
ԱԺ անվտանգությունը խոչընդոտում է լրագրողների տեղաշարժը
Այսօր ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստն է: Խորհրդարանի ամբողջ շենքում աննախադեպ շատ անվտանգության աշխատակիցներ կան: Երբ փորձեցինք շրջել ԱԺ շենքով, անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին` ասելով, որ լրագրողների մուտքը արգելվում է աշխատանքային գոտի: Պարզվեց, որ աշխատանքային գոտի է համարվում դեպի նոր մասնաշենք, դեպի ԱԺ նախագահության, աշխատակազմի սենյակները: Գրեթե բոլոր դռների մոտ տեղակայված են ՊՊԾ աշխատակիցներ, որոնք թույլ չեն տալիս լրագրողներին ազատորեն տեղաշարժվել:
Նկատենք, սակայն, որ չկա որևէ նոր ստորագրված որոշում, որի համաձայն՝ անվտանգությունը որևէ նման ցուցում կարող է տալ, ԱԺ լրատվության և հասարակության կապերի վարչության պետ Էլեն Բաբալյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այսօր պարզապես անվտանգությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, և հավանաբար վաղվանից անվտանգությունը կանցնի նախկին աշխատանքային ռեժիմի:
Հիշեցնենք, որ առաջին նիստին ԱԺ են հրավիրված Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, որոնք ելույթներով են հանդես գալու: Այսօր խորհրդարանն ընտրելու է ԱԺ նախագահությանը, հանձնաժողովների նախագահներին, նիստը վարելու է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
Մեկնաբանել