HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևային նոր կայան՝ Շողակաթում․ ՀԷՑ-ի աշխատակիցը՝ կառուցապատող

«Փաուր էներջի» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում արևային կայան է կառուցելու։ Այն զբաղեցնելու է շուրջ 10 հա և ունենալու է 110 կՎ և ավել հզորություն։

Ընկերությունը նախագիծն իրականացնում է «Գրին էներջի» ՍՊԸ-ի պատվերով և արդեն ներկայացել է փորձաքննության, ստացել Շրջակա միջավայրի նախարարության դրական եզրակացությունը։

Կառուցապատողի մասին

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալենրի՝ 2018թ․-ին հիմնադրված «Փաուր էներջի» ՍՊԸ-ի միակ սեփականատերը և տնօրենը Նարեկ Լևոնի Փափազյանն է։ Համաձայն ֆեյսբուքյան էջի նշման՝ վերջինս աշխատում է «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես օպերացիոն մենեջեր։ Մեզ հետ հեռախոսազրույցում Նարեկ Փափազյանը հաստատեց, որ աշխատում է ՀԷՑ-ում, միաժամանակ նաև նախագծման և կառուցապատման ընկերության տնօրենն է։

Նարեկ Փափազյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հարավ» շահագործման շրջանի պետ Լևոն Փափազյանի որդին է։ Լևոն Փափազյանը 2018թ․ մարտին հիմնված «Երևան.արևային համայնք» ծրագրի իրագործման աշխատանքային խմբի կազմում է եղել։  Հիշեցնենք՝ արևային կայանները էլեկտրաէներգիան վաճառում են նույն ՀԷՑ-ին։

Կայանի սեփականատիրոջ մասին

2020թ․ փետրվարի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գրին էներջի» ընկերությանը տրամադրել է 5ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, որի գործողության ժամկետը մինչև 2041 թվականն է։

«Գրին էներջի» ընկերությունը հիմնադրվել է 2019թ․ ապրիլի 12-ին։ 66 % բաժնեմասի մասնակցություն ունի Զորայր Հանիսյանն է։ Դատելով նրա ֆեյսբուքյան էջի գրառումներից և տարածած տեղեկատվությունից՝ վերջինս «Իմ քայլ»-ի երկրպագու է։

34 %-ին էլ տիրապետում է Ազատ Մելիքի Սաֆարյանը։ Վերջինս նաև «ՊՐԱՀԱ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի, որը «Պրագա» ֆիրմային խանութների շահագործողն է։ Նաև մասնակցում է «Ս.Ա.Մ. ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի բաժնեմասում։

Շողակաթի համայնքապետարանը 2020թ․ օգոստոսի 3-ին «Գրին էներջի»-ին տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Շուրջ 10 հա-ի նկատմամբ հողամասի սեփականության իրավունքը ևս գրանցված է, իսկ հողամասի նպատակային նշանակությունն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների է, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի։

Համաձայն շրջակա միջավայրի գնահատման ներկայացված հաշվետվության՝ նոր կայանի տարածքը մոտակա բնակավայր Շողակաթ համայնքից 4 կմ է հեռու, իսկ Արտանիշ բնակավայրից՝ 3 կմ։ Մոտակա ջրային ռեսուրսը Սևանա լիճն է, որը գտնվում է 4 կմ հեռավորության վրա։

Նախատեսվող կայանի տարածքը շատ մոտ է արդեն իսկ գործող «ՋիԷյչ Էներջի» ՍՊԸ-ի «Արտանիշ 1» և «Արտանիշ 2» արևային կայաններից՝ ընդամենը 200 մ հեռավորության վրա, իսկ հարակից տարածքները գյուղատնտեսական մշակովի ցանքատարածություններ են և արոտավայրեր։

Շահագործման ժամկետի ավարտից հետո ընկերությունը հետագա շահագործման հնարավորությունների բացակայության պայմաններում կատարելու է կայանի սարքավորումների ապամոնտաժում և տարածքի նախկին տեսքի բերում։

Գործունեության իրականացման ներդրման արժեքը 3,5 մլն դոլար է։ Կայանի տեղակայման աշխատանքները տևելու են 4 ամիս։ Կառուցապատող ընկերության տնօերն Նարեկ Փափազյանը տեղեկացրեց, որ շուտով՝ ամենաուշը սեպտեմբերին սկսելու են կայանի կառուցման աշխատանքները։

«Գրին էներջիի» խոշոր բաժնետիրոջից՝ Զորայր Հանիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։ Հանիսյանից փորձեցինք ճշտել, թե 3,5 մլն դրամն ինչպես կամ որտեղից են ներդնելու, և ինչ կապ ունի «Իմ քայլ»-ի հետ։ Վերջինս, իմանալով, թե ինչի մասին ենք ուզում հարցեր տալ, այլևս չպատասխանեց սոցիալական ցանցի միջոցով մեր ուղարկած հաղորդագրություններին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter