HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Շեկոյան. բանաստեղծություններ

Թշվառներ

Ա՛խ, դժբախտ ենք մենք ի վերուստ.
տեր ու ծառա, աղքատ-հարուստ,
հարս ու կեսուր, սանիկ-քավոր,
հավաքարար ու թագավոր:

Թեկուզ էսօր հարսանքավոր,
մեկ է` դու էլ ես սգավոր,
զի բոլորն են թշվառ ու մերկ
հայրենիքում իմ արնաներկ:

***
Անկախ մեզանից ամեն ինչ եղավ.
եղավ այն՝ ինչը որ բարին էր:
Մեր հաղթանակի անունը դրինք
«Խավարի ու ցրտի տարիներ»:

***
Մենք անընդհատ գահավիժել
ու վերստին ներկա ենք, կանք:
Ի՜նչ անուշ է Քո պատիժը,
որ ունի կարճ անուն մի – Կյանք:

***
Չիք ժամանակ, որ ներմուծեմ:
Վերջն է այսուամենայնիվ:
Չեմ հասցընի էլ վերլուծել
այս ամենն ըստ ամենայնի:

***
Լուսավորեք ինձ,
ինքնամատույց ու
դողդոջուն լույսեր:
Ես ունեմ մի սիրտ,
մեն մի հատիկ սիրտ
ու էսքան շատ սեր:

Ունեմ մի Աստված,
մի հատիկ Աստված՝
գունատ ու սիրուն:
Մեն մի հայրենիք,
որ համառորեն
չի արձագանքում
իմ անհույս սիրուն:

Ես թռչուն եմ
Ես թռչուն եմ, վասնզի
սիրում եմ երգել:
Ես թռչուն եմ, վասնզի
գարուն է եկել:

Ես թռչուն եմ, վասնզի
երգն է հարատև:
Ես թռչուն եմ, վասնզի
ունեմ երկու թև:

Մահապարտներ
Իմ եղբայրներն եք,
բայց սրտիկն իմ խև
մերժեց, որ դառնամ
մեկիդ կուսակից:
Դեռ չեմ հեռացել.
տարածքում եմ. և
անունըս դեռ չեք հանել ցուցակից:

Անընդհատ իրար
հաղթում եք, մինչդեռ
դուք չեք թողնի, որ մեկըդ վայելի:
Ձեր հարվածներից
փըշըրվում եմ դեռ
ես – ձեր հստակ ու միակ հայելին:

Մտորում
Կորցըրեցի ես իմ կյանքի
իմաստը:
Հեչ չըբըռնեց մեր էս կյանքին
իմ մաստը:

Շարունակեմ աղիողորմ
իմ արիան,
զի` ոչ համարն է իմ բռնել,
ոչ` սերիան:

Ահա ձեզ` մի ձախորդության
ձույլ պասաժ:
Ի՞նչ եմ նստել. ելնեմ-գնամ
վերնիսաժ,
գնամ-տեսնեմ` ո՞վ կա էնտեղ
իմ խելքին,
գնամ-տեսնեմ Կոջոյանի
տղերքին,

խմենք, հիշենք կյանքը`
հորձանք առ հորձանք.
հիշենք, թե ոնց մենք նկարիչ
չըդարձանք:

Եռաբլուր
Տղերքն էլի իրարով են`
հավերժի մեջ ու հիմի:
Խոտն է ծլել Նավասարդյան
Աշոտի տաք շիրիմին:

Գարնան մի ամպ զիլ տրաքեց
մեր ամենավերևում.
կարկուտ տեղաց շիրիմներին,
ու երկինքն էր երերում:

Ու մենք փախանք` թողած ցրիվ
պատառիկներն իր կյանքի:
Ու նա մնաց կարկուտի տակ,
զի սովոր էր զրկանքի:

Ոչնչություն
Ոչ ջաղացպան եմ, ոչ էլ բոստանչի.
ոչ չախչախ ունեմ և ոչ էլ բանջար:
Ոչ թագավոր եմ, ոչ էլ վեհափառ.
ոչ պալատ ունեմ և ոչ էլ տաճար:

Ոչ կանաչ խոտ եմ, ոչ էլ մոլախոտ:
Ոչ գործարար եմ և ոչ էլ անգյալ:
Ես ոչ Բենդեր եմ,
ոչ էլ Դոն-Կիխոտ.
չունեմ կոմպրոմատ և
չունեմ լագյան:

Ես ոչ որսորդ եմ, ոչ էլ որսաշուն,
ոչ հրացան եմ և ոչ էլ բարութ:
Ես վատ չեմ երգում,
բայց Վիսոցկի չեմ.
ոչ Վիսոցկի եմ, ոչ էլ Ձախ Հարութ:

Ես մի ճամփորդ եմ,
բայց տեղ չեմ գնում
ու մնացել եմ այստեղ ձեր հույսին:
Ես վատ չեմ խաղում,
սակայն Պելե չեմ.
ես ոչ աստըղ եմ և ոչ էլ լուսին:

Ես ոչ Վան Գոգ եմ, ոչ էլ Արքիմեդ,
թեպետ կյաժ եմ ու
չունեմ հենման կետ:
Ես ոչ Մոցարտ եմ, ոչ էլ Սալյերի.
ոչ հանճար ունեմ,
ոչ էլ կոնկուրենտ:

Ոչ կարգին հայր եմ,
ոչ էլ Հայրիկյան,
ոչ մեբել ունեմ և ոչ էլ դիվան:
Ոչ Բեն Լադեն եմ, ոչ Դիոգենես.
ունեմ օթևան, ունեմ հանգըրվան:

Ես ոչ բամբակ եմ և ոչ էլ կացին,
ես ոչ բժիշկ եմ և ոչ էլ բորոտ:
Ես ոչ Պուտին եմ և ոչ էլ Ելցին,
զի` ոչ բոյով եմ և ոչ էլ կոլոտ:

Ոչ կարգին կարճ եմ,
ոչ կարգին երկար:
Ես ոչ գազան եմ, ոչ էլ թռչուն եմ:
Ես ոչ նախկին եմ և ոչ էլ ներկա,
զի` ընդհանրապես
գոյություն չունեմ:

Հա՛. ոչ Պուտին եմ և ոչ էլ Ելցին,
զի չեմ ունեցել առաջին տիկին:
Ես ոչ ագռավ եմ և ոչ էլ մի ցին,
զի` գեղգեղում եմ նորից ու կրկին:

Տարեմուտի խոհեր
Չարը էլի չըպատժվեց:
Չըհաղթեց բարին:
Հորիզոնում մենք ենք, մեկ էլ`
մեր գալիք տարին:

Գալիք տարում ես կըփորձեմ
ձեզ էլի հարգել:
Գալիք տարում ես կըփորձեմ
ծխելը թարգել:
Չեմ խըռխըռա: Էլ ձեր առաջ
հազըս չի բռնի:
Էս ո՞ր թիվն ա, որ պոետը
թոքախտից մեռնի:

Անձրևը
Առավոտ է: Պաղ շըշուկներ:
Լուսամուտից էն կողմ` ձևի
ու իմաստի քաշքըշուկ է:
Լուսամուտից դենն` անձրևի

թանձըր քողն է: Ո՞վ է շարել
ասեղներն էս իմ աչքերին:
Պաղ շըշուկներ. խըշխըշալեն
ջուրն է իջնում բյուր անցքերից:

Ջուրն է իջնում: Աստված իր հետ:
Մի պաղ պահ է. ակնթարթ է:
Մնացյալը իմն է, թեպետ
իմ սիրելին դեռ չի զարթնել:

Նրա համար հորինել եմ
մի սուտ` անմեղ ու անվընաս.
«Էս անձրևը հորինել եմ,
որ փախչելու տեղ չունենաս»:

Եվս մի անուն
Լույսը փայլում էր ու սահում առաջ
անհանգիստ ու պաղ
քամուն հակառակ:
Պայծառ ու սիրուն տեսիլքի առաջ
մենք (երեք ընկեր)
շիվար կանգ առանք:

Հրաշք էր. կուժը վար բերեց ուսից,
բայց չհագեցանք ջուրը պարպելով:
Սիրահարվեցինք էն
չքնաղ կույսին`
երեքով մի կուժ ջըրից հարբելով:

Մեզ իր լույսի մեջ լուռ ընդգըրկելով`
բաշխեց իր չքնաղ անունն` Անահիտ:
Մենք մեր մտքի մեջ
լուռ կըրկընելով`
ևըս մի անուն թաքցըրինք մահից:

Խաղաղ փարվում էր
կարոտող սրտին
ծաղկահովիտցի ծաղիկը թեթև:
Իր տարածքն էր. և Աստծո Որդին
ներդաշնակել էր երկիր ու եթեր:

Հայր մեր
Մեր անձնական ու հանուր,
մեր ընդերք ու մեր եթեր,
մեր խոշոր ու մեր մանըր,
մեր գերծանըր ու թեթև:

Մեր շնորհ ու մեր հունար,
մեր չափածո ու արձակ,
մեր միակ ելք ու հնար,
մեր ընտիր ու բացարձակ:

Մեր ապավեն հարեհաս,
մեր աստառ ու մեր երես,
մեր մտերիմ ու անհաս,
մեր գունատ ու վարդերես:

Մեր ձմեռ ու մեր գարուն,
մեր աշուն ու մեր ամառ,
Պատկառելի ու սիրուն,
մեր անմեռ ու մեր անմար:

Կյանքի իմաստ, կյանքի բույր,
մեր հարգանք ու մեր պատիվ,
մեր միակ ու բազմաբյուր,
մեր միածին ու անթիվ:

Մեր բարեկիրթ ու մեր բիրտ,
մեր խստաշունչ ու փափուկ,
մեր հոգատար ու անսիրտ,
մեր ցրտաշունչ ու տաքուկ:

Մեր պատասխան ու մեր հարց,
մեր վարժություն ու խնդիր,
մեր հացադուլ ու մեր հաց,
մեր միակ ու ազգընտիր:
Մեր մակերես ու մեր խորք,
մեր վերամբարձ ու ինտիմ,
մեր ապավեն ու մեր կուռք,
մեր ընտրյալ, մեր լեգիտիմ:

Դու` ամեն օր ու անվերջ,
մեր հաշտություն ու մեր վեճ,
Դու` մեզնից դուրս ու մեր մեջ,
Դու` մեր սկիզբ ու մեր վերջ:

Համբերություն
Ճշմարտություն ու բարություն
ժառանգեցինք մեր Տիրոջից:
Տեր, առաքիր համբերություն.
համբերություն, ուրիշ ոչինչ:

Առաքիր Քո արդար ձեռքով,
որ մեկընդմիշտ առողջանան
հիվանդներըդ. որպեսզի Քո
ժառանգությունն ամբողջանա:

Nevermore
Ես դուրս չեմ գա էս մութ փոսից:
Դուրս չեմ գա էս խավար բանտից:
Բացի Հիսուս Քրիստոսից
ոչ մեկը թող ինձ չըդատի:

Դուք դուրս չեք գա էս մութ փոսից:
Դուրս չեք գա էս խավար բանտից:
Ես այլևըս բան չեմ խոսի:
Ես այլևըս ձեզ չեմ դատի:

Կանցնի ժամը, կանցնի տարին,
բայց դուրս չենք գա էս մութ փոսից:
Մենք էս խավար տարտարոսի
զավակներն ենք հավատարիմ:

Արմատներ
Թեթև ու հաշտ երգ երգելով,
պատսպարված ձեր հովում`
ճաշակում ենք ճաշակելով
ու զուտ պտուղն ենք գովում:

Մակերեսը գիտենք: Դժվար
համբերությամբ ու միշտ լուռ
զգում եք մեր միտքը տըկար`
անլուսամուտ ու անդուռ:

Ձեր խորքերը` հնամենի,
հազարաշերտ ու մաքուր,
կան: Մենք էլ կանք: Այս ամենը
անցողիկ է ու տըխուր:

Կաք: Մենք էլ կանք. ահա այսպես`
մոլորված ու վախեցած:
Մենք դողում ենք տերևի պես:
Տերևի պես կընկնենք ցած:

Բառեր
Սեր: Հույս: Երազ: Դարձյալ բառեր`
արցունքոտ ու անարձագանք:
Բառեր, դուք ինձ շատ եք վառել,
վառել ու դեռ չեք դառել կյանք:

Կյանք ասացի: Նույնպես բառ է`
չարչարված ու անգիտակից.
բառ է` հին ու չուտվող – դա՛ռը.
դեռ վառված եմ իր ապտակից:

Վառված ասի. շատ լավ բառ է,
եթե կողքին գրես` լույսեր:
Որ ճոխանա իմ բարբառը,
ավելացնեմ նաև` հույս, սեր:

Սե՞ր ասացի. ա՛յ թե բառ է.
հորինել ու քաշվել են կողմ.
իր համար կա – անմեղ գառ է`
քանի քեզ չի դարձըրել հող:

Հող ասացի. կարճ – հեշտ բառ է,
քանի դեռ չեն քեզնից խլել.
գայլ, բորենի. նույնպես բառ են,
կամ էլ, ասենք, թեկուզ խլեզ:

Հանգ կապեցի. գործիս անունն
այս է. կապել բառերն իրար:
Դեռ կարգին չեմ գլուխ հանում,
բայց դրել եմ կյանքս գրավ:

աղբյուրը՝ Գրական թերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter