HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանում տիրող  իրավիճակին։ Իր գրառման մեջ Մարդու իրավունքների պաշտապանը գրել է. 

«Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են: Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են: Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի հետ միասին: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»,- նշված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter