասնակիցների քանակն առնվազն կրկնապատկվել:

«Իսկ ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ  նախագծով առաջարկվող կարգավորումները ֆինանսական մեծ ազդեցություն կունենան գովազդակիր տնտեսավարողների վրա, գտնում ենք, որ ազդեցությունը կունենա կարճաժամկետ բնույթ և չի կարող համամադրվել քաղաքացիների՝ ադ թվում խոցելի խմբերի և անչափահասների, մոլեխաղերով տարվելու արդյունքում այդ անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու  հետևանքով պետության վրա բացասական ազդեցության ռիսկերի հետ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Ըստ վիճակախաղերի մասին օրենքի ընդունած սահմանափակումների` հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ: Նմանատիպ սահմանափակումներ են գործելու նաև ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ:

Պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկումներ է իրականացրել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների`«Վիվարո գրուպ» ՍՊԸ-ի (vivarobet.am, ներկայումս՝ «Սոֆտ կոնստրակտ» ՍՊԸ), «Դիջիթեյն» ՍՊԸ-ի (totogaming.am), «Կաբարկո» ՍՊԸ-ն (adjarabet.am), «Գուդ սոֆտ» ՍՊԸ-ի (Goodwin.am) գործունեության ոլորտում:

2018թ. խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ. դրամի միավոր, 2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր, 2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ. դրամի միավոր,

2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ. դրամ, 2020թ. 155.0 մլրդ. դրամի:

Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:

2020թ.-ին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մասնակիցների քանակն առնվազն կրկնապատկվել:

ՊՎԾ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ եկամուտների նման շեշտակի աճի պատճառ հանդիսացող հանգամանքներից է այն, որ 2020թ.-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, որը մինչ այդ արգելված էր:

Նկատենք, որ նախագիծը կյանքի կոչվելու համար պետք է ստանա խորհրդարանի հավանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter