HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանանց նախաձեռնությունը Փաշինյանից պահանջում է ներկայացնել բանակցությունների բովանդակությունը

Հայաստանի Կանանց Նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի ստանձնած հանձնառությունը՝ որդեգրել ուղիղ ժողովրդավարության գործիքակազմը և չկատարել Հայաստանի համար կարևոր որևէ որոշում՝ առանց խնդիրը և լուծման տարբերակները ժողովրդի դատին ու քննությանն ենթարկելու։

«Հիշեցնում ենք, որ 2018 թվականի ժողովրդական շարժման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը որպես կառավարման ուղենիշ հայտարարեց ուղիղ ժողովրդավարությունը՝ բազմիցս հայտարարելով ու խոստանալով, որ իր կառավարման օրոք երկրի համար ՈՐԵՎԷ կարևոր որոշում չի կայացվի՝ առանց ժողովրդի քննարկմանը ներկայացվելու, ժողովրդի կամքն ու ձայնը հաշվի առնելու

2020թ․ նոյեմբերի 9-ին, սակայն, հայ ժողովրդից գաղտնի կնքվեց հրադադարի մասին մի ճակատագրական հայտարարություն, որի դրույթների կատարումը հանգեցրեց հայրենիքի էական հատվածի կորստին և Հայաստանի կողմից միակողմանի և պարտվողական զիջումների քաղաքականությանը։

Վերջին օրերին, արտաքին և ներքին պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանին փոխանցվել են Ռուսաստանի կողմից մշակված նոր փաստաթղթեր, որոնց շուրջ, հավանաբար, բանակցություններ են ընթանում։

Արձանագրում ենք, որ մինչ օրս ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն ընթացող բանակցություններից և խնդրո առարկա փաստաթղթերի բովանդակությունից, դրանք չեն ներկայացվել ժողովրդի դատին ու որոշմանը։

Հետևաբար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, առկա քաղաքական-անվտանգային իրադրության հետ կապված ՀՀ Կառավարությանն ենք ներկայացնում հետևյալ դրույթները և պահանջները․

- Չենք լիազորում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդից գաղտնի որևէ փաստաթուղթ ստորագրել։

- Պահանջում ենք ներկայացնել բանակցությունների բովանդակությունն ու առկա ընտրության տարբերակները։

-Պահանջում ենք չտրվել արտաքին ճնշումներին և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է վերջնականապես օտարել Արցախը Հայաստանից, վտանգել Արցախի և ՀՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին։

- Զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, անվտանգային միջոցառումներ իրականացնել ողջ բնակչության շրջանում, բարեկարգել ապաստարանները։

- Իրականացնել աշխարահազորի կազմակերպված մոբիլիզացիա, հետևողականորեն բարձրացնել բնակչության մարտունակությունը։

- Անհապաղ կահավորել սահմանային այն կետերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով, վերազինել բոլոր սահմանակետերը։

- Բաց խոսել հանրության հետ և ավելորդ ենթատեքստերից մաքրել քաղաքացիների հետ պետության հաղորդակցությունը։

- Բանակի վերականգնման աշխատանքներում ներգրավել Սփյուռքի հայ զինվորականներին, ովքեր կարող են իրենց միջազգային փորձը ի սպաս դնել Հայոց բանակի զարգացման և վերաձևավորման գործին»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Լիանա
Մեկ ազգ մեկ պետություն,միայն հայ մայրերի միասնությունը կոգնի վերջնական կործանման չտանել հայրենիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter