HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առիթով պահի գիտակցության կոչ

Արևմտահայաստանի բնիկ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության 97-րդ տարելիցին հայության բոլոր բեկորների հետ միասնակամ Եվրոպայի հայերի համագումարը ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը` կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային և արդար պահանջատիրությունը մինչև մեր ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնումը:

Միջազգային հանրության կեսդարյա անտեսմանը և անտարբերությանը ականատես սփյուռքահայությունը, վերջապես դադարեցնելով ավանդական եղանակով աղերսախնդրագրային կրավորական գործելաձևը, ճաշակելով և գիտակցելով դրա ապարդյուն լինելը, արդեն շուրջ չորս տասնամյակ է, ինչ լծվել է առավել հետևողական և կազմակերպված պայքարի:

Տասնամյակներ է արդեն, որ հայությունը, ոչ թե հանդես է գալիս միջազգային հանրությանը շփոթեցնող, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով, այլ հիմնականում Ցեղասպանության իրողության դատապարտման և ոտնահարված իրավունքերի վերականգնմանը սատարելու կեցվածքով:

Քսանից ավել պետությունների և տասնյակ միջազգային քաղաքական, հասարակական և գիտահետազոտական հաստատությունների կողմից ցեղասպանության իրողության պաշտոնական դատապարտումը անվիճելի արգասիքն է սփյուռքահայության երրորդ և չորրորդ սերնդի գիտակից և հետևողական պայքարի: Այդ պայքարի հետևանքը կարելի է համարել նաև Թուրքիայի պետական քաղաքականության մեջ տեղի ունեցող ցնցումային փոփոխությունը, այն է՝ անտեսման մարտավարությունից պետական բոլոր ներուժով հակապայքարի անցնելը և ցեղասպանության ժխտումը:

Հայության նվաճումը կարելի է համարել նաև թուրք մտավորականության և հանրային կարծիքի մոտ հայության դեմ իրագործված Եղեռնի նկատմամբ թեկուզ կրավորական, բայց հետզհետե աճող, առողջ մոտեցումները և սեփական պատմության ամոթալի էջերի նկատմամբ գիտակցությունը:

Այսօր՝ Ցեղասպանության 97-րդ տարելիցին, փոխվել են ոչ միայն հայ նոր սերնդի մտայնությունն ու գործելակերպը, այլև տարածաշրջանն ու աշխարհը: Նոր կացությունները, բնականաբար, ենթադրում են համապատասխան ծրագրեր, նախատեսումներ և միջոցառումներ:

Մեծ և աննախատեսելի հավանական քաղաքական երկփեղկումների դեմ-հանդիման գտնվող Թուրքիան հարևան երկրների ներքին տագնապների ու հասարակական պոռթկումների այս հարափոփոխ ժամանակաշրջանում, չարաշահելով առկա հարմար իրավիճակը և շեղելով ժողովրդական շարժումների բնականոն ընթացքը, փորձում է իր գերակայությամբ տարածաշրջանային առումով ուժերի նոր հարաբերություն պարտադրել հարևաններին:

Բալկաններ ներթափանցելու իր ծրագիրը համեմատաբար հաջող ավարտելուց հետո Թուրքիան այժմ փորձում է նույնը կրկնել Մերձավոր Արևելքի երկրներում՝ սպառնալով հարևան երկրների պետական գերիշխանությանը և հողային ամբողջականությանը:

Թեև հայության իրավուքների դիտանկյունից Թուրքիայի կողմից տարածաշրջանում ցանկացած սահմանային կամ հողային փոփոխություն կարելի է դրական նախադեպի ծառայեցնել, սակայն այդ իրականության միանշանակ դրական համարելը մնում է խիստ պայմանական, եթե նկատի ունենանք հայկական ճակատի հետևյալ իրավիճակը.

- Սփյուռքահայ քաղաքական կուսակցությունները համառորեն շարունակում են իրենց այլամերժ, անհանդուրժող և հայության ռազմավարական նշանակությամբ հարցերի նկատմամբ անմիաբան և անհետևողական վերաբերմունքը:

- Սփյուռքահայության մեջ քաղաքական մի զգալի հատված, անհավատարիմ գտնվելով իր ծրագրային դրույթներին, որոնցով խոստանում էր պայքարել և տեր կանգնել Արևմտահայ դատին, այլասերվելով, լծվել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության համար տարվող պայքարի մրցավազքին: Ազգային բնույթի լոզունգները չարաշահման ենթարկելով և գործնականում դրանք վարկաբեկելով՝ անիմաստ և անտեղի կերպով ՀՀ արտաքին քաղաքականությունը առավել կամ նվազ չափով առաջնորդում է դեպի արկածախնդրություն:

- Սփյուռքահայ ավանդական շրջանակների զգալի մասը, հագուրդ տալով անհատական սնապարծությանը, անտեսելով լռում է ՀՀ-ում պետականակերտման գործընթացի առաջ ծառացած բացասական երևույթների ոտնձգությունների նկատմամբ: Իրենց լռությամբ նրանք, փաստորեն, քաջալերում են այդ հոռի երևույթները՝ հրաժարվելով իրենց բարոյական, սակայն խիստ ազդեցիկ հնարավորությունից և իրավունքից:

- Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվում որդեգրել որակային պետություն կառուցելու ուղի: Իր տված հավաստիացումներին և խոստումներին հակառակ՝ ՀՀ-ը չի փորձում ազատագրվել վերնախավում ոչ միայն ծվարած, այլև համատարած տիրող ժանտախտի վերածված խուլիգանական տարրերից, որոնք իրենց պահվածքով և ավերիչ գործունեության հետևանքով երկիրը ներսից քայքայում, իսկ ՀՀ-ը վարկաբեկում են միջազգային հանրության մոտ, և դեռ ավելին, փչացնում են ՀՀ պատկերը սփյուռքահայ միլիոնավոր կիրթ և զարգացած երիտասարդների մոտ և լուրջ վնասներ հասցնում վերջիններիս հայրենանվեր երազանքներին և երկրի նկատմամբ հանձնառու ձգտումներին:

Սփյուռքահայ երիտասարդությունը ամոթով է հետևում հայության տաղանդի և ընդունակությունների հետ բոլորովին անհամատեղելի պետական մասշտաբով տարածված և դժբախտաբար աճող կաշառակերությանն ու քաղաքական խուլիգանություններին:

- ՀՀ-ը չի կարողանում լինել հայության միասնության, ներուժի կազմակերպման կորիզը, նրան չի հաջողվել կառուցել օրինական պետություն: Դատական համակարգում օրինախախտումները, պետական ամենալուրջ օղակներում և նույնիսկ հայկական բանակում շարունակվող լայնածավալ և արդեն բոլորին հայտնի կոռուպցիայի երևույթները, պետական գույքի և ընդերքի համատարած թալանի նկատմամբ անհոգ և անպատասխանատու վերաբերմունքը և անտարբերությունը, օրինախախտ տարրերի բացահայտ գործունեությունը և նրանց առանց բացառության անպատժելիությունը վկայում են, որ հակառակ տրված հավաստիացումներին և խոստումներին, ամեն ինչ շարունակվում է մնալ անփոփոխ:

- ՀՀ տնտեսությունը շարունակում է մնալ փոքրաթիվ օրինախախտ վերնախավի քմահաճույքի գերին: Տնտեսությունը չի կարողանում լինել մրցակցային, չի կարողանում աճել, զարգանալ, ձախողվում են սփյուռքահայ ներդրողների ջանքերը, և խաթարվում տնտեսության և արդյունաբերության զանազան ոլորտների մեջ նրանց ներգրավումը: Անհերքելի փաստ են ֆինանսական անթափանցիկությունը, եկամտային անպատժելիորեն շարունակվող կեղծ հայտարարությունները, հովանավորությամբ հափշտակվող շահութաբեր գործառույթները և հարկային ու մաքսային շրջանցումները:

- ՀՀ-ը չի կարող վերածվել հայությունը միավորող և ներշնչող կորիզի այնքան ժամանակ, քանի դեռ սփյուռքի հետ հարաբերությունները շարունակում են մնալ ձևական, ոչ բովանդակային, ոչ ծրագրային, ոչ հետևողական՝ առանց մնայուն և մշտական գործող կառույցների: ՀՀ-սփյուռք հարաբերությունները կարող են լինել արդյունավետ, երբ մշակվեն խորքային գիտակցությամբ և ռազմավարական հայեցողությամբ ծրագրեր. մի բան, որից, ըստ էության, խուսափում են ՀՀ իշխանությունները:

- Անկախության քսանամյակին ՀՀ-ը նույնիսկ չի փորձում զսպել զանգվածային արտագաղթը: Ընդհակառակը, երկրին, պետականության և պետական անվտանգությանը սպառնացող արտագաղթի դեմ հրատապ միջոցներ նախաձեռնելու փոխարեն, փորձ է արվում երևութը ծածկել, անկարևոր ձևացնել և քողարկել հայկական պետությունը խորտակման եզրին հասցրած այս երևույթը:

- Եվրոպայի հայերի համագումարը, ընդունելով իր պատասխանատվության բաժինը, սփյուռքի և ՀՀ-ում տիրող կացության համար պատասխանատու է համարում և սփյուռքի և ՀՀ բոլոր քաղաքական կազմակերպություններին, ՀՀ իշխանության և ընդդիմության բոլոր կուսակցություններին՝ հիմնական պատասխանատվությունը հասցեագրելով իշխող կուսակցություններին:

- Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ-ում օրինական իշխանության կայացման հիմնաքարն է համարում արդար ընտրությունների անցկացումը: Ցանկացած կողմ կամ անհատ, որ չի նպաստում այս գործընթացին կամ իր կամքն է փորձում պարտադրել հանրությանը, ՀՀ քաղաքացիների առջև օրինական և սփյուռքի առջև պատմական պատասխանատվություն է կրում:

Եվրոպայի հայերի համագումարը Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին հայտարարում է, որ հայության և հայկական պետականության դեմ սպառնացող, պետականության զարգացման դեմ ծառացող այլևայլ բնութի խոչընդոտները կարելի է հաղթահարել միմիայն որակյալ պետականության կայացմամբ:

ԵՀՀ-ը վերահաստատում է իր ուխտը շարունակելու ստանձնած պատասխանատվությունը՝ սփյուռքի և ՀՀ ժողովրդի, ինչպես նաև մեր պետականության և Արցախի նկատմամբ:

Եվրոպայի հայերի համագումարը իրեն զորակցող բոլոր կազմակերպությունների իր բոլոր անդամների և համակիրների անունից ՀՀ և սփյուռքի հասարակական և քաղաքական ուժերին կրկին կոչ է անում ըմբռնել պահի լրջությունը՝ բոլորին մաղթելով կամք և հետևողականություն:

Հարգենք մեր միլիոնավոր նահատակների հիշատակը:

Եվրոպայի հայերի համագումար
Շվեդիա, Ուփսալա
24 ապրիլի, 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter