
Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:
Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին Երևանում: 1974 թվականին գրողն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1985 թ. սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1976-1990 թթ. աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թթ. եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-1997 թթ.՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։
Ավելի քան 8 ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝
- «Մետաքսի ճանապարհ» (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004
- «Երևան-հյուրանոց» (բանաստեղծություններ), Երևան, 2003
- «Անտիպոեզիա» (բանաստեղծություններ), Երևան, 2000
- «Թուղթ ու գիր» (բանաստեղծությունների ժողովածու), 1991
- «Բախտ» (բանաստեղծությունների ժողովածու), 1987
- «Ճոճք» (բանաստեղծությունների ժողովածու), 1982
- «Ճամփորդ արևը» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
- «Անձրև, անձրև, մի արի» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
Արմեն Շեկոյանը գրել է նաև «Հայկական ժամանակ» վեպը, որը մաս-մաս հրապարակվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։
1981 թ. Վրաստանում անցկացված և Վ. Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ. Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003 թ.-ին՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005 թ.-ին «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին, 2017 թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին:
Լուսանկարը՝ Վիքիպեդիայի
Մեկնաբանել