HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պտղնի համայնքի բնակիչը պնդում է` «Բելաջիո» ռեստորանային համալիրն իրեն պատկանող տարածքում կոյուղահոր է կառուցել

Պտղնի համայնքի բնակիչ Գարիկ Մովսիսյանը 2007 թվականին համայնքում աճուրդով հողատարածք է գնել, որը գրանցվել է նրա և կնոջ՝ Ալիսա Հայրյանի անվամբ: Տևական ժամանակ Հայաստանից բացակայելուց հետո վերադառնալով՝ Մովսիսյանը պարզել է, որ հողատարածքի մի հատվածում «Բելաջիո» ռեստորանային համալիրը կոյուղահոր է կառուցել, ասֆալտապատել: Այժմ Մովսիսյանը հողատարածքում կառուցված շինությունում է ապրում, արդեն մի քանի տարի վեճի մեջ է ռեստորանային համալիրի և Պտղնիի համայնքապետարանի հետ, պահանջում է կոյուղահորը քանդել ու իրեն պատկանող հողատարածքը վերադարձնել այն վիճակում, ինչպիսին եղել է:

«Ես ուզում եմ իմ հողն ազատեն, ասֆալտը քանդեն, կոյուղահորը վերացնեն: Տհաճ հոտ է գալիս»,- ասում է Գարիկ Մովսիսյանը:

Մովսիսյանը նախ փորձել է հարցը բանավոր լուծել Պտղնիի համայնքապետարանի հետ, չի ստացվել։ Հետո սկսել է գրավոր դիմումներ ուղարկել համայնքապետարան, դարձյալ՝ ապարդյուն: Տեսնելով, որ արդյունքի չի հասնում, Մովսիսյանը որոշել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, քրեական գործ է հարուցվել, Պտղնիի համայնքապետ Առաքել Վիրաբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որը վերջինս ընդունել է, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն  անցած լինելու հիմքով:

Սա անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու արդարացնող հիմք չէ. Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ քննիչը հաստատված է համարել, որ «Առաքել Վիրաբյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց որևէ փաստաթղթի, պայմանագրի կամ աճուրդային կարգի, բանավոր հիմունքներով Պտղնի համայնքից տարածք է տրամադրել «Բելաջիո» ռեստորանային համալիրի տնօրեն Արսեն Մակարյանին, որից հետո նշված վայրում կառուցվել է կոյուղահոր, այսինքն՝ կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով»:

Որոշումից 5  տարի անց վեճի առարկա հանդիսացող տարածքը Մովսիսյանին չի վերադարձվել

«Բելաջիո» ռեստորանային համալիրն ու վերջինիս տնօրենը որոշել են դատական կարգով վիճարկել խնդրո առարկա հանդիսացող տարածքը Մովսիսյանին և կնոջը՝ Ալիսա Հայրյանին աճուրդով վաճառելու որոշումը:

Մասնավորապես՝ «Հանդիպում 299» ՍՊԸ-ն, որին պատկանում է «Բելաջիո» ռեստորանային համալիրը, վարչական հայց է ներկայացրել ընդդեմ Պտղնիի համայնքապետարանի, համայնքի ավագանու, «Կադաստրի պետական կոմիտեի»՝ պնդելով, որ Մովսիսյանի և կնոջ գնած հողատարածքի մի մասը համադրվում է դեպի սննդի օբյեկտ տանող ճանապարհի հետ, իսկ մյուս մասը` ՍՊԸ-ի կողմից դեռևս 2004 թվականին կառուցված ստորգետնյա կոյուղու հորի հետ։

Հայցադիմումում «Հանդիպում 299» ՍՊԸ-ն նշել է, որ վեճի առարկա հանդիսացող հողատարածքը «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հող է: Նշենք, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, ի թիվս այլնի, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ): Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել այն հողերը, որոնք մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են:

«Հանդիպում 299» ՍՊԸ-ն դատական ներկայացված հայցադիմումով խնդրել է մասնակի՝ վիճելի տարածքի մասով անվավեր ճանաչել Գարիկ Մովսիսյանին և կնոջը աճուրդով հողատարածք վաճառելու պայմանագիրն ու այդ հողատարածքի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի գրանցումը:

Ներկայացված հայցադիմումի վերաբերյալ Պտղնի համայնքն ու ավագանին պատասխան չեն ներկայացրել: Գործով որպես երրորդ անձ ներգրավված Գարիկ Մովսիսյանն ու Ալիսա  Հայրյանը պնդել են, որ կոյուղու հորը կառուցվել է ոչ թե 2004 թվականին, ինչպես նշում է «Հանդիպում 299» ՍՊԸ-ն, այլ 2007 թվականին: Նրանք դատարան են ներկայացրել նաև «Գուգլ» քարտեզից տպված լուսանկարներ, համաձայն որոնց՝ վիճելի հողատարածքում կոյուղահորի և ավտոճանապարհի առկայությունը երևում է 2007 թվականից հետո:

Վարչական գործի քննության ընթացքում դատարանը նշանակել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ին: Փորձագետի եզրակացության համաձայն՝ Ալիսա Հայրյանին և Գարիկ Մովսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,16 հա (1600,0քմ) մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակությամբ հողամասը համադրվում է հասարակական սննդի օբյեկտ տանող ճանապարհի և նույն օբյեկտի ստորգետնյա դիտահորի հետ, համապատասխանաբար, 230,6քմ և 28,5քմ մակերեսների չափով: Փորձագետի եզրակացությունը հիմք ընդունելով՝ դատարանը որոշել է «Հանդիպում 299» ՍՊԸ-ի հայցադիմումը բավարարել: Անդրադառնալով Գարիկ Մովսիսյանի և Ալիսա Հայրյանի ներկայացրած «Գուգլ» քարտեզից կատարված ինտերնետային լուսանկարներին, որոնցով, ըստ վերջիններիս, հիմնավորվում է, որ կոյուղու հորը և ճանապարհը կառուցվել են 2007 թվականից  հետո, դատավոր Արծրուն Միրզոյանը նշել է, որ այդ լուսանկարներով չի հաստատվում վերոհիշյալ փաստը, ավելին՝ պարզ չէ, թե դրանք ինչ տարածքների են վերաբերում, և ինչ կարգով են հանված այդ լուսանկարների օրինակները:

Դատարանում քննարկման առարկա է դարձել նաև այն հանգամանքը, որ Պտղնի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում է եղել՝ առանց համապատասխան հիմքերի «Բելաջիո»-ին հող հատկացնելու վերաբերյալ: Այս հանգամանքին անդրադառնալով՝ դատավոր Միրզոյանը նշել է, թե դրանք նախապես հաստատված ապացույցների ուժ չեն կարող ունենալ, քանի որ առկա չէ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ:

Գարիկ Մովսիսյանն ու Ալիսա Հայրյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել

Գարիկ Մովսիսյանն ասում է՝ փաստացի իրենից փորձում են խլել սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքը:

Վերջինս ու կինը՝ Ալիսա Հայրյանը, վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ կոյուղագծի և իրենց պատկանող գույքի նկատմամբ «Հանդիպում 299» ՍՊԸ-ն ու դրա տնօրենը որևէ հավակնություն ունենալ չեն կարող, քանզի համայնքի ղեկավարի կողմից այն վերջիններիս է տրամադրվել բացառապես բանավոր կարգով, առանց որևէ հիմքերի, իսկ ավագանու վիճարկվող որոշմամբ վերջիններիս որևէ իրավունք չի խախտվել կամ չի ստեղծվել նման վտանգ։ Ըստ բողոքի՝  ներկայում, Կոտայքի մարզի Պտղնի համայնքի քարտեզագրման արդյունքներով, Պտղնի համայնքի վիճելի հատվածում «հասարակական սննդի օբյեկտ տանող ճանապարհ հասկացություն» գոյություն չունի, այն պարզապես ոչ իրավաչափ, արհեստականորեն, երրորդ անձի գույքի հաշվին բացված «ինքնաշեն» ճանապարհ է, որը չի կարող ներառված լինել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ, հետևաբար դրա նկատմամբ հայցվորը որևէ հավակնություն չունի, այդ թվում՝ օգտագործման:

Նշենք, որ գործի քննության ընթացքում փորձագետ Արմեն Հովհանիսյանը ցուցմունք է տվել: Վերջինս Մովսիսյանի և Հայրյանի ներկայացուցչի հարցին ի պատասխան հայտնել է, որ փորձաքննությունն իրականացրել է բնության մեջ գոյություն ունեցող դիրքերով, այլ ոչ թե համայնքի քարտեզագրման արդյունքներով, հետաևաբար չի ուսումանասիրել նշված տարածքների նպատակային և գործառնական նշանակությունը, չի պարզել, թե նշված հատվածում համայնքի քարտեզագրման մեջ «ճանապարհ» առկա է, թե՞ ոչ, նշված տարածքը ըստ իրավահաստատող փաստաթղթերի հանդիսանո՞ւմ է, արդյոք, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված տարածք, թե՞ ոչ:

Փաստաբանը կարծում է, որ եթե «Հանդիպում 299» ՍՊԸ-ն համարում է, որ դեպի իր տարածք մուտք գործելու միակ ճանապարհը Մովսիսյանին և Հայրյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի տարածքն է, ապա նշված հարցը կրում է զուտ քաղաքացիաիրավական բնույթ՝ միաժամանակ նաև նշելով, որ իրականում առկա են այլընտրանքային մի շարք տարբերակներ:

Բացի այդ, վիճելի հողատարածքը գյուղատնտեսական նշանակության է և ոչ մի կերպ չէր կարող ծառայել տրանսպորտային նշանակությամբ, այն չի կարող ներառված լինել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ, ավելին՝  համայնքի ղեկավարը պարտավոր էր պահպանել նշված նշանակության հողատարածքը կենցաղային թափոններով աղտոտումից:

Անդրադառնալով Առաքել Վիրաբյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների առնչությամբ Վարչական դատարանի դիրքորոշմանը, թե «դրանք նախապես հաստատված ապացույցների ուժ չեն կարող ունենալ, քանի որ առկա չէ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ», բողոքաբերը նշել է, որ նման  եզրահանգման գալիս դատարանը հաշվի չի առել, որ Վիրաբյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով, որը Սահմանադրական դատարանի հայտնած դիրքորոշման համաձայն մեղադրյալին արդարացվածի կարգավիճակ չի տրամադրում:

Առկա է նաև վճռաբեկ դատարանի կողմից դեռևս տասը տարի առաջ կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշում այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների ընդունած որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

«Վերոգրյալից հետևում է, որ անհիմն են դատարանի եզրահանգումները ապացույցը չգնահատելու մասով՝ պայմանավորված զուտ մեղադրական դատական ակտի բացակայությամբ, իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված է համարվել թե՛ դիտահորի, և թե՛ վիճարկվող հողամասի նկատմամբ հայցվորի իրավունքի բացակայության փաստը»,- ասված է բողոքում:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Գարիկ Մովսիսյանն ու Ալիսա Հայրյանը վերաքննիչ դատարանից խնդրում են ամբողջությամբ բեկանել վարչական դատարանի վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության կամ փոփոխել ու մերժել «Հանդիպում 299» ՍՊԸ-ի հայցը կամ ամբողջությամբ բեկանել վարչական գործով կայացված վճիռը և գործի վարույթը կարճել:

Մեզ հետ զրույցում «Հանդիպում 299» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայտնել է, որ վերահաստատում են իրենց այն բոլոր պնդումները, որոնք արվել են քաղաքացիական գործի շրջանակներում, որոնք վերևում ներկայացրել ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter