HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ

«Միջոցառում, որ իր մեջ մեկտեղում է համագործակցության և հնարավորություններ ստեղծելու գաղափարները՝ երաժշտության և արվեստի ոգու ներքո»,- այսպես ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը բնորոշեց «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնած «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը, որն ապրիլի 20-ին իր հարկի ներքո համախմբել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի դիվանագիտական ներկայացուցչությունների պատվիրակությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների և կենտրոնների աշխատակիցների, բազմաթիվ արվեստագետների, գործարարների, հասարակական և մշակույթի գործիչների:   

Միջոցառման օրը` ի դեմս Նարեկացի արվեստի միության, «Զիգզագ» ՍՊԸ-ի, գործարար Անդրանիկ Պողոսեանի, անհատ Լաուրա Էլբակյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի,  անվասայլակներ, քայլակներ, հենակներ և այլ նվերներ հանձնվեցին «Հույսի կամուրջ». «Փրկություն», «Ծիլ Բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:

Բայց նյութական այս աջակցությունից առավել նշանակալի էր միջոցառման խորհրդանշական ուղերձը, որը միտված էր հավաստելու, որ միայն պարտ ու պատշաճ փոխըմբռնմամբ մեր հասարակությունը կարող է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի և ոչ մեկի հանրային ներգրավվածությանը և ուր  պաշտպանված կլինեն բազմազանության արժեքներն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը:  

«Օրը նշանակալի և խորհրդանշական է նախևառաջ այն պատճառով, որ այն նվիրելու, տալու, միմյանց շնորհելու առիթ է: Բայց նրանք, ովքեր առաջին հայացքից ստացողի դերում են, իրական շնորհ անողներն են, քանզի հաշմանդամություն ունեցող մարդիկ` իրենց ժպիտով, իրենց հայացքով, մեզ սովորեցնում են սիրել և հուշում են, թե ինչպես մենք կարող ենք միավորվել` հանուն ավելի լավ ապագայի»,- նշեց «Նարեկացի»-ի հիմնադիր Նարեկ Հարությունյանը` հավելելով, որ «Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ» անվանումը պատահական խորագիր չէ խորագրի սիրույն, քանզի հիմնադրման առաջին իսկ օրվանից Երևանի և Շուշիի կենտրոններում ստեղծելով հատուկ կարիքներով մարդկանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններ` «Նարեկացի» արվեստի միությունը, որպես առանցքային արժեքային ելակետ, առաջնորդվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում նշանակալի դրական փոփոխություն բերելու որդեգրված տեսլականով:

Օրն իր խորհրդով, ըստ ԱՄՆ-ի դեսպանի, նաև ներբեռնված էր համագործակցության գաղափարը շոշափելի դարձնելու լիցքով, քանզի այն հաշմանդամություն ունեցող մարդկանց շուրջ համախմբել էր հասարակական ամենատարբեր` գործարար, մշակութային, դիվանագիտական խմբերի ներկայացուցիչների:

«Դեսպանատանը մենք ամեն ինչ անում ենք աշխատելու կայուն արժեքների վրա խարսխված կազմակերպությունների հետ և «Նարեկացի»-ն, արդարև, հենց այդպիսի կազմակերպություն է», - նշեց դեսպանը` հետո ավելացնելով. «Դեսպանատունը ունի մշակութային հարցերով զբաղվող ստորաբաժանում, և ինչպես նախկինում, այժմ էլ մենք վճռական ենք տրամադրված` համագործակցելու «Նարեկացի» արվեստի միության հետ»:

Առհասարակ, հաշմանդամության խնդիրը Հեֆերների ընտանիքի առանձնակի հոգածության ներքո է, քանզի այն հանդիսանում է դեսպանի տիկնոջ` տիկին Լիբի Հեֆերնի հանրային գործունեության գլխավոր բաղադրիչներից մեկը:

«Իմ կինն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առանձնակիորեն է զբաղվել հատուկ կարիքներով մարդկանց խնդրով, և մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում կան «Նարեկացի»-ի նման կազմակերպություններ, որոնք սատարում են հաշմանդամներին կեցության և նրանց համար հնարավորություններ ստեղծելու հարցում»,- նշեց Ջոն Հեֆերնը:

Դե, իսկ նոր հնարավորություններն իրենց սպասեցնել չտվեցին, քանզի դեսպանը` ոգևորված ներկայացված ցուցահանդեսից, հայտնեց, որ  շուտով իրենց առանձնատանը բացվելու է հաշմանդամություն ունեցող ամերիկացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, և որ իրենք այդ ցուցադրանքն ամենայն հավանականությամբ կընդլայնեն` այն համալրելով նաև հաշմանդամություն ունեցող հայ արվեստագետների աշխատանքներով:

Այդպիսի աշխատանքներից էր կազմված նաև «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսը, որում ներկայացված էին  հաշմանդամություն ունեցող գործարար  Անդրանիկ Պողոսեանի գեղարվեստական քանդակները, ինչպես նաև հաշմանդամության խնդրով զբաղվող «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Ունիսոն», «Շող» կազմակերպություններում և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնում ներգրավված հաշմանդամություն ունեցող երիտասարդ և տարեց նկարիչների գեղարվեստական աշխատանքներ:

Համերգային բաժինը, ի թիվս Նարեկացի ժողնվագարանների համույթի և վոկալիստ Ծովինար Պողոսեանի ելույթների, նույնպես հիմնականում կազմված էր հաշմանդամություն ունեցող կատարողների ելույթներից`«Փարոս» երգչախումբ,  Ալեքսանդր Ժույկով, Մանուշ Մելքումյան ու Նարինե Միքայելյան Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնից: Երաժիշտ կատարողներին նույնպես անակնկալ էր սպասվում, քանզի Նարեկ Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Նարեկացի»-ի այս տարվա նախագծերից է «Փարոս» երգչախմբի ձայնասկավառակի թողարկումը, իսկ կուրություն ունեցող վոկալիստ Ալեքսանդր Ժույկովին ու դաշնակահար Լևոն Կարապետյանին տրվեց «Նարեկացի» ստուդիայում ձայնագրվելու հնարավորություն:  

Այսպիսին էր «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը, որը հետապնդելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու, նրանց ազատ ստեղծագործելու և ինքնադրսևորվելու համար հավասար պայմաններ ու միջավայր ապահովելու և նրանց տաղանդն ու հնարավորությունները հասարակությանը բացահայտելու նպատակ, արժանացավ բարձր գնահատանքի:

«Որևէ հասարակության քաղաքակրթվածության աստիճանը չափվում է նաև հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց վերաբերվող հարցերում նրա ներդրած ջանքերով: Ինչքան մեծ ջանք է հասարակությունը ներդնում և որքան հստակ է նրա կեցվածքը, այնքան ավելի մեծ է այդ հասարակության զարգացման ներուժը», - միջոցառման ավարտին կարծիք հայտնեց Հայաստանում Լիբանանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը:

Իսկ այդ ջանքերը հավաքական էին, քանզի «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» նախաձեռնության շուրջ համախմբել էին տարբեր մարդկանց ու կազմակերպությունների:

Այսպես, միջոցառման օրը «Նարեկացի» արվեստի միությունը մեկ անվասայլակ և մեկ քայլակ նվիրվեց ողնաշարային վնասվածքով տառապող հաշմանդամ երկու արվեստագետի, ինչպես նաև գրենական ու նկարչական պիտույքների մեծ փաթեթ՝ «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ Բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:

«Զիգզագ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 4 անվասայլակ և 4 հենակ հանձնեց հաշմանդամություն ունեցող արվեստագետների: Իսկ գործարար Անդրանիկ Պողոսյանը նվիրաբերեց տեխնիկական մեծ հնարավորություններով օժտված թանկարժեք էլեկտրական անվասայլակ, որը տրամադրվեց ողնաշարային լուրջ հիվանդությամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին, ում առօրյա և ստեղծագործական կյանքում առկա լրջագույն սահմանափակումները զգալիորեն կմեղմվեն նորօրինակ այս սարքի ընձեռած տեխնիկական հնարավորությունների շնորհիվ:

Անհատ Լաուրա Էլբակյանի անունից մեկ անվասայլակ հանձնվեց Հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական կենտրոնում սովորող Համեստ Մկրտչյանին: Իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը տրամադրեց 2 հենակ և նկարչական-գրենական պիտույքներ, որ հատկացվեցին «Ծիլ Բուսաց» մանկական ներդաշնակ զարգացման կենտրոնին:

«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառումը եզակի նախաձեռնություն չէր, այլ մասը հաշմանդամության խնդրին առնչվող «Նարեկացի» արվեստի միության հատուկ ռազմավարության և ծրագրային փաթեթի, որն ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում շարունակելու է իր հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատուկ կարիքներ ունեցող արվեստագետների բարօրությունն ու ստեղծագործական գործունեությունը:

ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter