HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարվեց «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով նամականիշը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցավ «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Մարումն իրականացրին Վենետիկի և Երևանի քաղաքապետեր Ջորջիո Օրսոնին, Տարոն Մարգարյանը, ՀՀ տրասպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարված գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով: Գեղաթերթիկի կենտրոնում տեղադրված նամականիշի վրա պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմնադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է` Ուրբաթագիրքը, վերևի աջ անկյունում պատկերված է «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը:

2012թ.-ից Հայփոստը սկսում է նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված Հայ Գրատպության 500-ամյակին: 2007թ.-ից նույնատիպ թողարկման նամականիշերի վրա  պատկերված է Տիգրան Մեծի դիմանկարը, սակայն այս տարվանից դրանք պատկերելու են հայկական այբուբենի տառերը: 2012 թ.-ի ընթացքում շրջանառության մեջ կդրվեն Այբ տառից Է տառը պատկերող 7 նամականիշեր: Մնացյալ տառերի պատկերներով նամականիշերը կթողարկվեն հաջորդող տարիներին:

Ի թիվս այլոց, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին:

Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշեր:

2012թ. կշարունակվի անցյալ տարի սկիզբ դրված մանկական ֆիլատելիայի թեման:

Այս տարի առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: Առաջին նամականիշով ծրարը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ընդհանուր առմամբ, 2012 թ.-ին նախատեսված է թողարկել 6 հատ փոստային բացիկ, 29 թեմա նամականիշ (55 հատ), 1 նամականիշով ծրար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter