
Մեծ հրմշտոց. կզուլալե՞ն ջրերը
Իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում ստեղծված աննախադեպ խառնիճաղանջ, խճճված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ ոչ միայն պահպանվում, այլեւ օրեօր սաստկանում է` մեկընդմիշտ հօդս ցնդեցնելով երանելի այն միասնականության վերջին հույսերը, որի մասին ողջ նախընտրական շրջանում այնքան մեծ խանդավառությամբ ու հավատով խոսում էին ընտրապայքարի մեջ մտած հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ամենասկզբից ակնհայտ էր, որ ինչպես իշխանական երկու առանցքային ուժերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այնպես էլ ընդդիմադիր եռյակի` ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Նույնիսկ կոալիցիոն գործընկերների փոխադարձ հավաստիացումները, իսկ մյուս ճամբարից Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե հետայսու ՀԱԿ-ի քննադատության թիրախը միմիայն ՀՀԿ-ն է լինելու ու նրա կույրաղիք համարվող ՕԵԿ-ը, ի զորու չեղան շիջելու լարվածության օջախը: Ճիշտ է` անձամբ Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները, կարծես թե, դադարեցին ընդդիմության հասցեին մեղադրանքներ տեղալուց, սակայն փոխարենն այդ գործառույթը ստանձնեցին Կոնգրեսին սպասարկող ԶԼՄ-ները, որոնք շտապեցին «Ժառանգությանը» նոր պիտակ կպցնել` ՀՀԿ-ի երկրորդ կույրաղիք:
Ըստ երեւույթին, հիմնական մրցակից ուժերի փոխհարաբերություններում նոր ինտրիգ հասունացրին ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու ժամանակ «Ժառանգության» ներկայացրած հայտնի պահանջները, որոնք արժանացան մյուս երեք գործընկերների, մասնավորապես ԲՀԿ-ի բուռն արձագանքին եւ որակվեցին իբրեւ նախաձեռնության վիժեցմանը միտված իշխանական նախագիծ: Բնական է` հետեւեցին «Ժառանգության» համարժեք պատասխանները, ընդհուպ` Ստյոպա Սաֆարյանի աղմկահարույց հայտարարությունը, թե Քաղաքագետների միությունում ծնունդ առնող «4-ի» ձեւաչափը փաստացի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է:
Այդպես` սարից գլորվող ձյունահյուսքի նման, «ցեխարձակումների» թափն ահագնացավ ինչպես «զուգահեռ»` իշխանություն-իշխանություն, ընդդիմություն-ընդդիմություն, այնպես էլ «խաչաձեւ»` իշխանություն-ընդդիմություն, ընդդիմություն-իշխանություն դիպաշարով: Ու հիմա` հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ ամենաարդար եւ ամենաազատ հռչակված ընտրություններից երկու շաբաթ առաջ, քարոզարշավն այնպիսի մի կերպարանք է ստացել, որ դժվար է որոշել, թե ով ում բարեկամն է, կամ` ով ում թշնամին. բոլորը բոլորին քննադատում են, մեղադրում, պախարակում: Կարճ ասած` շունը տիրոջը չի ճանաչում:
«Փոխհրաձգությունների» անկասելի մի գործընթաց է սկսել: Կողմերից յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ «ծուղակում» բռնացնել մյուսին` ի լուր ընտրազանգվածի հայտարարելու, թե` տեսե´ք-տեսե´ք, անհամերաշխության որոմը որտեղից է գալիս: Դրա համար ընդամենը առիթներ են պետք, որոնք միշտ էլ կարելի է գտնել, իսկ չգտնելու դեպքում` հորինել: Ինչ-ինչ` մրցակցին անվանարկելու, սեւացնելու արհեստը մեզանում շատ լավ է ստացվում: Մանավանդ` եթե մեջը աթոռի ու կերակրատաշտի խնդիր կա: Դատարկ տեղն անգամ այնպիսի մի հրմշտոց կսարքվի, որ վայը տարել է ոտքի տակ ընկնողին: Մի շարք կուսակցությունների համամասնական ցուցակների շուրջ բարձրացած վայնասունը` ձեզ որպես ամենաթարմ օրինակ:
Դիմացինին բարոյապես (իսկ հարկ եղած դեպքում` նաեւ ֆիզիկապես) ոչնչացնելու մարտավարությունը,- եթե դրան կարելի է մարտավարություն կոչել,- պայմանավորված է ընդհանուր պայքարում «իր գլխի ճարը տեսնելու», տվյալ պարագայում` ցանկացած գնով պատգամավորական մանդատի տիրանալու անզուսպ մոլուցքով: Առհասարակ` ընդդիմախոսին վարկաբեկելու եւ այդպիսով սեփական անձի կամ թիմի համար բարենպաստ ֆոն ապահովելու երեւույթն աշխարհում լայն կիրառություն ունի, հայ իրականության մեջ` առավելապես, որովհետեւ մեզանում «կրակին յուղ լցնող» առանձին անհատների ու լրատվամիջոցների պակաս երբեք չի եղել:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նկատել, որ ընդդիմադիր ճամբարում մի կարճ ժամանակահատված, գոնե առերեւույթ, միմյանց ընդառաջ որոշակի քայլեր, արվեցին, ինչը չի կարելի ասել կոալիցիայի երկու խոշոր կուսակցությունների մասին: Ավելին` փոխադարձ ատելության ալեբախումն այդտեղ ժամանակ առ ժամանակ հանգեցնում է բռնի միջոցների: Նման դեպքեր, իսկ ավելի հաճախ զուտ քրեական բնույթի գործողությունները քաղաքականացնելու փորձեր են գրանցվել Երեւանում, Գյումրիում, Աբովյանում եւ այլուր: Հիշեցնելու համար, թե ում է իրականում պատկանում ուժը, իր հերթին, «Բարգավաճին» մեկ-երկու անգամ մկաններ ցույց տվեց ՀՀ ոստիկանությունը, որի պետը իր նշանակմամբ պարտական է ՀՀԿ նախագահին: Եվ դրանով ամեն ինչ ասված է:
«Զուգահեռ» ու «խաչաձեւ» սրացումների այս թոհուբոհից եթե կա շահող մեկը, ապա դա «Օրինաց երկիր» կուսակցությունն է, որին ՀՀ նախագահը, ամենայն հավանականությամբ, «բուծում» է իբրեւ ապագա կոալիցիայի անդամ, ընդսմին` ավելի ներկայացուցչական կազմով, որովհետեւ ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի վստահության ռեսուրսը սպառվել է: Չափից դուրս ինքնուրույն խաղեր է սկսել տալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը եւ, մանավանդ, վերջինիս մի քանի քայլերում երեւում են Ռ.Քոչարյանի «ականջները»: Խանդը, ճիշտ է, քաղաքական կատեգորիա չէ, բայց «Բարգավաճի» հնարավոր շրջադարձը չի կարող լրջորեն չանհանգստացնել գործող նախագահին ու նրա շրջապատին:
Հասկանալի է, որ, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, կորցնելու շատ բան ունեն թե´ Հանրապետականը, թե´ ԲՀԿ-ն, հետեւաբար որքան շատ է կորցնելիքը, այնքան մեծ է եղածը պահպանելու ջիգը: Ներկայում կոալիցիայի անդամների համար, բնականաբար, ավելի սրբազան գործ, քան քաղաքական իշխանության, ուստիեւ տնտեսական դիրքերի ու մենաշնորհների պահպանումն է, գոյություն չունի: Պատահական չեն Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներսում առկա խուճապային տրամադրությունները, որոնք որոշ վերլուծաբաններ պայմանավորում են հենց Ռոբերտ Քոչարյանի գործոնով, ով առայժմ հապաղում է դուրս գալ ստվերից եւ բացել խաղաքարտերը: Իսկ միգուցե յուրայինների քայլերը ստվերից համակարգելն այս պահին ավելի ապահով ու նպաստավոր է 2013-ի նախագահական մրցասպարեզ շռնդալից մուտք գործելու համար: Սատանան գիտի, թե ինչ կա ՀՀ երկրորդ նախագահի մտքին:
Զարմանալի չէ, որ այս օրերին տեղի ունեցող փոքրիշատե նշանակալի ամեն ինչ խնամքով դրվում է նախընտրական շրջանի տրամաբանության մանրադիտակի տակ` երբեմն նույնիսկ Մաշտոցի պուրակում թափ հավաքող բնապահպանական շարժումը կամ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը: Չնայած վերջինիս, թերեւս, տեղին է նախընտրական երանգ տալ, այլապես հասկանալի չէ անհամեմատ բարձր վարկանիշ ունեցող բուհի եւ նրա ռեկտորի առնչությամբ ԳԿ նախարար Աշոտյանի անհամոզիչ, ոմանց տպավորությամբ` կամայական որոշումը: Դե, ում համար պարզ չէ, որ Աշոտյանն ինքնագլուխ չէր կարող ռեկտոր հեռացնել, այն էլ` Սուրեն Զոլյանի նման վաստակած հարգանք ու հեղինակություն վայելող մեկին: Բայց սա առանձին թեմա է:
Ամեն դեպքում համատարած այս հրմշտոցում դժվար է ձեւակերպել, թե որը որից հետո է: Թերեւս մայիսի 6-ից հետո ջրերը կզուլալեն, եթե, իհարկե, նոր իրարանցում չսկսվի` այս անգամ էլ հետընտրական զարգացումների, մասնավորապես պաշտոնաբաշխությունների եւ առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Կապրենք` կտեսնենք:
Մեկնաբանել