HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ պաշտոնատար անձինք տնտեսվարողի կողմից խախտումները չարձանագրելու համար կաշառք են պահանջել. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ և օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝  1,5 մլն դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:

Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1 մլն 200 հազար դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1 մլն 200 հազար դրամ կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

ԱԱԾ-ն հաղորդում է, որ շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter