HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ». կաթնամթերքի շուկայում կիրականացվեն ստուգումներ 40-ից ավելի արտադրողի մոտ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած տարեկան ստուգումների ծրագրում այս տարի ներգրավված է 969 տնտեսվարող։ Իրականցվում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։

Երրորդ եռամսյակի ընթացքում ՍԱՏՄ-ն պլանավորել է իրականացնել կաթնամթերքի շուկայի վերահսկողություն, և 40-ից ավելի արտադրողի մոտ առաջիկայում ստուգումներ կանցկացվեն։ Դրանք լինելու են ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր արտադրողներ։ Մի մասի մոտ էլ հենց այս պահին են ընթանում ստուգումներ.

«Խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Կան խախտումներ, որոնցով պայմանավորված՝ մենք ստիպված ենք լինում արտադրական գործընթացի կասեցումներ իրականացնել,- ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության վարչության պետ Վահե Դանիելյանը,- դրանք սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանությամբ պայմանավորված կասեցումներն են»,- ասաց նա՝ նշելով, որ վտանգավոր սննդամթերքի թողարկում դեռևս չեն արձանագրել։

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները հիմնականում վերաբերում են արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակին, ախտահանման աշխատանքների թերի իրականացմանը, սանհանգույցների բացակայությանը և այլն, և դրանք առնչվում են սննդամթերքի արտադրման տարբեր փուլերին՝ սկսած հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի թողարկում։

Այս պահին, ըստ Վ. Դանիելյանի, կասեցված է կաթնամթերք արտադրող մեկ ընկերության գործունեություն, որը դեռևս չի կատարել ՍԱՏՄ-ի տված հանձնարարականներն ու չի իրականացրել շտկումները։ Թե որ ընկերության մասին է խոսքը, Դանիելյանը չմանրամասնեց։

Ընդհանուր առմամբ՝ այս ստուգումների ժամանակ կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու ընկերության գործունեություն, որոնցից մեկը՝ «Բանդիվան կաթ»-ի պանրի արտադրամասն էր. ՍԱՏՄ փոխանցմամբ՝ ընկերությունը վերացրել է խախտումներն ու վերադարձել արտադրական բնականոն գործընթացին։

Կասեցումներին զուգահեռ տնտեսվարողները նաև ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ վճարելով տարբեր չափի տուգանքներ՝ կախված խախտման տեսակից։

Վահե Դանիելյանը, սակայն նշեց, որ զերծ են մնալու կտրուկ քայլեր ձեռնարկելուց, որոնք որ շատ դեպքերում իրենցից պահանջում են, քանի որ դա կարող է բերել «տնտեսական կոլապսի».

«Մենք փուլային ենք իրականացնում այդ հարցերի լուծումը, բայց միաժամանակ այն կետը, որը մեզ համար առավել ռիսկային է, և մարդու կյանքի և առողջության վտանգի հետ է կապված, դա միանշանակ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և դա չենք կարող հաշվի չառնել, և վերահսկողությունը դրա համար իրականացնում ենք թիրախավորված»,- ասաց նա։

Այս տարի իրականացվել է նաև մոտ 50 ոչ պլանային ստուգում, որոնց մի մասը հիմնված է եղել քաղաքացիների դիմում-բողոքների վրա. դրանք կապված են եղել թե’ իրացման ցանցի (մակնշում, պահման պայմաններ և այլն), թե՛ արտադրողների հետ։ Ըստ Դանիելյանի՝ քաղաքացիները միշտ չէ, որ տիրապետում են խախտումների բնույթին և ծագմանը.

«Մեր քաղաքացիները շատ դեպքերում գնումներ իրականացնելուց հաշվի չեն առնում, որ այդ արտադրանքը արդյոք պահվում է իր համար նախատեսված պայմաններում, թե ոչ։ Դա կլինի՝ ձու, թթվասեր, թե մեկ այլ ապրանք, որը որ նախատեսված է որոշակի ջերմային ռեժիմներում պահվելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ հետադարձ կապը շատ կարևոր է, քանի որ իրենց լիազորությունների շրջանակներում բոլոր ընկերություններում չէ, որ կարող են պետական վերահսկողություն իրականացնել, իսկ քաղաքացիների ահազանգն իրենց ստուգման հիմք է տալիս։

Վահե Դանիելյանն անդրադարձավ նաև արտադրամասերում և առհասարակ Հայաստանում սննդամթերքի ոլորտի մասնագետների պակասին՝ նշելով, որ այդ բացը լրացնելու համար պետք է փորձեն աշխատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

«Այսօր ոչ միայն սննդի արտադրության ոլորտում, այլ նաև շատ այլ ոլորտներում մենք ունենք աշխատողների պակաս, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտի աշխատակիցների համար այդ հարցն էլ ավելի սուր է, քանի որ նրանք պետք է ունենան բավարար գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սննդամթերքի արտադրությունում աշխատելու համար»,- ասաց Վ. Դանիելյանը։

Արտադրողները, նրա խոսքով, փորձում են այդ բացը լրացնել իրենց աշխատակիցներին վերապատրաստման ուղարկելու միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter