HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է դատարանի վճիռներին հակառակ գործել

Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ), անտեսելով դատարանի վճիռներում արտահայտված իրավական մեկնաբանությունները, շարունակում է առանց հիմնավոր ապացույցների վարորդներին տուգանել և հայտնվել դատարանում: Միայն վերջին 2.5 տարվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունից հօգուտ վարորդների 45 մլն 459 հազ. դրամի դատական ծախս է բռնագանձվել:

Վերջին տարիներին դատական պրակտիկան թեև զարգացել է այն ուղղությամբ, որ միայն արձանագրություն կազմելը բավարար չէ, օրինակ՝ չամրակապված երթևեկելու համար վարորդի նկատմամբ վարչական ակտ կազմելու և պատասխանատվության ենթարկելու համար, այնուամենայնիվ ոստիկանությունը շարունակում է նույն գործելաոճը:

Միայն չամրակապված երթևեկելու համար 2019թ. կայացվել է 201,316 վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում, 2020-ին՝ 64,479, իսկ 2021թ.-ի առաջին եռամսյակում՝ 10,926: Ամրագոտիով չամրակապված երթևեկելու համար 2019թ. վարորդները տուգանվել են 1 մլրդ 6 մլն 575 դրամի չափով,  2020-ին՝ 644 մլն 790 հազար, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում՝ 109 մլն 240 հազար դրամի չափով:

Նույնը վերաբերում է նաև տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու համար վարորդների նկատմամբ կիրառված տուգանքներին: Մասնավորապես՝ 2019թ. կայացվել է վարչական պատասխանատվության 119 որոշում՝ 408 հազար դրամի չափով, 2020-ին՝ 1577 որոշում՝ 13 մլն 419 դրամի չափով, իսկ 2021-ի առաջին եռամսյակում՝ 258 որոշում, որոնցով տուգանքի չափը կազմել է 2 մլն 30 հազար դրամ:

Ամրագոտիով չամրակապված երթևեկելը դասվում է ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների շարքին, քանի որ ՃՈ տեսուչները տեսախցիկով կամ այլ տեխնիկական միջոցներով արձանագրելու փոխարեն բավարարվում են միայն «աչքի տեսածով»:

Մինչև դատարան դիմելը վարորդների մի մասը բողոքարկում է ՃՈ վարչական ակտերը վերադասության կարգով՝ բողոք ուղարկելով Ճանապարհային ոստիկանության պետին:

Այսպես, Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի դեմ 2019թ. ստացվել է 10.650 վարչական բողոք, որից 2096-ը վերաբերել են ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերին: Դրանցից բավարարվել է ընդամենը 3769-ը: 2020թ. ներկայացված 17.056 վարչական բողոքներից, որից 4108 ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների մասով են, բավարարվել է 3526-ը, անհամեմատ ավելի քիչ, քան դրա նախորդ տարում: 2021թ. հունիսի 22-ի դրությամբ ներկայացվել է 9769 վարչական բողոք, որից 811 ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերի մասով: Վարչական բողոքներից բավարարվել է 2284-ը:

Ուշագրավն այն է, որ ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների հետ կապված վարչական բողոքների մասով ՃՈ-ն հաշվառում չի վարում: Մինչդեռ այս հանգամանքը կարևոր է պարզելու համար, թե ոստիկանությունը որքանով է հետևում դատական պրակտիկային: Սա էլ իր հերթին կարևոր հանգամանք է պետական միջոցներն անարդյունավետ ծախսելու, ռեսուրսները ոչ ճիշտ օգտագործելու, դատարաններին անհարկի չծանրաբեռնելու համար:

«Ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերի մասով վերադասության կարգով ներկայացված բողոքների քննությամբ բավարարված բողոքների գումարների չափի և կոնկրետ իրավախախտման տեսակի մասով վերադասությամբ ներկայացված բողոքների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունում առանձին հաշվառում չի տարվում»,- «Հետք»-ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Վիճակագրություն չվարելը ևս ցուցիչ է: ՃՈ-ն այս առումով «հպարտանալու» տեղ չունի:

Դատելով դատական գործերի թվից՝ ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերի մասով վարչական բողոքները հօգուտ վարորդների չեն: Եթե ՃՈ-ում հետևեին դատական ակտերում արտահայտած իրավական մեկնաբանությանը, ապա ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերի գերակշիռ մասով, եթե ոչ ամբողջությամբ, պետք է բավարարվեին վարչական բողոքները, և գործերը վարչական դատարան չհասնեին: Մինչդեռ վիճակագրությունը հակառակի մասին է վկայում:

Մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի դեմ վարչական դատարան 2019թ. ներկայացվել է՝ 5473, 2020-ին՝ 2070, իսկ 2021թ. հունիսի 22-ի դրությամբ՝ 591 հայցադիմում։ Նշենք, որ այս թվերը չեն նշանակում, որ դրանք միայն տվյալ տարվա վարչական ակտերի դեմ ներկայացված բողոքներն են: Հնարավոր է, որ հայցադիմումներ ներկայացվեն նաև նախորդ տարիներին կայացված վարչական ակտերի դեմ։ Այս թվերի մեջ չի երևում նաև, թե դրանցից քանիսն են վերաբերում միայն ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերին, քանի որ ինչպես նշել ենք վերևում, ոստիկանությունը վիճակագրություն չի վարում:

Ճանապարհային ոստիկանությունում 2019թ. ստացվել է՝ 2559, 2020թ. 1263 և 2021թ. հունիսի 22-ի դրությամբ՝ 583 ՃՈ դեմ կայացված վճիռ։ 2019թ. ՃՈ-ից հօգուտ վարորդների բռնագանձվել է 23 մլն 279 հազար դրամ դատական ծախս, 2020-ին՝ 15 մլն, 2021-ի հունիսի 22-ի դրությամբ՝ 7 մլն 182 հազար դրամ:

Դատարանների իրավական դիրքորոշումը, որն անտեսվում է Ճանապարհային ոստիկանության կողմից

Միայն երեկ՝ հուլիսի 30-ին, վարչական դատարան է ներկայացվել 53 հայցադիմում, որից 16-ը՝ Ճանապարհային ոստիկանության դեմ: 16 հայցադիմումներից 6-ը վերաբերում է ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով կայացված վարչական ակտերին:

Նշենք, որ ի հաստատումն ոչ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման դեպքի որևէ այլ ապացույց, քան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է, չի ներկայացվում Ճանապարհային ոստիկանության կողմից: Այսինքն` որպես իրավախախտման դեպքի առկայության փաստը հաստատող ապացույց, առկա է բացառապես նշված արձանագրությունը: Վարչական դատարանը միայն այդ արձանագրությունը բավարար չի համարում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:

«Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006թ.-ի նոյեմբերի 23-ի թիվ 1769-Ն որոշմամբ հաստատված է, որ պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով՝ արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն: Այսինքն՝ ՃՈ տեսուչներն ունեն բավարար տեխնիկական միջոցներ խախտումներն արձանագրելու համար:

Օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին՝ պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

Մինչդեռ ՃՈ տեսուչները բավարարվում են միայն իրենց աչքի տեսածով և կազմում ակտեր, ինչը չի վերացվում նույնիսկ վարչական բողոքներ ներկայացնելու դեպքում: Վերադասի կողմից չվերացված ՃՈ տեսուչի ակտը պոտենցիալ դատական գործի հիմք է, ինչն ամենևին չի անհանգստացնում պետական մարմնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter