HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատողի աշխատավարձ կբարձրանա․ ավագանին ընդունեց որոշումը

Երևանու ավագանու արտահերթ նիստին քաղաքապետ Հայկ Մարությանն իր զորակցությունը հայտնեց Զինված ուժերին։ «Մեր Հանրապետության սահմաններում բավականին լարված է, ուզում եմ իմ զորակցությունը հայտնել Երևանի քաղաքապետարանի , ավագանու անունից մեր տղերքին, զինվորներին, բանակին»,- նշեց քաղաքապետը։

Հայկ Մարությանը ավելի ուշ էր ներկայացել նիստին, մինչ այդ նիստը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը անդրադարձել էր այսօր օրակարգում ընդգրկված հարցին՝ տեղեկացնելով, որ եթե նախագիծն ընդունվի, ինքը կհրաժարվի աշխատավարձի բարձրացումից։

Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նախագծի ներկայացնելուց հետո ասաց, որ թեև համաձայն է աշխատավարձերը բարձրացնելուն, բայց չի հասկանում՝ ինչու է հարցը արտահերթ նիստով քննարկվում։ «Մնացինք, մնացինք 3 տարի, դրվեց արտահերթ նիստով, ինչը շատ տարօրինակ է, որովհետև արտահերթ նիստի գաղափարը հրատապ հարցերն են, որ պիտի հրատապ լուծվել, այն էլ ավագանու արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում բերել աշխատավարձերի բարձրացման նախագիծ, գումարած այն ծանր ժամանակահատվածը, որում գտնվում է հանրապետությունը, ճիշտն ասած նման օրակարգ բարձրացնելը տարակուսելի է։ Կարո՞ղ է սեպտեմբերին ավագանին լուծարելու ծրագիր կա և պետք է աշխատավարձերն էլ բարձրացնել և նոր լուծարել»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։ Հովհաննիսյանը չմեկնաբանեց ավագանին լուծարելու հարցը՝ հավելելով, որ այն հարցի հետ կապ չունի, ավագանու անդամը նշեց, որ չի ավելանում բյուջեն, այլ վերաբաշխում է տեղի ունենում։

Նախագծով՝ 2000 աշխատակցի աշխատավարձ է բարձրանում։ Արտահերթ ելույթներ հնչեցնելուց հետո նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետին կոչ արեց ևս կողմ քվեարկել, որին ի պատասխան՝ Հայկ Մարությանը ասաց․«Ես արդեն իմ հայտարարությունը արել եմ, սա վերաբերում է կոնկրետ ինձ և արտացոլում է կոնկրետ իմ սկզբունքները, որը ես ամենախիստ ձևով պետք է ինքս իմ նկատմամբ պահել, խնդրում եմ որևէ ձևով չածանցել»,- նշեց քաղաքապետը։

34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ քվերակությամբ որոշումն ընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter