HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Առուշ Առուշանյանի խափանման միջոցի գործով ինքնաբացարկ չհայտնեց 

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր քննել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:

«Հետք»-ի հետ զրույցում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հարությունյանին: Ալեքսանյանի խոսքով`դատավորը ոչ միայն պետք է լինի անաչառ, այլև երևա այդպիսին. սա ՄԻԵԴ-ի հայտնած դիրքքրոշումն է: Ըստ Ալեքսանյանի` եթե անգամ դատավոր Մնացական Հարությունյանն անաչառ է, ապա վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ կասկածներ հարուցել նրա անաչառության վերաբերյալ, այսինքն` Հարությունյանն օբյեկտիվ դիտորդի աչքում կարող է անաչառ չերևալ:

Ալեքսանյանն ընդգծեց, որ այն բանից հետո, երբ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու դեմ բողոքները ստացվել են վերաքննիչ դատարան, Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել է դատարանի համակարգիչները, գործերը դատարանում այժմ բաշխվում են առանց համակարգչային մակագրման, և իրենց բողոքը ևս ձեռքով է մակագրվել դատավոր Հարությունյանին:

Պաշտպանը գործի քննության ընթացքում հայտարարել է, որ եթե դատավոր Հարությունյանն ինքնաբացարկ չհայտնի, չի մասնակցելու բողոքի քննությանը:

Նշենք, որ Առուշ Առուշանյանը ևս չի մասնակցում նիստին: Ստացվում է, որ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննվի պաշտպանական կողմի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել է հուլիսի 18-ին:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա․Ա․-ին (խոսքը Առուշ Առուշանյանի մասին է-հեղ) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավելի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է:

Առուշ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter