
Մամիջանյանն ու Պապոյանը վիճեցին` ով է Աշոտյանին երազում նմանվել, ով` ձեռք սեղմելու համար հերթ կանգնել
8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի այսօրվա` օգոստոսի 5-ի նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի և ՀՀԿ երիտթևի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի միջև:
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունը Պապոյանին հիշեցնում է ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական լինելը: Պապոյանն իր ելույթում ասաց, որ երեխաները երազում են դառնալ, օրինակ, տիեզերագնաց, օդաչու, բժիշկ, շինարար, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության երիտասարդ պատգամավորը (նկատի ունի Հայկ Մամիջանյանին) երազում է մեծանալ ու դառնալ Արմեն Աշոտյան:
«Ինչևէ, փոքրիկ Աշոտյանի երազանքը ևս երազանք է, որn իրավունք ունի լինել, ինչպես մնացած պատանիներինը»,-ասաց նա:
Հայկ Մամիջանյանը ելույթով հանդես եկավ` կոչ անելով Գևորգ Պապոյանին անվանական դիմել:
«Ես վստահ եմ` ՀՀԿ կրծքանշանը ու դուխով կեպկան իրար կողք պահել եք, որ երբ ժամանակը գա, հետ ՀՀԿ-ինը հագնեք, որը մենք ձեզ թույլ չենք տա, բայց անվանական դիմեք»,-ասաց նա:
ՀՀԿ երիտթևի նախագահը վստահեցրեց` իր կուսակցությունը հոյակապ կադրային ներուժ ունի, և կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը միանշանակ նրանց թվում է: Մամիջանյանի խոսքով` Գևորգ Պապոյանը տարիներ առաջ ՀՊՏՀ-ում հերթ էր կանգնել, որ սեղմի Արմեն Աշոտյանի ձեռքը:
«Բարի, ես ուզում եմ Արմեն Աշոտյան դառնալ կամ Աշոտ Նավասարդյան կամ Անդրանիկ Մարգարյան կամ Վազգեն Սարգսյան, ՀՀԿ-ում դժվար չէ ընտրել անձի, որի նման փորձես կառուցես քաղաքական կարիերան: Բա Դու՞ք ինչ եք ուզում դառնալ, պարո՛ն Պապոյան, մարդ, որը հանձնել է հայրենիքի 75%-ը, մարդ, ով մուրում է խաղաղություն»,-ասաց Մամիջանյանը:
Ըստ նրա` Պապոյանը ժամանակին երազել է ՀՀԿ-ական պատգամավոր դառնալ, սակայն դա չի ստացվել, քանի որ ՀՀԿ-ում մրցակցությունը բարդ է, բայց հեշտությամբ ստացվել է ՔՊ-ով:
«Դահլիճում, բացի պրոֆեսոր Չարչյանից, այլ բժիշկներ ևս կան, իրենք թույլ չեն տա, որ ստեմ, երազախաբությունը բուժվող հիվանդություն է, պարո՛ն Պապոյան»,-ասաց նա:
Լուսանկարում ձախից՝ Հայկ Մամիջանյանը, աջից՝ Գևորգ Պապոյանը
Մեկնաբանել