HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը Տաթև համայնքում արձանագրել է հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Տաթև համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից 2009-2020 թթ․անտեսվել են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սակարկություններին մասնակցելու արգելքները, և նա, հանդիսանալով սակարկությունների կազմակերպիչ և  աճուրդավար, իր ենթակայությամբ աշխատողներին, իր հետ մերձավոր  ազգակցական կապ ունեցող անձանց մասնակից է դարձրել աճուրդներին և ճանաչել հաղթող։

Մի քանի այլ դեպքերով համայնքի ղեկավարն ապօրինի կերպով հողամասեր է տվել  վարձակալության և ենթավարձակալության, ուղիղ վաճառքով օտարում է կատարել, կազմակերպել հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման ձևական մրցույթներ ու աճուրդներ՝ դրանց մասնակից դարձնելով  իր խորհրդականին ու օգնականին, իր ենթակայությամբ աշխատող Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին, իր աշխատակազմի առաջին կարգի մասնագետի եղբորը, իր հետ ազգակցական կապ ունեցող անձանց՝ որդիներին, որդու կնոջը։

Համայնքի ղեկավար Մ․ Սիմոնյանի կողմից բազմաթիվ դեպքերով անտեսվել է նաև Հողային օրենսգրքի՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահանջը, և մի քանի հողամասեր վարձակալության և ենթավարձակալության են տրամադրվել տարբեր կազմակերպությունների։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության հողամասերն առանց դրանց նպատակային նշանակությունը փոխելու 25 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրել է «Ղ-Տելեկոմ», «Արմենթել» ՓԲ ընկերություններին՝ բջջային հիմնական կայան տեղադրելու համար՝ դրանով էական վնաս պատճառելով համայնքի շահերին։

Բացի այդ՝ Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից և հաշվի չառնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թ. հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերը, հողամասի մրցույթում հաղթող ճանաչելու որոշում է կայացրել և այդ որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչել Տաթև համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի հորը։

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, Հողային օրենսգրքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի պահանջները չկատարելու բազմաթիվ խախտումները ՏՄ-ն առավել մանրամասն կներկայացնի առանձին հրապարակումներով։

Ելնելով վերոնշյալից՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված ավելի քան 46 խախտումների դրվագներին ու ենթադրվագներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքով դիմել է գլխավոր դատախազություն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter