HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելու համար` նոր պատժաչափեր. հեռացող խորհրդարանի վերջին նիստը

Վաղը` հուլիսի 30-ին, իր լիազորությունների դադարեցման վերջին օրը յոթերորդ գումարման խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարելու: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խորհրդի օրակարգից: Նախաձեռնության հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: Նախագծերից մի քանիսը երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու:

Օրակարգում ներառված հարցերն են` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» , «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում,  «Պետական սահմանի» մասին օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերը:

Օրակարգում է նաև Իմ քայլական մի խումբ պատգամավորների ներկայացրած քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նշվում է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նշենք, որ օրակարգը դեռ պետք է հաստատվի ԱԺ խորհրդի կողմից, որից հետո նոր կարող է նիստ գումարվել: Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձակուրդում է, և հավանաբար նա նիստին չի մասնակցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter