
«Կրակի զավակները» ստանձնել են Թուրքիայում անտառների հրդեհման պատասխանատվությունը
«Կրակի զավակներ» կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում վերջին օրերին անտառների զանգվածային հրդեհման պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak պարբերականը։ Վերջինիս տվյալներով՝ կազմակերպությունը կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։
Համաձայն «Կրակի զավակներ» կազմակերպության հայտարարության, վերջինիս կողմնակիցները կազմակերպել են անտառների հրդեհները, որովհետև «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել»։
Պաշտոնական Անկարան դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Փոխարենը քրդական Rojava լրատվամիջոցը հերքել է իր կապն այդ կազմակերպության հետ։
#Important: We, Rojava Network Team, does not take any liability of the actions and arson attacks of "Children of Fire Initiative" in Turkey. We are a news outlet reporting daily about the incidents across Kurdistan, Iraq, Syria, and Turkey since 2015 in all formats. https://t.co/MeoNCYouoC
— Rojava Network (@RojavaNetwork) August 1, 2021
Yeni Şafak-ը գրում է, որ այդ կազմակերպության գործունեությունն արգելված է ոչ միայն Թուրքիայում, այլև ԱՄՆ-ում և Եվրամիության որոշ երկրներում։
Ավելի վաղ, թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կարողացել են վերահսկողության տակ առնել 107 անտառային հրդեհներ։ Ընդհանուր առմամբ, հրդեհները գրանցվել են Թուրքիայի 32 նահանգներում։ Ութ մարդ մահացել է։ Զբոսաշրջիկները տարհանվում են թուրքական հանգստավայրերից, մասնավորապես Անթալիայից, Մարմարիսից, Մուղլայից, Բոդրումից։
Ամենաթեժ իրավիճակը Անթալիայի և Մուղլայի նահանգներում է։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար գործի են դրվել առափնյա պահպանության նավերը։ Տեղական լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է տեղադրել Բոդրում քաղաքից, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ճամպրուկներով լքում հյուրանոցները։
?| #Turkey evacuates hotels in Bodrum
— EHA News (@eha_news) July 31, 2021
▪️An evacuation order was issued as the wildfires neared hotels area.
▪️Police evacuated three hotels in İçmeler town of Bodrum, #Muğla. pic.twitter.com/Idz9vbUijk
Նախօրեին Էրդողանն այցելել էր Անթալիայի նահանգի Մանավգաթ քաղաք, որտեղ գրանցվել է 5 զոհ։ Նա խոստացել է օգնություն տրամադրել բոլոր տուժածներին։
Վերջին օրերին թուրքական հասարակությունը նաև խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի վարչակազմին՝ նրանց մեղադրելով բավարար թվով հրշեջ ավիացիայի բացակայության մեջ։ Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան չի թարմացրել իր պարկն ու տեխնոլոգիաները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել