
Մեկնարկեց Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը
1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվեցին բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:
Միգրացիոն ծառայության հաղորդմամբ՝ այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնեց 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորեց շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում:
«Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,-ասաց Արմեն Ղազարյանը:
Ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը դիմել են ծառայություն՝ ծրագրի մասնակցելու համար:
Ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել