HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են Լոռու մարզի քիմիական աղտոտվածության նմուշառման աշխատանքները

Ավարտվել են Լոռու մարզի՝ հանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ գտնվող և քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքներում հետազոտությունների իրականացման համար նախատեսված նմուշառման աշխատանքները: Ընդհանուր առմամբ հավաքվել է 136 նմուշ, որոնք ներառում էին սենյակային փոշու, հողի, գետային նստվածքների, կաթնամթերքի և կենսանյութերի (մարդու մեզի և մազերի) նմուշներ: Հետազոտություններն անցկացվել են հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը Լոռու մարզի Ալավերդի, Հաղպատ, Սանահին, Աքորի, Շնող, Թեղուտ, Ախթալա, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Արմանիս և Մղարթ բնակավայրերում, որոնք գտնվում են հանքարդյունաբերական «Սագամար», «Թեղուտ» և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ների ազդեցության տակ:

Բոլոր նմուշներն ուղարկվել են Չեխիայի Առողջապահության ինստիտուտի՝ Ուստի նադ Լաբեյում գտնվող հավաստագրված լաբորատորիա: Առաջին հերթին կուսումնասիրվի նմուշներում հանքարդյունաբերական գործունեությանը բնորոշ տարրերի` մկնդեղի, կադմիումի, պղնձի, ցինկի և կապարի պարունակությունը: «Մենք աշխատում ենք այս տարածաշրջանում արդեն մի քանի տարի, և յուրաքանչյուր ուսումնասիրություն լրացնում է նախորդները, որպեսզի հնարավորինս շատ տվյալներ ստանանք առավել խոցելի տարածքներում աղտոտման տարածվածության վերաբերյալ՝ դրանով իսկ բարձրացնելով բնակչության իրազեկվածությունը առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին», - ասաց չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն: Նա գոհունակություն հայտնեց փորձանմուշների հավաքագրման աշխատանքներում տեղի բնակչության ակտիվ մասնակցության կապակցությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ուսումնասիրության աշխարհագրությունն ընդլայնվել է: Արմանիս, Մղարթ, Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչներն առաջին անգամ մասնակցեցին կենսանմուշների հավաքագրմանը: «Լցակույտերի փոշին գալիս է մեր ուղղությամբ, և մենք զգում ենք անտանելի հոտ, հատկապես ուժեղ քամու դեպքում», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արմանիսի բնակիչը: Նա հավելեց, որ իրեն անընդհատ անհանգստացնում է շնչառության հետ կապված խնդիրը, սակայն բժշկական հետազոտությունները ոչինչ չեն բացահայտել, և այժմ նա հույս ունի, որ Չեխիայի թիմի հետազոտությունը կօգնի գտնել իր հարցերի պատասխանները: Նմուշառմանը մասնակցող Շնող գյուղի բնակիչներից մեկն արդեն մի քանի տարի փորձում է ուշադրություն հրավիրել աղտոտված տարածքներում ապրող մարդկանց առողջական խնդիրների վրա: Նա ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ուժեղ դեղամիջոցներ է ընդունում: «Իմ հողամասը գտնվում է Դեբեդ գետի ափին: Ընտանի կենդանիները խմել են գետի ջուրը, հիվանդացել և մահացել: Ծառերը չորանում են: Ստամոքսի ցավեր ունեմ, ճնշման հետ կապված խնդիրներ: Իհարկե, մենք այս ամենը կապում ենք հանքարդյունաբերության հետ», - ասաց նա:

Նա մեկն է այն 70 հայցվորներից, ով դիմել է դատարան «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» դեմ հայցերով՝ իր առողջությանը և տնտեսությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Ըստ տուժած բնակչի՝ հետազոտությունների արդյունքները արդարության և իրավունքների վերականգնման համար իրենց պայքարի հիմնական ապացուցողական հիմքն է:

«Վերջին տարիներին կատարված հետազոտությունները գնալով ավելի են գրավում հանրության հետաքրքրությունը: Քանի որ Հայաստանում չկան մարդու առողջության վրա հանքարդյունաբերության և աղտոտվածության ազդեցությունը գնահատելու պետական ​​մեխանիզմներ, հետազոտությունների արդյունքներն իրավունքների պաշտպանության գործում միակ ապացույցն են ինչպես պետական ​​հիմնարկներում, այնպես էլ՝ դատարաններում: Բացի այդ, հետազոտության արդյունքներն ուղղակիորեն փոխազդում են պետական ​​քաղաքականության վրա, աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա աղտոտվածության ազդեցության գնահատման մեխանիզմների ներդրման ուղղությամբ», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ-ի (CCMS) նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Դաշտային աշխատանքներին հետևել են նաև Լոռու մարզ այցելած Չեխիայի Հանրապետության հյուպատոս Անի Շագինյանովան, Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էլեոնորա Կոպեցկան, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանության վարչական և ֆինանսական բաժնի ղեկավար Դագմար Պոպյակովան:

 

Քիմիական աղտոտվածության աղբյուր հանդիսացող հանքարդյունաբերական ձեռնարկությունների ենթակառուցվածքների՝ հանքավայրերի, պոչամբարների, լցակույտերի և թափոնների, արտադրամասերի վերաբերյալ գիտական տվյալները կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը: Նախատեսվում են հանդիպումներ տեղի բնակիչների և ՏԻՄ-երի, պատասխանատու պետական ​​մարմինների և հանրության հետ, որոնց ընթացքում մշակվելու է մարդկանց բնապահպանական իրավունքները պաշտպանելու և շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկերը նվազեցնելու քաղաքականություն:

Հետազոտություններն իրականացվում են չեխական «Առնիկա» կազմակերպության  կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և
աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter