
ԿԲ-ն կանխատեսում է, որ մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում
Մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի թիրախային 4%-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հունիսին, 2020թ. հունիսի նկատմամբ, 6.5% գնաճ է գրանցվել: Տվյալները վկայում են, որ մայիսին տեմպերի որոշակի թուլացումից հետո հունիսին գնաճը կրկին արագացել է:
Տարվա առաջին կիսամյակի հաշվարկներով (2021թ. հունվար-հունիսը 2020թ. հունվար-հունիսի համեմատ)` գնաճը կազմել է 5.7%:
Գլխավոր դրամատան վերլուծաբանները նկատում են, որ հայաստանյան շուկայում գրանցվող գնաճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունեն արտաքին աշխարհի զարգացումները: Արտաքին շուկաներում գրանցվող թանկացումները հասնում են նաև Հայաստան: «Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:
Ըստ նրա՝ գնաճային ճնշումներ կան նաև ներքին շուկայում, որոնք կորոնավիրուսից ու պատերազմից հետո վերականգնվող պահանջարկի հետևանքն են: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Համաշխարհային տնտեսությունում կորոնավիրուսի առաջացրած անորոշությունները դեռևս ամբողջությամբ չեն չեզոքացել: Եվ հայտնի չէ, թե գնաճային միտումները որքան ժամանակ կպահպանվեն:
Այս ամենը հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր (օգոստոսի 3), որոշել է 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7%: Այս միջամտությունը պայմանավորված է հենց գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն այս գործիքով փորձում է ազդել գնաճային սպասումների վրա։
Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում գնաճային ռիսկեր են գրանցվում: Ենթադրվում է, որ տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը: Եվ սպառման թուլացումը կնպաստի գնաճի թուլացմանը: Սակայն, այս գործիքը միանգամից չի ազդում, դրա համար մի քանի ամիս ժամանակ է պահանջվում:
«Տոկոսադրույքի բարձրացումը գների վրա կարող է ազդել որոշակի ժամանակահատված անց միայն: Այդ ժամանակահատվածը կարող է անգամ երկու եռամսյակից ավել տևել: Մեր այսօրվա գործողությունները միտված են գնաճային սպասումները խարսխելուն»,- նշեց ԿԲ նախագահը:
Նա հիշեցրեց, որ ԿԲ-ն տոկոսադրույքը սկսել է բարձրացնել դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Հայաստանում գնաճը 1.4% էր, սակայն արդեն իսկ կանխատեսումներ կային, որ գնաճն արագանալու է: Տոկոսադրույքի բարձրացումը միտված էր գնաճային սպասումները զսպելուն:
Այս տարի Կենտրոնական բանկը արդեն չորրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Մեկնաբանել