HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան թշնամու 4 տանկ եւ կենդանի զինուժ ոչնչացնելու համար

Անդրանիկը շքանշանն ամրացնում է զինվորական հագուստին, սակայն լուսանկարվելու համար հրաժարվում է հագնել՝ պատճառաբանելով, թե պիտի պարտադիր սափրված լինի: 

-Ի՞նչի մասին պիտի խոսենք,-հարցն անսպասելի չէ, սակայն պատասխանելիս մի փոքր տատանվում եմ: 

- Քո մասին, քո եւ արցախյան պատերազմի, ընկերներիդ, քո երազանքների մասին:

-Լավ,-տղան գլխով է անում,-բայց վատ բաներից քիչ կխոսեմ: 

Գյումրեցի 24-ամյա Անդրանիկ Մկոյանը հուլիսի 17-ին, զորացրվելու նախորդ օրը, պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւներից՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, որ շնորհվում է պաշտպանության բանակի զինծառայողներին հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:

-Ի՞նչ էիր մտածում, երբ պարգեւը հանձնում էին քեզ:

-Մտածում էի՝ արժանի չեմ, կարող էի 30 տանկ խփել:

Արցախյան պատերազմի 44 օրյա դժոխքն անցած երիտասարդը, որ համարում է, թե պիտի ավելին աներ, պետական բարձր պարգեւին արժանացել է թշնամու մեծ թվով կենդանի զինուժի  եւ 4 տանկի ոչնչացման համար: 

-Քի՞չ է,-հարցնում եմ:

-Չէ, բայց կարող էր ավելի շատ լինել:

«Պատերազմ» բառը մինչեւ պատերազմը սկսվելը, ոչ ոք բարձրաձայն չի արտասանել, սակայն կար անորսալի մի տագնապ օդում, որ ի վերջո միս ու արյուն ստացավ սեպտեմբերի 27-ին: «Հուլիսից շատ ավելի զգոն էինք ամեն ինչում, մի տեսակ նախապատրաստական վիճակ էր: Կար որոշակի լարվածություն, բայց անձամբ ես տագնապի զգացողություն չեմ ունեցել,-ասում է Անդրանիկը,-սեպտեմբերի 27-ին էլ, սովորականի նման շուտ էի արթնացել՝ ժամը 7-ը չկար, ընկերոջս հետ դուրս եկանք զորամասից, որ ծխենք, հետո գնանք լվացվենք, պատրաստվենք: Ծխել վերջացրել էինք, լսեցինք հեռվից եկող ձայներ, վազել ենք զորանոց, որտեղ տագնապն արդեն տրված էր, պատրաստվել ենք, որովհետեւ պարզ էր, որ սկսվել է»:

Անդրանիկը հակատանկիստ է: Ծառայության հիմնական վայրը եղել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում տեղակայված հակատանկային դիվիզիոնում: Երբ զորակոչվում էր(2019թ-ի հուլիսի 18), չէր պատկերացնում, որ վիճակահանության ժամանակ իրեն բաժին է ընկնելու Գյումրու հակատանկային զորամասը, որտեղ 6 ամիս ուսումնառությունն անցկացնելուց հետո տեղափոխվելու է Արցախ: «Պատերազմի ընթացքում քո ամենածանր օրը ե՞րբ է եղել»,-հարցնում եմ՝ սպասելով, թե կնշի որեւէ ռազմական գործողություն: 

«Հոգեբանական առումով ամենածանր օրն եղել է նոյեմբերի 9-ի գիշերը, երբ իմացանք, որ պատերազմն ավարտվել է ու մենք պարտվել ենք: Էդ իմ կյանքի ամենադաժան ու ցավոտ օրն էր ողջ պատերազմի ընթացքում: էդ օրը շատ զբաղված էինք, մեկ էլ կեսգիշերին իմացանք, որ պատերազմն ավարտվել է, պատկերացրեք մի պահ եկավ, որ բոլոր կրակոցները միանգամից դադարեցին ու չորս կողմդ լռություն է: Բայց էդ լռությունն ու մթությունը քո կողմն է, դու կտեսնիս, թե թշնամիդ ինչ ձեւով կուրախանա, ինչ հրավառություն է ու կհասկնաս, որ իրանք հաղթեցին: Հաջորդ միտքը, որ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան ու անհայրենիք: Ու ներսից մե բանմ կխեղդե քեզի, որ դու քո առջեւ դրած խնդիրը մինչեւ վերջ չես կատարել, ավելի ճիշտ արդյունքը, որ կուզենայիր ստանալ՝ չես ստացել, չես հաղթել»:

Պատերազմի վերաբերյալ հիշողություններում թերեւս ամենածանրը  զինակից ընկերների մահն է սեփական աչքերով տեսած: Անդրանիկն այդ մասին չի խոսում, թեպետ մայրը նախնական խոսակցության ժամանակ նշել էր, որ որդին ականատեսն է եղել երկու զինակից ընկերոջ զոհվելուն: Անդրանիկն ասում է, որ ծանր զգացողություն է ունեցել, երբ լսել է Աշոտ Պետրոսյանի մահվան մասին, ում հետ վեց ամիս եղել են ուսումնական դիվիզիոնում: «Ես անձամբ իրա մահը չեմ տեսել, ինքը Ջաբրայիլում է եղել, Աշոտը մեր մարզի Ջրառատ գյուղից էր, մենք իրար հետ ուսումնականում ենք եղել՝ իր մահն եմ ծանր տարել: Դեկտեմբերի 1-ին մեկ շանբաթով տուն էին թողել, հաջորդ օրը ծննդյանս օրն էր, մենք ընդհանուր ընկերներ ունեինք, եկել էին ինձ տեսնելու, իրենցից պատահական իմացա, որ զովել է, մարմինն էլ գտնվել է: Իմ համար շոկային էր էդ լուրը: Պատերազմն առանց զոհերի չի լինում, ուղղակի ասեմ, որ մեր զորամասից շատ քիչ զոհեր են եղել ու դա գնդապետ Արամ Խաչատրյանի, իրա տեղակալների՝ մասնավորապես Գեւորգ Պետրոսյանի տված ճիշտ հրամանների, ճիշտ կառավարման արդյունքում է եղել»,-շեշտում է զրուցակիցս՝ խնդրելով ընդմիջել հարցազրույցը, որ ծխի:

Զրույցը շարունակում ենք Անդրանիկի մոր՝ Արմինե Մարտիրոսյանի հետ: Հուլիսի 18-ին զորացրվել ու տուն է վերադարձել միջնեկ որդին, իսկ չորս օր անց՝ հուլիսի 22-ին բանակ են ճանապարհել տան կրտսերին՝ Դավիթին, ծառայության վայրը՝ Վայքի զորամաս: Տղա ունեցող ցանկացած մայր գիտի, որ ժամանակն եկավ, երկու տարով իր զավակին պիտի հանձնի պետությանը, հաշտ եղե՞լ է Արմինեն այդ մտքի հետ: 

«Ես բանակին միշտ պատրաստ եղել եմ, բայց ոչ՝ պատերազմին,-նշում է Արմինեն,- կյանքում շատ վատ բաներ եմ տեսել՝ երկրաշարժ, քրոջ կորուստ, հարազատների մահ, ավելի ուշ հայրս մահացավ, բայց պատերազմից սարսափելի բան չկա, երբ ամեն ժամդ սպասում է ու դու ամեն օր կմեռնիս: Սեպտեմբերի 27-ին, համացանցից իմացանք որ պատերազմ է սկսվել, անհանգիստ կսպասեի Անդրյուշիս զանգին: Զանգեց ոչ իր համարից, երեւի ժամը 11-ն էր, մի տեսակ շնչակտուր, լարված ձայնով, ասաց՝ մամ ջան, զանգել եմ ասեմ, որ հանգիստ լինես, դու ինձ գիտես, ամեն ինչ նորմալ կլինի, ուղղակ պարզ չէ, թե ինչքան կտեւէ էս ամեն ինչը: Ասի՝ Անդրյուշ ջան, ինչ կըսե՞ս, մի քանի օր դիմացի՝ դեմը կառնին, ինքը լսեց, ռեակցիա չտվեց, ընձի կթվար, թե ապրիլյանի նման կարճ պիտի տեւե, բայց որ չպատասխանաց, հասկացա որ իրանք էդ կարճի հույսը չունեին ու դրանից հետո երկու երեք օր Անդրանիկը չզանգեց»:

Հետո, ինչպես բոլորն, ովքեր զինվոր ունեին առաջնագծում, ապրում էին զանգից զանգ՝ ժամերն ու օրերը հաշվելով: Ընտանիքում աշխատում էին պատերազմի թեման չքննարկել՝ ապրեցնողը Անդրանիկից ստացվող ժլատ լուրերն էին. «լավ եմ, ամեն ինչ կարգին է»:

«Անգամ չէր ասել, որ բեկորային վիրավորում է ունեցել, բայց քանի որ վնասվածքը խորը չի եղել, որոշել է մեզ չանհանգստացնել: Դեկտեմբերին, որ մի շաբաթով արձակուրդ եկավ, պարզվեց որ ողնաշարի խնդիր էլ կա, որովհետեւ եղել են դեպքեր, որ ֆագոտն ու հրթիռները մենակ է տեղափոխել, իսկ դա ահագին ծանր է, Անդրանիկի ասելով՝ սաղ իրար հետ 70 կգ է, իսկ իրա քաշը 55 կգ է»,-ունեցած տեղեկություններն է փոխանցում Արմինեն: 

Անդրանիկը վերադառնում է հյուրասենյակ: Շարունակում ենք ընդհատված զրույցը: Խնդրում եմ պատմի պատերազմի 44 օրերից ամենահիշվողի մասին: «Եթե դու հակատանկիստ ես, պարզ է, որ ամենահիշվողը պիտի լինեն խոցածդ թշնամական տանկերը,-ժպտալով ասում է զրուցակիցս,-օրը լավ չեմ հիշե, բայց էդ օրը Թալիշից իջել էինք Մարտակերտ, ինձ որպես հակատանկայինի տարել էին  հրամատարական դիտակետ: Ես արդեն գիտեի, որ դասակի հրամանատարը պիտի մտնի ու ասի մարդ է պետք, դարձա ընկերոջս ասի, որ հմի մտան ասին մարդ է պետք, ես առաջինը կելնիմ կկանգնիմ, դու հե՞տս ես, ասեց՝ հա: Դասակիս հրամանատարը՝ Պետրոսյան Գեւորգը կմտնի ներս, կսե երեք հոգի դուրս եկեք, ես կելնիմ ոտքի, մեկ էլ երկու ընկերս, կսե՝ գնացինք: Մութ գիշեր է, ոչ գիտենք ուր կերթանք, ուղղակի գիտենք, որ «լավ տեղ» կերթանք: Հասանք, ներկայացա դասակի հրամանատար Հայրապետյանին, հարցրի՝ կողմնորոշիչներ կա՞ն, դարձավ ըսեց՝ ի՞նչ կողմնորոշիչ, ինչ բան, դու դեմդ նայե, ինչ տեսար՝ խփե՛»:

Հարցազրույցն ընդհատվում է: Սկսում ենք երկուսով ծիծաղել՝ ակամայից մոռանալով, որ ֆիլմից չէ պատմած դրվագը: Խոտովանում է, որ շատ է պարտական կապիտան Հայրապետյանին իրեն վստահելու համար, թեպետ վերջինս սկզբում համոզված է եղել, թե Թալիշից փախած խեղճ զինվոր է, որին պետք է պահել դասակում: «Ինձ դա հետո են ասել, բայց արդեն կարեւոր չէ, կարեւորը, որ ինքն ինձ վստահություն էր ներշնչել, որ ես կարող եմ,-նկատում է Անդրանիկը,-մի խոսքով, առաջին օրերին ջերմատեսիլ գիշերային սարք չեմ ունեցել: Արդեն երկու օր է տվյալ հատվածում եմ, գիշերները ձեներ գուկան, բայց շարժ չկա: Լրիվ հուսահատվել եմ, որ պատերազմը կպրծնի, ես հլը տանկ չեմ խփել: Երրորդ օրը ջերմատեսիլ սարքը բերեցին, դրեցի, օգտվելու ձեւն իմացա, անջատեցի պառկա, օր քնիմ: Նոր աչքս կպել էր, ձեն կուդան, թե ելի, տանկերի շարասյուն է: Մտածեցի, երեւի էլի էն նախորդ օրերի նման կեղծ տագնապ է, առանց բրոնեժիլետ, առանց կասկա, կերթամ կմիացնեմ, կնայեմ օպտիկայիս ու կտեսնիմ, օր 4 հատ տանկ վրես գուկան: Կզեկուցեմ, հետո կնայեմ կողքս, կպարզվի երեք հատ հրթիռ ունիմ ընդամենը: Այսինքն հստակ է, որ չպիտի վրիպեմ, կմտածեմ՝ գոնե էրկուսին կպնիմ, էն մնացածը կփախնին հաստատ»: 

Ասում է, սկզբում այնքան խառնված է եղել, որ անգամ չի կողմնորոշվել սաղավարտը դնի, չդնի: Ռացիայից լսվող Հայրապետյանի «հըըը՜, կրակի՜, Անդո,՜դու կարող ես» բառերը սթափեցրել են, մի կողմ է շպրտել սաղավարտն ու կրակել: «Կրակեցի ու ջերմատեսիլով կնայեմ, թե ինչ ձեւի կվառվի, նորից կլսեմ Հայրապետյանի ձենը. «Անդո կպար, Անդո դավայ, Անդո կրակի»: Ռաֆոն կլիցքավորե, 2-րդ տանկն էլ կխոցեմ, մյուս երկուսը կփախնին: Ու երբ վերջացրեցի, նոր զգացի, որ էդ լարվածությունից ահավոր հոգնել եմ, էն մտքից, որ գիտես տղերքը քեզնից 300 մետր են առաջ ու եթե տանկերն հայտնվեն խրամատների մոտ ինչ կարող է լինել»: Տանկը խփելը միշտ էլ իրադարձություն է եղել, ասում է Անդրանիկը, իսկ վառվող տանկին նայելը՝ տոն: «Գիշերային սարքով, օր կնայես էդ վառվող տանկը լրիվ ուրիշ սիրունություն է»,-Անդրանիկը ծիծաղում է: 

Թշնամու կենդանի զինուժի խոցման կադրերն եւս դիտարժան են եղել: Պատերազմում կամ սպանում ես, կամ քեզ են սպանում՝ դա հայտնի ճշմարտություն է: «Էդ օրը կայծակնային հարձակում էր 34-րդ դիրքի վրա, բացի տանկերից 3 մեծ կամազներով իրանց զինվորներին կբերեին: Ես առաջին հրթիռ արձակեցի, վարորդը տեսավ, ավտոն կանգնցրեց, իջավ վազեց որ թափքը բացի՝ չհասցրեց, երկու հոգի դուրս թռան ու մեքենան պայթեց, մյուս մեքենան փորձեց  մանեւրել ու շուռ եկավ փոսի մեջ: Մեքենան խփել եմ երեկոյան վեցի կողմ, սկսեց վառվել ու էնքան երկար կվառվի, որ մութն ընկել էր, առաջնագիծը լրիվ լուսավորվել էր: Ասենք գուցե էն քիչ պահերից է, որ կրակին նայելուց հաճույք կստանաս»:

-Ինչի մասին էիր երազում այդ 44 օրերին,-հարցնում եմ:

-Հաղթանակի: Ես չեմ մոռանա երբեք հոռաթաղցիների հայացքը: Էն որ տագնապ է տված, մարդիկ խառնված երեխեքին կլցնեն ավտոները, դու Ուրալի բորտի մեջ նստած արդեն մեջքով կերթաս, դու կտեսնիս, թե մարդիկ ինչ ձեւով քեզի կնայեն, էնպես կնայեն, որ կհասկնաս, որ մե քայլմ հետ դնելու տեղ չունիս: Էն, որ պատերազմի երրորդ օրը կիջնիս զորամաս մի քանի ժամով հաց ուտելու, կտեսնիս թե հաց սարքող կանայք ինչ ձեւի կնայեն վրեդ, դա բառերով փոխանցել անհնար է, տուշոնկա կբացեն, որ գրեչկով ուտես, մեկ էլ լուր կուդան, օր դուրս պիտի գանք, մի տարիքով կին կմոտենա, ձեռքի կոֆեի բաժակը կուտա ընձի, թե՝ տղես, խմե նոր գնա, ու հա՛, դու իրավունք չունես ուրիշ բան երազելու: Երբ որ հուսահատված, հոգնած ամեն ինչից պառկած ես հողին՝ բաց երկնքի տակ, կմտածես, որ քեզի մոռացել են, դու հեչ մեկին պետք չես, մեկ էլ քեզի տուփմ կբերեն վրան գրած՝ «Հաղթելու» ենք, դու կհասկնաս, որ էնտեղ, խորը թիկունքում լիքը օտար մարդիկ քեզի կհիշեն, քո մասին կմտածեն ու հանուն իրանց դու պիտի հաղթես: 

Անդրանիկը ձեռքն է վերցնում կիթառը: Ես նայում եմ երաժշտի նուրբ, երկար մատներին՝ դժվարությամբ պատկերացնելով, թե ինչպես է փոքրամարմին այս տղան միայնակ տեղափոխում սեփական քաշը գերազանցող ֆագոտն ու հրթիռները: Անդրանիկն ունի երաժշտական կրթություն, կիթառին տիրապետել է ինքնուս, ստեղծագործում է, երգեր է գրում եւ կատարում, ուսանողական տարիներին երաժշտական խումբ են ունեցել, անգամ համերգներ են տվել: Ավարտել է Սլավոնական համալսարանի ինֆոտեխնոլոգիական կապի համակարգեր բաժինը՝ կապի օպերատորի որակավորմամբ: Մինչեւ բանակ զորակոչվելը զբաղվել է տուրիզմով ու վերադառնալուց հետո էլ մտադիր է զարգանալ հենց այս բնագավառում: Ափսոսում է, որ այլեւս չի կարողանալու խմբեր տանել Արցախ, սակայն պնդում է, թե ամեն մի հայ պարտավոր է ճանաչել ու սիրել հայրենիքի բոլոր հայտնի ու անհայտ վայրերը: 

Հրաժեշտից առաջ ցույց է տալիս Արցախից որպես հիշատակ բերած տանկը՝ պատրաստված զենքի մասերից: Ասում է, վստահ է, եթե անգամ բայրաքթարներ չստեղծենք, հակազդող զենք պարտավոր ենք ունենալ:

«Համոզված եմ, որ մենք կարող ենք ստեղծել մի բան, որ դրանց դեմ պայքարենք: Ես ռադիոֆիզիկան եմ սովորել, բայց ես լավ ուսանող չեմ եղել, չնայած դրան, իմ կարճ խելքով պատկերացում ունեմ, թե դրանց դեմ ինչ կարելի է անել: Կարծում եմ ինձնից ավելի խելացի մարդիկ արդեն գիտեն, թե ինչ պիտի անեն ու արդեն միջոցներ են ձեռնարկել: Բայրաքթար կոչվածը լավ բան է, ինքը հզոր է, 8 կմ բարձրությունից 30 սմ շեղումով խոցում կենե, անտեսանելի է՝ ձեն չունի, դու մենակ էն ժամանակ կիմանաս, երբ որ կխփե: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում իրանց հարցը կլուծվի: Մենք տարբերակ չունենք՝ կամ պիտի համարժեքը ստեղծենք, կամ դրան ոչնչացնողը»:

Գլխավոր լուսանկարը՝ Գագիկ Մխիթարյանի

Մեկնաբանություններ (1)

Արծրունի Յարմալոյան
Իմ տղան` Յարմալոյան Տիգրանը (Սպիտակից) նույնպես ծառայել է Ներքին Հոռաթաղում , Գևվորգ Պետրոսյանի դասակում և նունպես Գյումրու հակատանկային ուսումնական կենտրոնից է գնացել 2019թ. հունվարի 11_ին։ Տիգրանս զոհվել է սեպտեմբերի 27_ին Թալիշի հատվածում, կուզեի իմանալ ճանաչու՞մ էս Տիգրանիս, կարող է նկար ունենաս նրանից, եթե ունես խնդրում եմ զանգես ինձ, իմ հեռախոսի համարը 096196990, 098623225։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter